Ակնհայտ է, որ ինչպես ԵՄ-ն, այնպես էլ հայաստանյան իշխանությունները ապագա համագործակցության հեռանկարները նկարագրելիս այժմ այլևս չեն խոսում դրա համատեքստում ՀՀ տնտեսական զարգացման փայլուն ապագայի մասին. խոսվում է դատական համակարգի բարեփոխումների և, առհասարակ, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ակնկալվող առաջընթացի, կառավարման համակարգի գործունեության բարելավման և այլ՝ նմանօրինակ գեղեցիկ փաթեթավորում ունեցող, սակայն մեր պայմանների համար միանգամայն որպես ծաղր հնչող բաների մասին: Եվրակառույցների կողմից ՀՀ համապետական ընտրությունների կեղծմանը ցուցաբերած բացառիկ և անվարան աջակցությունն անհնար է դարձնում վերոհիշյալ համատեղ հայտարարության իրականացման որևէ հեռանկար: Այն տպավորությունն է ստեղծվում, որ ԵՄ-ն մի կողմից արեց հնարավոր ու անհնարին ամեն ինչ, որպեսզի Հայաստանը մնա Ռուսաստանի ռազմաքաղաքական ձայնազուրկ կցորդը, իսկ մյուս կողմից փորձում է կատարվածի մեղքը բարդել Ռուսաստանի վրա: Մենք ականատեսն ենք այն բացառիկ դեպքի, երբ ՀՀ եվրաասոցացման համաձայնագրի նախաստորագրման տապալումը բխում է և՛ Ռուսաստանի, և՛ Եվրամիության, և՛ ՀՀ գործող իշխանության շահերից:
ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարությունում տեղ գտած հռչակումները անիրագործելի են Հայաստանում առկա իրողությունների պայմաններում: ԵՄ-ն այդ իրողությունների ձևավորման ակտիվ ու շահագրգիռ մասնակիցն է և դրանց նախագծման համահեղինակը:
Եվրամիության պահվածքը կապված է մոտ ապագայում Ռուսաստանին վերապահված դերակատարման հետ: Խնդիրը ոչ այնքան Ռուսաստանին հակադրվելն է, որքան՝ մի կողմից այդ երկրի հետ չնույնականանալը, իսկ մյուս կողմից՝ վերջինիս կոնֆլիկտային պոտենցիալի` դեպի արևելք վերաուղղորդելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել