Ի՞նչ եմ մտածում Հայաստանի ներկա վիճակի մասին:
Այսօր հայ ազգը կիսվել է 2 կամ ավելի մասերի. մի մասն ուզում է Մաքսային միությունում լինել, մյուս մասը Եվրոպային միանալ, մի այլ մաս ամերիկամետ է, մի մասը ազգային արժեքներ է ուզում առաջ տանել և այլն... բոլորը ձգտում են ինչ-որ բանի, որը իրենց կարծիքով լավն է, շրջապատին էլ փորձում են համոզել ու իրենց կամքը թելադրել, սակայն ոչ ոք մինչև վերջ չի կարողանում խորանալ, մանրանալ ու բոլոր հարցերին սպառիչ պատասխան տալ, երբ այս բոլոր թեմաներից տարբեր հարցեր ես ուղղում: Բողոքում են Շամշյանից ու վատ լրատվությունից, սակայն ամենաշատ այցելվող կայքերը հենց դրանք են, բողոքում են սերիալներից, սակայն հեռուստատեսությունները ողողված են հենց ցածրորակ սերիալներով, խոսում ու բողոքում են շրջապատում ամեն ինչից, սակայն չեն խոսում լավ բաներից, չեն ուզում օրինակ ծառայեն ու լավը սովորացնեն: Այնպես չէ, որ չկան լավ բաներ, կան, սակայն քիչ են, լավ բաներից խոսել ու քննարկումներ պետք է ավելի շատ լինեն: Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահն է, ու պատահական չի, որ այդ դիրքում է, դեռ չեմ եղել այդ դիրքում, որ իր անելիքներից խոսեմ, սակայն մի քանի բան կարող եմ ասել. նախ սկսեմ այնտեղից, որ նախագահի աշխատանքը դժվար աշխատանք է, եթե նա հասել է այդտեղ, ուրեմն ինչ-որ բան այնպես է արել, որ ոչ ոք այդպես չի անում, այլապես կունենայինք միաժամանակ գոնե 2 նախագահ: Սպորտում, եթե պարտվող կողմը միշտ բողոքի, ու չաշխատի իր վրա, չուժեղացնի իր մտավոր և ֆիզիկական հնարավորությունները, ապա երբեք չի էլ հաղթի, եթե պարտվում ես ինչ-որ հարցում, ուրեմն պետք է հենց այդ ուղղությամբ աշխատես ուժեղանաս, հզորանաս, որ հաղթես մյուս մրցման ժամանակ: Երբ հոսող ջուրը հանդիպում է խոչնդոտի, ապա հավաքվում է, փքվում է, ուժեղանում է և անցնում է այդ արգելքի վրայով: 
Եթե մենք չենք կողմնորոշվում, թե որ կողմ գնանք, բայց ուզում ենք գնանք ինչ-որ տեղ, ապա ինչպես է ստացվում, որ մենք արժեքներ կրող ազգ ենք, Եվրոպան ուր է գնում կամ Ռուսաստանը, որ մենք էլ չգիտենք, թե ում հետևենք, նրանք ստեղծել են իրենց արժեհամակարգերը, որոնք տարբեր մեկնաբանություններով ու վերաբերմունքով հարազատ են ինչ-որ մարդկանց խմբերի:
Ուր էլ որ գնանք, միևնույնն է, մենք ենք գնում, մենք մեզ հետ ենք, մեր արժեհամակարգում ոչինչ չի փոխվի, քանի դեռ մենք չենք ուզում: Պարտադիր ինչ-որ երկիր կամ երկիրների միացություն պետք է մեր երկրին թելադրի մեր անելիքները, որ կողմնորոշվենք, թե ինչ անենք ու ինչպես: Կարող ենք առանց թելադրվելու էլ անել ամեն ինչ, վերցնենք բոլոր երկրներից իրենց լավ կողմերը, մեր ազգին, աշխարհագրական դիրքին համապատասխանեցնենք ու կիրառենք, եթե իհարկե նորություն չենք կարողանում ստեղծել ու այնպես անել, որ Ռուսաստանն ու Եվրոպան չկողմնորոշվեն մեզ միանալու հարցում: 
Լավ ազգ լինելու համար պետք է մարդկային որակները լավը լինեն, պետք է շատ աշխատենք մեզ վրա, պետք է ինֆորմացիան լավը լինի, իսկ եթե վատն է ու միշտ բողոքում ենք վատից, ապա անիմաստ է ինչ-որ բան անել: Միշտ միևնույն բանն անել ու սպասել ուրիշ արդյունքի, տգիտություն է: Լավ բաները պետք է շատացնել կյանքում, դրական էմոցիաներն ավելացնել. բողոքելը ստրուկի անելիք է: Ստեղծագործել, ստեղծել, արարել, այն ամենն, ինչ Աստված է արել ու օրինակով մեզ ցույց է տվել: Մենք ասում ենք ամենահին քրիստոնյա ազգն ենք, սակայն հազվադեպ է հանդիպում հայ քրիստոնյա: Պարադոքսներով ու նեգատիվով լեցուն կառավարման սիստեմի տակ ենք մենք, իսկ դա փոխելու համար պետք է մենք փոխվենք, երբ լավը շատանում է, վատն այնտեղ անելիք չի ունենում, լուռ, անհասցե, անվերադարձ հեռանում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել