1in.am-ը գրում է.
Ֆլորա Մարտիրոսյանի արձանի հեղինակ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանի մեկնաբանությամբ՝ քանդակի ստեղծման ամբողջ ընթացքում երգչուհու ընտանիքի անդամները տեղյակ են պահվել աշխատանքներից, քանդակի ստեղծման տարբեր փուլերում լուսանկարներն ուղարկվել են ինչպես ամուսնու, այնպես էլ քրոջ ընտանիքին:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քանդակագործը նշեց, որ սկզբում քանդակի պատվիրատուն երգչուհու քրոջ ընտանիքն էր, սակայն հետո փոխվեց, և պատվիրատուն դարձավ ամուսինը:
Նա նշեց, որ երգչուհուն ցանկացել է քանդակել ավելի շատ երգելիս, արդեն պատրաստ է եղել նախնական տարբերակը, սակայն ընտանիքի անդամները չեն հավանել: Ստեղծել է մեկ այլ տարբերակ, որտեղ երգչուհու դեմքին իրեն հատուկ ժպիտ կա. «Հայտնի է, որ լուսանկարը չի կարող քանդակ լինել, Ֆլորայի իրական պատկերը ոչ մեկը չի տեսել, և ես ամեն ինչ արել եմ, որ իրական Ֆլորա պատկերեմ, քանի որ սպիտակ մարմարի մեջ գույն չէի կարող դնել, լույսն ու ստվերը օգտագործեցի»:
Բանախոսն ասաց, որ սեպտեմբեր ամսին, երբ ամեն ինչ պատրաստ էր, երգչուհու երեխաները եկան, տեսան և ոչինչ չասացին, իսկ հիմա ամուսինն ասում է, որ արձանը նման չէ Ֆլորային. «Հանկարծ ամուսնու կողմից մեղադրանք առաջացավ, որ սա Ֆլորան չէ: Մի՞թե սա պղծում չէ: Փոխանակ խոնարհաբար ծաղիկ դնեին, հարգեին հիշատակը, գալիս-պղծում են: Ես առաջին անգամ եմ տեսնում, որ շիրմաքարի քանդակը դնեն քննարկման: Նման բան չի լինում, ցեխ են շպրտում Ֆլորայի գերեզմանին»:
Թոքմաջյանը զարմացած է, որ երեք ամիս քանդակը քաղաքային պանթեոնում մնալուց հետո նոր հանկարծ աղմուկ են բարձրացնում. «Ես մի անգամ ամուսնուն ասացի՝ այդպես շատ էիք ուզում լուսանկար՝ փայլեցված քարի վրա նկարը ծեծել տայիք, այժմ տեխնիկան կարողացել է հասնել դրան»:
Քանդակագործը նաև նշեց, որ հնարավոր չէր ամբողջը մի կտոր քարի մեջ տեղավորել, ստացվել է երկու կտորից: Ինչ վերաբերում է գումարին, ապա բանախոսն ասաց, որ ինքը պայմանավորվածից ոչ մի կոպեկ ավել չի վերցրել, ավելին՝ վճարելով քարի, արհեստավորների և մնացած գումարները՝ իրեն չնչին գումար է մնացել:
Սկզբում պատվիրատուն քրոջ ընտանիքն էր: Ասացին՝ ամուսնու հետ գործ չունես: Ես տեսա, որ նրա ծավալները տեղավորել մի կտոր քարի մեջ հնարավոր չէր, ասացի, որ երկու քարից եմ անելու: Ես փող չեմ ավելացրել: Տարա գերեզման, ամբողջացրի, և մի կտոր է երևում:
Ամեն էտապը լուսանկար էի անում, ուղարկում էի ամուսնուն: Փոքր դիտողություններ արեցին, էությանը համաձայն էին: Եթե համաձայն չլինեին, ինչո՞ւ ժամանակից շուտ եկան-տարան: Տհասության արդյունք է, նրանք չգիտեն՝ քանդակն ինչ բան է, ես չեմ հասկանում, ինքը պարիկ էր հագնում, ակնոց էր դնում:
Ես որ այնտեղ կանգնում եմ, գոհ եմ. իր ժպտերեսությունը, պայծառությունը, լավատեսությունը կա»,- ասաց նա:
Բանաստեղծ Հակոբ Սրապյանը ասաց. «Սա ինձ հիշեցնում է Առնո Բաբաջանյանի արձանի պատմությունը: Սոցիալիստական ռեալիզմը այնքան է դաբաղվել մեր մեջ, որ պիտի նման լինի: Վերջին տարիներին Ֆլորային շատ եմ հանդիպել, Լևոնի աչքը զարմանալիորեն բռնել է դիմագիծն ու էությունը: Նա մարդ արարած է պատկերել»: