Դա անշուշտ կլինի Իսրայելի սրտով, որովհետեւ Թել-Ավիվն անթաքույց դեմ է հանդես գալիս Իրանի հետ համաձայնությանը եւ հայտնում, որ պետք չէ մեղմել Թեհրանի հանդեպ վերաբերմունքը: Շատ հավանական է, որ ԱՄՆ Կոնգրեսում գործի է անցել հրեական լոբբին, որն, ինչպես հայտնի է, համարվում է ԱՄՆ քաղաքական շրջանակներում գործող ամենաազդեցիկ լոբբին:
Մյուս կողմից, նաեւ հայտնի տեսակետ կա, որ լոբբին ԱՄՆ-ում աշխատում է մինչեւ այնտեղ, որտեղ ԱՄՆ շահն է: Այդ իմաստով հարցն այն է, թե արդյոք ԱՄՆ շահից է բխում Իրանի հանդեպ պատժամիջոցի կիրառումը, նկատի ունենալով նաեւ ԱՄՆ-Իսրայել դաշնակցային հարաբերությունը:
Իսրայելին հասկանալ կարելի է՝ Իրանում բավական բարձր մակարդակով հնչում են այդ պետությունը ոչնչացնելու կոչեր: Իհարկե, նոր նախագահ Ռոհանիի դեպքում իրավիճակը կարծես թե մի փոքր այլ է, համենայն դեպս նախագահի մակարդակում կարծես թե այդպիսի կոչեր դեռեւս չեն եղել, եւ ավելին՝ Իրանում ընթացիկ տարվա ընթացքում Ռոհանիի ընտրվելուց հետո տեղի չունեցավ ավանդական ամենամյա հակասեմական հավաքը, որի մասնակիցների հրավերները ուղարկվել էին դեռեւս Ահմադինեժադի պաշտոնավարման ժամանակաշրջանից:
Այնպես որ, իրավիճակի փոփոխություն նկատելի է, թեեւ չի բացառվում, որ ընդամենը որպես դիվանագիտական շղարշ: Միեւնույն ժամանակ սակայն, Իսրայելի համար խնդիրը միայն ազգային անվտանգության հարցը չէ, այլ ընդհանրապես սեփական քաղաքական կշռի: Իրան-Արեւմուտք, Իրան-ԱՄՆ հարաբերության նորմալացման պարագայում Թել-Ավիվը կարող է զգալիորեն կորցնել իր քաղաքական դերակատարման, կշռի հարցում:
Պատահական չէ, որ այս օրերին ձեւավորվում է յուրօրինակ եռանկյունի՝ Թուրքիա-Ռուսաստան-Իսրայել: Իսրայելի վարչապետը նոյեմբերի 20-ին այցելել է Ռուսաստան եւ հանդիպում ունեցել Պուտինի հետ, նոյեմբերի 22-ին Ռուսաստան է այցելել Թուրքիայի վարչապետը: Այս հանդիպումների մեջ իրանական թեման միասնական շղթա չի կազմել, բայց դա միայն հայտարարված օրակարգի մասով, իսկ ենթատեքստում անկասկած եղել է Իրանի խնդիրը: Իսրայելն ու Թուրքիան Ռուսաստանին փորձում են համոզել, որպեսզի ընդդիմանա Իրանի հետ Արեւմուտքի հարաբերության նորմալացմանը: Այստեղ եռանկյունու ընդհանուր շահը պարզ է՝ երեքն էլ կորցնում են քաղաքական դերակատարության մասով, եթե ձեւավորվում է Իրան-ԱՄՆ գործակցության առանցք:
Ռուսաստանը համաձայնագրին չընդդիմացավ, չխափանեց Ժնեւը, միգուցե պարտավորված լինելով հատուցել Արեւմուտքին Վիլնյուսը խափանելու Ռուսաստանի ջանքերին լրջորեն չընդդիմանալու համար: Սակայն, Իսրայելի վարչապետն արդեն մի քանի օր է ցած չի իջնում Ռուսաստանի համապետական հեռուստաընկերությունների եթերից: Նրա հետ ծավալուն հարցազրույցներ են անում Ռուսաստանի հեռուստատեսության ակադեմիկներն ու գաղափարական-քարոզչական առաջամարտիկները, որոնք Նաթանյահուին հնարավորություն են տալիս ամենայն մանրամասնությամբ նկարագրել Իրանի հանդեպ պատժամիջոցների մեղմացման վտանգները:
Միգուցե Ռուսաստանը սույնով փորձում է նոր առեւտուր սկսել Արեւմուտքի հետ, իսկ գուցե նաեւ պարզապես սկսում է Ժնեւում կայացած համաձայնագրի իրագործման դեմ Թուրքիա-Իսրայել-Ռուսաստան դաշինքի ձեւավորումը, որին անկասկած կմիանա նաեւ Ադրբեջանը, որը դարձել է ռուս-իսրայելական ռազմական բիզնեսի հարթակ:
Այս պայմաններում շատ ուշագրավ է դառնում Հայաստանի վիճակը: Պետական շահը պահանջում է Իրան-ԱՄՆ հարաբերության կարգավորում, սակայն պետությունը գտնվում է Ռուսաստանի գերազդեցության ներքո, որը կփորձի Հայաստանը ծառայեցնել ռուս-թուրք-իսրայելական դաշինքին՝ համեմված Ադրբեջանով:



