Xosqi ujy

 Ամեն բան, որ դրսից մարդու մեջ է մտնում, չի կարող նրան պղծել, որովհետեւ ոչ թե նրա սիրտն է մտնում, այլ՝ որովայնը եւ դուրս է ելնում ու մաքրում բոլոր կերածները»: Մարկ. 7;18-19
«Ինչ որ մարդուց դուրս է գալիս, ա՛յն է, որ պղծում է մարդուն, որովհետեւ ներսից, մարդկանց սրտից են ելնում չար խորհուրդները՝ շնություն, պոռնկություն, գողություն, սպանություն, ագահություն, չարություն, նենգություն, գիջություն, չար նախանձ, հայհոյանք, ամբարտավանություն, անզգամություն: Այս բոլոր չարիքները ներսից են ելնում եւ պղծում մարդուն»: Մարկ.7;20-23
Մարդիկ լինելով բանական էակներ, միմյանց հետ շփվում, հասկանում, ընկալում, արտահայտվում են խոսքերով: Ամեն ազգ եւ ժողովուրդ ունի իրեն բնակավայրին եւ աշխարհագրական դիրքին հատուկ մրգերն ու բուսականությունը, կերակրատեսակները, եւ չկա սահմանափակում կերակրի մեջ, կարելի եւ անկարելի, այս է պատճառը, որ մեր Փրկիչը ի լուր մարդկությանը հայտարարում է. «Այն ինչ, որ բերանն է մտնում, այն չի պղծում մարդուն, այլ ինչ դուրս է ելնում նրանից»: Մարդը լինելով բանական եակ, իր նմանի հետ շփվում է խոսքով եւ ինչքան շիտակ է խոսքը, այնքան մաքուր է մարդը եւ ինչքան ծուռ ու նենգությամբ լեցուն է, այնքան վնասում եւ կորստյան է մատնում մարդկային հոգին:
Տեր Աստված ասաց. – թող լույս լինի, եւ եղավ լույսը…. Արդեն Աստվածաշնչի արարման պատմությունից տեսնում ենք, որ Արարիչն Աստված խոսքով ստեղծեց աշխարհը եւ միայն մարդուն Իր պատկերով ու նմանությամբ ստեղծեց եւ ատվածակերպարան մարդուն տվեց խոսելու շնորհը եւ արդեն Ավետարանում Հովհաննես ավետարանիչը բարձրաձայնում է. «Սկզբից էր Բանը, եւ Բանը Աստծու մօտ էր, եւ Բանը Աստուած էր» Հովհ. 1;1: Այսինքն` Աստված խոսքով ստեղծեց աշխարհը, խոսքը տվեց մարդուն եւ վերջում Աստծո խոսքը մարմին առավ Քրիստոսով:
Խոսքը ինքնին մեծ ուժ, զորություն եւ ազդեցություն ունի մարդկային կյանքի, պատմության եւ զարգացման մեջ: Այս է պատճառը, երբ մարդիկ միմյանց բարի խոսքեր են ասում, ուրախանում են, իսկ երբ վատ բաներ են խոսում` տխրում են, սա պատճառ է այն բանի, որ մարդ գոնե ենթագիտակցորեն հասկանում է խոսքի ուժը: Մարկոս ավետարանչի կողմից 7;20-23 համարներում Քրիստոս ներկայացնում մարդու բերանից դուս ելած այն խոսքերի շարանը, որը սրբապիղծ է դարձնում նրան եւ բոլորովին պատահական չէ, որ Տերն ասում է. «Ձեր յուրաքանչյուր խոսքի եւ գործի համար պատասխան պիտի տաք դատաստանի օրը»:
Ասում են մի ճգնավոր իր քարոզում մարդկանց սովորեցնում է սրտից բխած բարի եւ ճշմարիտ խոսքեր արտահայտել, մատնանշելով դրա զորությունը եւ բարերար ազդեցությունը մարդկային կյանքի վրա եւ հանկարծ ժողովրդի բազմությունից մի մարդ ասում է. «Դու հիմարություններ ես դուրս տալիս, այսպիսի բան չկա», եւ ճգնավոր հայրը, կոպիտ խոսքերով կշտամբում է նրան, մարդը լսելով իր հասցեին կշտամբանքը չարությամբ է լցվում եւ բացատրություն պահանջում: Ճգնավորը մեղմում է ձայնը եւ ասում. «Ների՛ր ինձ խնդրեմ, ես անազնիվ գտնվեցի», մարդը լսելով խաղաղվեց. եւ ճգնավորը ասաց. «Ահա քո հարցի պատասխանը», իսկ Սողոմոն իմաստունն ասում է. «Շատերն են ընկել սրի հարվածից, բայց բյուրավոր են նրանք, որ ընկել են խոսքի հարվածից»:
Մենք ինչքան մարդիկ գիտենք, որ չգնահատելով խոսքի արժեքը, ընկած են սրբապղծության մեղքի խավարի մեջ, եւ իրեն մեջ բորբոքված չարությունը դուրս են թափում իրենց խոսքերի միջոցով եւ երբ հանդիմանում ես, իսկույն ասում են.«Ինչ անեմ, որ ասում եմ, հանգստանում եմ»: ինչպիսի ինքնախաբեություն, մարդ իր իսկ խոսքերով սպանում է հոգին, ատելի դառնում Արարչի համար եւ ինքնախաբեության եւ ինքնակործանման մեջ ընկած իրեն մխիթարում, թե. «հանգստանում եմ»:
Ալեկոծ աշխարհը արդեն հավատից հեռացած մարդու միտքը հենց այսպիսի մեղքերով է ծանրաբեռնում, որպեսզի մարդ արարած ժամանակ չունենա մտածելու իր հոգու փրկության, Աստծո գոյության մասին եւ գնում է. «Ինչպես դեպի ծուղակը թռչող թռչունը, ինչպես արջառը` սպանդանոց» Առակ.: Ասում են մի ճգնավոր, որ զանազան շնորհներով էր լցված գիտեր բոլոր հարցերի պատասխանը, որ ուղղում էին իրեն, եւ մի անգամ իր աշակերտը մի թիթեռ է բռնում եւ ափի մեջ պահելով ասում է.«Վարդապե՛տ, ասա ինձ, ի մեձքի միջի թիթեռը սատկած է, թե կենդանի», ճգնավորը չնայելով աշակերտի կողմը ասում է. «Ամեն ինչ քո ձեռքերում է»: Ով մարդ արարած, Քրիստոս Աստված հեղեց Իր Փրկարար Արյունը քո փրկության համար եւ որպես փարոս` Ավետարանը եւ օրինակ ` սուրբ հայրերին, հիմա քո փրկությունը թո ձեռքերում է: Վաղը ուշ կլինի, հիմա է պահը, այլապես վաղը ուշ կլինի եւ անապաշխար, մեղքերի մեջ կմեռնես դատաստանի համար, քանզի մեր Տերն իսկ ասաց. «Եթե չհավատաք որ Ես Եմ, ձեր մեղքերի մեջ կմեռնեք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել