Իմ եւ շատերի համար ի սկզբանե էլ (2008-2009-ից, երբ գործարկվեց Արեւելյան գործընկերությունը) պարզ էր, որ Արեւելյան գործընկերության միջոցով Հայաստանը ԵՄ չի մտնելու. ոչ մեզ սպասում էին այնտեղ, ոչ այս ընթացքում մեր անվտանգության խնդիրներին տրվելու էին մեր շահերից բխող լուծումներ: Վերջին հաշվով՝ ռուսական ռազմաբազաներով ոչ մեկ մեզ Եվրոպայում չի սպասելու երբեք: Հետեւաբար, միակ բանը, որ ակնկալում էինք Արեւելյան գործընկերությունից ու դրա շարունակություից՝ Ասոցացման ու Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրերի կյանքի կոչումից, դա իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետության կայացման ուղու վրա կանգնելն էր, որով անցել ու անցնում են եվրոպական հին ու նոր պետությունները: Դրան էլ գումարած՝ տնտեսական հարաբերությունների աշխուժացումը ազատ առեւտրի գոտու ստեղծման, մարդկանց, կապիտալի տեղաշարժման ազատություն ապահովելու միջոցով: Ահա գոնե իմ ակնկալիքը եվրաինտեգրման հերթական հանգրվանից: Դժվար թե, Ռուսաստանն էլ չիմանար, որ անվտանգության ներկայիս խնդիրներով ու իրողություններով Հայաստանը դրանից ավելին չի կարող անցնել ու «դավաճանել» իրեն: Եւ ես իսկապես սպասում էի, որ այս ամենը ռեալ է, մինիմալն է, հատկապես, երբ նախկինում Ռուսաստանը հրաժարվում էր մեր երկրին տնտեսական բավարար եւ անշահախնդիր օգնություն ցույց տալուց եւ Հայաստանը ստիպված էր դա փնտրել ԵՄ-ի ու այլոց հետ հարաբերությունների դաշտում: Իսկ Հայաստանի եվրաինտեգրման խոչընդոտումը Ռուսաստանի կողմից հետեւյալ ուղերձն ունի. դա էլ չենք թույլատրում, Հայաստանը չպետք է իրավական, ժողովրդավարական երկիր լինի, չպետք է կուշտ երկիր լինի, ոչ Կրեմլը բավարար փող կտա, ոչ էլ կթողնենք, որ ուրիշ տեղից ստանաք: 
Ահա, թե ինչին եմ դեմ՝ մի կողմ թողնելով Մաքսային միություն կոչվող ֆարսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել