Հաջորդ շաբաթ սպասվում է Ռուսաստանի Դաշնության նախագահի այցը Հայաստան, ինչին ընդառաջ, երկու կողմերի տարբեր գերատեսչությունները նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ պատշաճ ձևով կազմակերպելու Վլադիմիր Պուտինի այցը:
Որպես կանոն` գերտերությունների ղեկավարների այցերը ցանկացած երկրի համար շատ կարևոր են, և ընդունող կողմը ձգտում է հնարավորինս լավ ընդունելություն կազմակերպել:
Չնայած այն հանգամանքին, որ մեր երկիր է այցելում աշխարհի ամենաազդեցիկ լիդերներից մեկը՝ ՌԴ նախագահը, այդուհանդերձ, նրա այցը մամուլում ու սոցցանցում լրիվ այլ լույսի ներքո է ներկայացվում. «Պուտինը Հայաստան կատարելիք այցով փորձում է ցույց տալ, որ ՀՀ-ն իր արտաքին քաղաքական ուղեծրում է», «Պուտինը ուղղակի այց է կատարում ռուսական ռազմաբազա», «ՌԴ նախագահն այցելելու է իր կողմից կառավարվող տարածք»…
Մենք՝ հայերս, այդպես էլ չցանկացանք գիտակցել, որ ցանկացած պետություն՝ լինի գերտերություն, թե Հայաստանի պես երկիր, առաջնորդվում է բացառապես սեփական շահերով: Ու այնպես չէ, որ եթե Հայաստանում իշխանության լինեին դաշնակցականները կամ ԲՀԿ-ականները, Պուտինն իր` Հայաստան կատարելիք այցի ընթացքում առաջնորդվելու էր Հայաստանի շահերով:
Վերջապես, մենք պետք է գիտակցենք, որ պետությունները դաշնակցային, ռազմավարական հարաբերություններ են հաստատում` ելնելով իրենց շահերից:
Մասնավորապես, ՌԴ-ն Հայաստանում ռազմակայան ունի ու այն հզորացվում է, սակայն դրա նշանակությունը միայն ՀՀ սահմանների անվտանգության ապահովման խնդիրը չէ, որը կարգավորվում է երկկողմ միջպետական ու ՀԱՊԿ պայմանագրերով: Այնպես չէ, որ այդ ռազմաբազայի առկայությունը բխում է միայն Հայաստանի շահերից. չմոռանանք, որ Հարավային Կովկասում Հայաստանը միակ երկիրն է, որտեղ ռուսական զորքեր են տեղակայված, ինչը ՌԴ-ի համար մեծ նշանակություն ու կարևորություն ունի: Ու եթե ՌԴ-ն մեր տարածաշրջանում ընդգծված շահեր չունենար, երբեք համապատասխան պայմանագրերով Հայաստանի հետ համատեղ անվտանգություն ապահովելու պատասխանատվություն չէր ստանձնի:
Յուրաքանչյուր կողմ փորձում է առավելագույնը ստանալ երկուստեք այցերից ու հանդիպումներից, և այստեղ գլխավորն այն է, թե ինչ ու ինչի դիմաց Հայաստանն այս կամ այն ձեռքբերումը կունենա:



