Footsport.am-ը գրում է.
Այսօր Երևանի «Դինամո» մարզասրահում մեկնարկեց «ՀՀ վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային մրցաշարը: Չորրորդ անգամ անցկացվող մրցաշարին այս անգամ մասնակցում են Ռուսաստանի, Վրաստանի,.Ուկրաինայի և Հայաստանի երիտասարդական հավաքականները: Մասնակիցներին և հյուրերին ողջույնի խոսքերով դիմեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը, ՀԱՕԿ –ի փոխնախագահ Վահրամ Առաքելյանը, Ռուսաստանի հանդբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վիկտոր Պոլոտենկոն: Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը հաջողություն և ազնիվ մրցակցություն ցանկացավ բոլոր մասնակիցներին: Հայերենով իր ողջույնը հղելով մասնակիցներին, այնուհետև ֆեդերացիայի նախագահն անցավ ռուսերենին, ապա նույնը հնչեցրեց ուկրաիներեն, իսկ վերջում նաև` վրացերեն լեզուներով: Այնուհետև Սարգիս Գրիգորյանը միջազգային մրցաշարը հայտարարեց բացված: Առաջինը մրցասպարեզ մտան Ուկրաինայի և Վրաստանի երիտասարդական հավաքականները: Այդ երկրների օրհներգների հնչեցումից հետո, մեկնարկեց առաջին հանդիպումը: Առաջին իսկ րոպեներից Վրաստանի հավաքականի հանդբոլիստները մրցակցից ավելի արագ գործողությունների ու դիպուկ հարվածների շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ: Աստիճանաբար վրացի երիտասարդները մեծացնում էին հաշվի տարբերությունը: Չնայած ուկրանիացի հանդբոլիստների համառ ջանքերին` առաջին կեսը նրանք տանուլ տվեցին 8 գոլի տարբերությամբ`11-19: Ընդմիջումից հետո խաղի ընդհանուր պատկերը չփոխվեց, և Վրաստանի երտասարդները հաղթեցին 33-28 հաշվով: Այնուհետև մրցասպարեզը տրամադրվեց Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդական հավաքականներին: Խաղահրապարակի տերերն ակնհայտորեն զիջում էին մրցակցին, որոնց շոշափելի առավելությունն էլ արտահայտվեց հաշվում 45-13` Ռուսաստանի հավաքականի օգտին: Առաջին օրվա արդյունքներով առաջատարները Ռուսաստանի և Վրաստանի հավաքականներն են: Գնդակների ավելի լավ տարբերությամբ առաջին հորիզոնականում ռուս հանդբոլիստներն են: Վաղը Ռուսաստանի հավաքականի մրցակիցը ուկրաինացիներն են, իսկ մեր երիտասարդները կհանդիպեն վրացի հանդբոլիստների հետ:
Ներկայացնում ենք footsport.am-ի լուսանկարիչ Վլադիմիր Առաքելյանի պատրաստած լուսանկարների շարքը` մրցաշարի բացման արարողությունից և Վրաստան- Ուկրաինա հանդիպումից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ