1in.am-ը գրում է.

Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև կկնքվի «Բանջարաբուծության և սերմնաբուծության համակարգերի զարգացում» տեխնիկական գործակցության ծրագիր: Այդ ծրագրի նպատակն է հիմքեր ստեղծել տեղական գենետիկական ռեսուրսների վրա հիմնված, սերտիֆիկացված կենսունակ և կայուն սերմնարտադրության զարգացման համար:

Բանջարաբուծության և սերմնարտադրության համակարգերի զարգացումը կկայունացնի ճյուղը` փոքր տնտեսություններին և պրոֆեսիոնալ բանջարաբույծներին ապահովելով բարձրորակ սորտերի սերմերով և սածիլներով: Ծրագիրը կնպաստի Հայաստանում սեփական սերմնարտադրական համակարգի վրա հիմնված բանջարաբուծության կայուն զարգացմանը: Վերջինս զգալիորեն կնպաստի պարենային անվտանգությանը, աշխատատեղերի և եկամտի ավելացմանը:

Գյուղատնտեսությունն ապահովում է Հայաստանի համախառն ներքին արդյունքի 23% և աշխատատեղերի ստեղծում աշխատունակ բնակչության ավելի քան 43%-ի համար: 

Սակայն, եթե համեմատելու լինենք Թուրքիայի հետ, ապա Հայաստանում բանջարեղենի շուկան չափազանց փոքր է (2%): Այդ իսկ պատճառով, հարևան երկրների հետ մրցակցելու մասին մտածելիս, պետք է հաշվի առնել հայկական շուկայի համեմատաբար փոքր լինելու փաստը:

Ներկայումս սերմերի շուկայի 5%-ը ապահովվում է Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի կողմից; 25%-ը չափազանց թույլ վերահսկողության պայմաններում ներկրվող սերմեր են, իսկ 70%-ը բաժին է ընկնում տարերային շուկային և գյուղացիական տնտեսություններում առանց որևէ վերահսկողության նախորդ տարվա բերքից ստացված սեփական արտադրության սերմնացուին: Մեծ է հավանականությունը, որ չվերահսկվող սերմերի միջոցով կարող են տարածվել վիրուսային և այլ հիվանդություններ:

FAO-ն, իր բարձրակարգ մասնագետների և խորհրդատուների միջոցով, տեխնիկական աջակցություն կցուցաբերի կառավարությանը ծրագրի նպատակներն իրականացնելու համար: Հարցը ներառված է կառավարության առաջիկա նիստի օրակարգում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել