Այսօր Պուտինին դիմավորելու, զրույցների, այցելությունների, ճանապարհելու ողջ ընթացքում Հայաստանի տարբեր մակարդակների իշխանությունները` նախագահից մինչև շարքային ոստիկաններ, ինչքան կարող էին ցուցադրեցին իրենց պարտությունն ու ստրկամտությունը: Ոստիկանի ետևում թաքնված այս մարդիկ իրականում այնքան խղճուկ էին, այնքան վախեցած, որ թվում էր՝ խուճապով միջոցներ էին փնտրում. չէ թե Հայաստան երկրի, այլ սեփական խղճուկ անձի փրկության համար՝ ոստիկանական հոխորտանքից սկսած մինչև շողոքորթ հաշվետվությունները... Զզվելի էր: Բայց ինչպե՞ս չտեսաք՝ Պուտինն ինչպես էր խեղճացած: Նույնիսկ հայկական ըմբոստության հնարավորությունը նրան անկյուն էր քշել՝ ահռելի պահակախումբ, ահռելի «կոլցոներ», ահռելի ոստիկանություն, մարտական վիճակի բերված զինվորականություն... Սրանց բոլորի խղճուկ հոխորտանքն ուղղակի գարշելի էր: Եվ ես հստակ տեսնում էի մեր ուժը. մեր ուժը մեր արդարության, արժանապատվության, ազնվության, իրավունքի մեջ է: Ով հավատաց այս խոսքերի իրական արժեքին՝ հարյուրապատիկ ուժեղ է «թիկնապահներով պաշտպանվող ուժից»: Թիկնապահներով պաշտպանվում են անկարող, ապիկար, ստոր մարդիկ: Ովքեր կարող են խոսել միայն եռակի պաշտպանվող սրահներով, բայց սարսափում են հրապարակից, սարսափում են բաց տարածքից, բաց մուտքից, բաց շփումից, բաց քննարկումից: Մենք ուժեղ ենք, և մեր ուժը մեր բաց, ազնիվ, հրապարակային արդարությունն է: Ես հույսի մասին չեմ ասում, ես բացարձակ տեսնում եմ այդ ուժը: Տեսնում եմ նաև, թե սրանք ինչպե՜ս են վախենում արդարությունից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/265268790292071?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել