Epress.am-ը գրում է.
Այսօր ՀՀ նախագահի նստավայրում Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի առանձնազրույցից հետո երկու երկրների միջև ստորագրվել են մի շարք համաձայնագրեր, որոնց թվում Հայաստանի և Ռուսաստանի կառավարության միջև՝ Հայաստան բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ գազի 1000 խմ Ռուսաստանը Հայաստանին կմատակարարի 189 դոլարով, երբ Հայաստանը անդամակցի Մաքսային միությանը: Պուտինի խոսքով՝ որպես ՀԱՊԿ անդամ-երկիր Հայաստանին զենքը նույնպես վաճառվելու է Ռուսաստանի ներքին գներով:
Նշենք, որ գազի գինը թանկացել էր 2013-ի հուլիսից՝ 180 դոլարից հասնելով 270 դոլարի 1000 խմ-ի համար:
Կողմերը ստորագրել են նաև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագիրը, որով «ՀայՌուսգազարդ» ընկերության 100 տոկոս բաժնեմասն անցնում է ռուսաստանյան «Գազպրոմին»: