«…Գտնում եմ, որ ձախողված երկրի ներկայացուցիչը բարոյական իրավունք չունի ղեկավարել ԱլԳ քաղհասարակության կառույցը»,– այս հիմնավորմամբ հրաժարական է տվել Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը։
Բորիսի մեղքն ամենաքիչն է, որ Հայաստանի իշխանությունը հրաժարվել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելուց։ Հայաստանի տիպի ավտորիտար երկրներում՝ հասարակության կամ նրա ակտիվ խմբերի կարծիքն՝ իշխանության համար գրոշի արժեք չունի։
Բայց և այնպես՝ հասարակական ճանաչում և կարգավիճակ ունեցող ցանկացած մարդ որոշակի պատասխանատվություն պետք է կրի իր գործունեության համար։ Ահա, թե որն է Նավասարդյանի հայտարարության մոտիվը։
Պատասխանատվության սկզբունքը գործում է հատկապես այն մարդկանց պարագայում, ովքեր աշխատավարձ են ստանում հարկատուներիս հաշվին։
Օրինակ, վարչապետ Տիգրան Սարգսյանն ամիսներ շարունակ հիմնավորում էր, թե ինչո՞ւ Հայաստանը չի կարող Մաքսային միության անդամ լինել, բայց նոր իրավիճակում՝ հրաժարականի մասին չի էլ մտածում։
Նույնը վերաբերում է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանին։
Տիգրան Սարգսյանի կաբինետն էլ պետք է հրաժարական տված լիներ, որովհետև չի ապահովել նախագահի պահանջած յոթ տոկոսանոց աճը, բայց շարունակում է «հերոսաբար» աշխատել, որովհետև մեր վարչապետի ու նրա ենթակաների համար՝ կարևոր են՝ ոչ թե հաշվետվողակնության, քաղաքական պատասխանատվության սկզբունքները, այլ բացառապես՝ Բաղրամյան 26–ում նստածի կամքն ու ցանկությունը։



