Footsport.am-ը գրում է.
Այսօր Թուրքիայում մեկնարկում է շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունը: Անթալիայում մրցասպարեզ կմտնեն 10 ուժեղագույն հավաքականներ, որոնք 9 մրցափուլով, շրջանաձև մրցակարգով կվիճարկեն աշխարհի ուժեղագույնի կոչումը: Մրցաշարին մասնակցելու իրավունք են ստացել Հայաստանի, Գերմանիայի, Եգիպտոսի, Չինաստանի, Հոլանդիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ուկրաիանայի, Թուրքիայի և Ադրբեջանի հավաքականները: Արդեն կայացել է վիճակահանությունը, և առաջին իսկ մրցափուլում մեր հավաքականը կհանդիպի մրցաշարում ամենաբարձր վարկանիշն ունեցող Ռուսաստանի ընտրանու հետ: Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յուրի Դոխոյանը նոյեմբերի 7- 18-ը Վարշավայում կայացած Եվրոպայի առաջնության համեմատ թիմի կազմը թարմացրել է: Անթալիայում հանդես կգան Վլադիմիր Կրամնիկը,Ալեքսանդր Գրիշչուկը, Սերգեյ Կարյակինը, Յան Նեպոմնայշչին, Ալեքսեյ Վիտյուգովը:
Մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը կազմի փոփոխություն չի կատարել: Անթալիայում կխաղան նույն այն շախմատիստները, ովքեր հանդես եկան Վարշավայում` Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Տիգրան Լ. Պետրոսյանը: Հայաստանի հավաքականը հաջողությամբ է հանդես գալիս աշխարհի թիմային առաջնություններում: 1993-ից մեր ընտրանին անընդմեջ մասնակցել է առաջնություններին: Այդ վեց առաջնություններում երեք անգամ`1997, 2001, 2005 մեր ընտրանին դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ 2011-ին նվաճել է չեմպիոնի կոչումը:
Չինաստանի Նինբոյում նվաճած չեմպիոնական կարգավիճակով էլ մեր ընտրանին կխաղա Անթալիայում: Նինբոյում հավաքականի կազմում առաջին անգամ ընդգրկվել էին Հայաստանի քաղաքացիություն ստացած Սերգեյ Մովսիսյանը և երկրի 2011-ի չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը: Հայաստանի ընտրանին փայլուն ելույթ ունեցավ` տանելով թիմային 5 հաղթանակ, ոչ-ոքի ավարտելով մրցախաղերից 4-ը և չկրելով ոչ մի պարտություն, իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ աշխարհի թիմային առաջնության հաղթող: Հարկ է նշել, որ այդ նվաճումների շնորհիվ Հայաստանի ընտրանին աշխարհի առաջնությունների պատմության ընթացքում զբաղեցնում է հինգերորդ տեղը` իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանի, արդեն գոյություն չունեցող ԽՍՀՄ հավաքականին, ԱՄՆ-ին և Ուկրաինային:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ