1in.am-ը գրում է.
«Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ նախագահ Խաչատուր Մարոզյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով ժողովրդի մեջ հասունացող պայքարի մասին՝ նշեց, որ անհույս պայքար չի լինում, բայց չպիտի մոռանալ, որ մեր թշնամին ոչ թե կառավարությունը կամ Ազգային ժողովն է, այլ անհիմն հարստացած օլիգարխիան. «Նրանց դեմ հատուկենտ ընդվզումները օգուտ են, բայց եթե չլինի համաժողովրդական, մեկ կենտրոնից ղեկավարվող օղակ, չի լինի որևէ էական փոփոխություն»:
Ասուլիսի մյուս բանախոս՝ «Նախախորհրդարանի» անդամ, դիրիժոր Վարդան Հակոբյանն էլ ընդգծեց, որ այսօր պայքարի համար ամենամաքուր դաշտը քաղաքացիականն է, քանի որ ոչ մի կուսակցություն, ոչ մի լիդեր կամ չի ուզում, կամ չի կարող փոփոխություն կատարել. «Անցած 25 տարիների ընթացքում կուսակցությունները որևէ սոցիալական հարց չեն լուծել, դրանք միայն ձայն հավաքելու համար են, որ ակտիվանում են ընտրությունից ընտրություն»:
Նրա դիտարկմամբ՝ մեր հասարակությունը հասկացավ, որ միակ տարբերակը փողոց դուրս գալն է, դրան են գնում նույնիսկ կուսակցությունների մեջ գտնվող ազնիվ մարդիկ, ովքեր հասկացել են՝ կուսակցական ֆորմատով խնդիր չեն լուծի. «Մենք պետք է հասկանանք, որ պարտադիր չէ բլից հաղթանակներ լինեն, միայն հասարակական հետևողականությամբ է հնարավոր հասնել փոփոխությունների»: