Դատելով նրանից, թե ինչ պատվիրակությունով է ժամանել Պուտինը, և նրանից, թե ինչ է նա ասել համաժողովում իր ելույթի ժամանակ, Հայաստանում մի շարք կարևորագույն փաստաթղթեր են ստորագրվելու և պայմանավորվածություններ են ձեռք բերվելու:
Կարելի է մեծ վստահությամբ ասել, որ ստորագրվելու են տնտեսական ու ռազմական համագործակցության մասին փաստաթղթեր, ինչպես նաև էներգետիկ ոլորտի վերաբերյալ պայմանավորվածություններ են լինելու:
Կարծում եմ` առանցքային է նաև Պուտինի այն հայտարարությունը, որտեղ նա շեշտել է, որ Ռուսաստանը ոչ միայն չի պատրաստվում հեռանալ Հարավային Կովկասից, այլև էլ ավելի է ամրապնդելու իր դիրքերը մեր տարածաշրջանում:
Ընդհանուր առմամբ, վերլուծելով նրա ելույթը, կարելի է մեծ հավանականությամբ պնդել, որ առաջիկա ամիսների ընթացքում ՀՀ-ն կստանա մի շարք «բոնուսներ»՝ Մաքսային միությանն անդամակցելու դիմաց. գազի գնի էժանացում, սպառազինություն ու տեխնիկա, եղած սպառազինության ու տեխնիկայի արդիականացում, էներգետիկ ոլորտում շոշափելի ներդրումներ, առհասարակ ներդրումներ:
Փոխարենը, Ռուսաստանը, անկասկած, կպահանջի ու հետամուտ կլինի, որպեսզի Հայաստանն այս անգամ էլ չշեղվի դեպի Արևմուտք ու, պահպանելով հավատարմությունը, մտնի ՄՄ, իսկ հետագայում նաև` Եվրասիական միություն:



