Վիլնյուսում սպասվող գագաթաժողովը Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու և հատկապես Ուկրաինայի՝ գործընթացը դադարեցնելու մասին որոշումներից հետո, լրիվ այլ նշանակություն է ստանում: Վիլնյուսում ԵՄ ասոցացման համաձայնագիր չստորագրելու պայմաններում, մեզ համար առավել ակտուալ է դառնում հետևյալ հարցադրումը. ինչպե՞ս կարձագանքի Եվրոպան առկա իրողություններին, ի՞նչ է սպասվում Հայաստան-ԵՄ հարաբերություններին, քանզի Վիլնյուսը, ի վերջո, որոշակի հանգրվան է ԵՄ-Արևելյան գործընկերության անդամ երկրների հետ հարաբերությունները հստակեցնելու, ամբողջացնելու, ամփոփելու ու համագործակցության հետագա ուղիները նախանշելու առումով:
Հայաստանն ու Ուկրաինան այնպիսի որոշումներ են կայացրել, որի պայմաններում ԵՄ-ն պետք է այս երկրների հետ հարաբերություններում առաջնորդվի այլ սկզբունքներով, հարաբերվի լրիվ այլ հարթության մեջ, գործի՝ այլ տրամաբանության սահմաններում:
Ժամանակակից աշխարհում, քաղաքականության հիմքում «զարգացում» և «անվտանգություն» հասկացություններն են, ընդ որում՝ դրանք միմյանց հետ շաղկապված են, և գործընթացի արդյունավետությունը կապված է այդ երկու բաղադրիչների առկայությամբ:
Եթե ԵՄ ասոցացման համաձայնագրում զարգացման կոմպոնենտը իսկապես ընդգծված էր, ապա անվտանգության մասով իրավիճակը լրիվ այլ էր: Հասկանալի է, որ ոչ ԵՄ-ն և ոչ էլ մեկ այլ երկիր չեն կարող ԼՂ հիմնախնդրի շուտափույթ կարգավորում ապահովել: Ու սա ոչ միայն այն առումով, որ լուծման բանալին իսկապես չի գտնվում ոչ Բրյուսելում, ոչ Մոսկվայում և ոչ էլ Վաշնգթոնում, այլ նրա, որ խնդրի լուծումը բարդ ու երկարատև պրոցես է ենթադրում:
Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման և մասնավորապես, սահմանների բացման պրոցեսն այլ հարթությունում էր, սակայն ԵՄ-ն ողջ պրոցեսի ընթացքում այդպես էլ այդ հարցում նախաձեռնություն չցուցաբերեց: Անվտանգության տեսանկյունից, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը բավականին կարևոր նշանակություն կունենար Հայաստանի համար, ինչի պայմաններում հնարավոր կլիներ ֆիքսել, որ ՀՀ-ԵՄ բանակցությունների համատեքստում, անվտանգության տեսնակյունից, մեկ կարևոր խնդիր լուծված է:
Ճիշտ է՝ սեպտեմբերի 3-ին նախագահի հայտարարությունից անմիջապես հետո, Եվրոպայից ափսոսանքի ու հիասթափության հայտարարություններ հնչեցին, սակայն ժամանակի ընթացքում, Եվրոպայի արձագանքը ՀՀ-ի՝ Մաքսային միության անդամակցության ճանապարհով գնալու որոշման վերաբերյալ դարձավ առավել հավասարակշռված:
Եվրոպայում կա գիտակցումն այն բանի, որ անվտանգության կարևորագույն կոմպոնենտի առումով, Հայաստանին այդպես էլ հնարավոր չեղավ այլընտրանք առաջարկել:
Ինչևէ, և՛ ԵՄ-ի, և՛ ՀՀ-ի համար ԵՄ-ՀՀ հարաբերությունների զարգացումն ու խորացումը կարևոր է, յուրաքանչյուրին՝ սեփական շահերի իրականացման համատեքստում, ինչը նշանակում է, որ ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների խորացման հարցում կարտահայտվի նոր նախաձեռնությունների առաջ քաշման ձևով: Ակնկալվում է, որ Եվրոպան տարածաշրջանում կակտիվացնի իր ջանքերը՝ փորձելով իր ռազմավարական խնդիրները լուծել այլ մոտեցումներով:



