Newsbook.am-ը գրում է.

Այսօր «Հայաստանի Ձայնը 2» հեռուստանախագծի 1-ին «Նոկաուտ» փուլն էր, որտեղ Հայկոյի և Շուշան Պետրոսյանի թիմի 6-ական մասնակիցներից մնալու էին յուրաքանչյուրի թիմում 3-ը: Հայկոյի թիմից մրցում էին նախագծի ֆավորիտներից Նարե Գրիգորյանը և Արմեն Հովհաննիսյանը: Արմենը երգեց Մայքլ Բուբլասի Eeeling good երգը, իսկ Նարե Գրիգորյանը կատարեց Քրիստինա Ագիլերայի Bound to you երգը: Ժուրիի անդամներից Քրիստինե Պեպելյանը և Շուշան Պետրոսյանը հավանել էին երկուսի կատարումները և իրենց նախապատվությունը տվեցին երկու մասնակիցներին: Իսկ դերասան Միքայել Պողոսյանն էլ, նկատի ունենալով Արմեն Պետրոսյանի էմոցիոնալ կատարումը, հայտնեց, որ վստահությունը բեմի վրա լավ բան է, բայց երբ հայտնվում են ինքնավստահության էլեմենտներ, արդեն լավ չէ: Հայկոն մինչ ընտրություն կատարելը անդրադարձավ իր գործընկերոջ հայտարարությանը՝ ասելով, որ Արմենի ելույթը ոչ թե ինքնավստահության դրսևորում էր, այլ՝ արտիստիզմ: Ելույթից հետո դահլիճի մեծամասնությունը վանկարկում էր «Նարե, Նարե», ու միևնույն ժամանակ նկատվում էր Արմենի հուզմունքը, որը Հայկոյի որոշումից հետո կրկնապատկվեց: «Սա «Հայաստանի ձայնը» մրցույթն է, շատ դժվար պահ է ինձ համար: Ես ուզում եմ իմ թիմում մնա և ինձ հետ շարունակի Հայաստանի ձայնը, և ես ընտրում եմ Արմենին»,- ասաց Հայկոն՝ այդպիսով նախագծից դուրս թողնելով Նարե Գրիգորյանին: Իսկ Նարեն, բարի ժպիտը դեմքին, շնորհակալություն հայտնեց ժուրիի բոլոր անդամներին և ասաց, որ կյանքում ինչ սկիզբ ունի, նաև վերջ ունի:  «Ինձ համար մեծ հաղթանակ է, որ ես եկել-հասել եմ այստեղ, որ այս բեմում եմ կանգնած իմ ուժերով, թույլ տվեք անհամեստություն անեմ»,- իր խոսքը եզրափակեց Նարեն:  Նարեի և Արմենի կատարումներն առաջարկում ենք դիտել ստորև.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել