
15-րդ և 16-րդ դարերում ինկերի կայսրությունը ընդարձակ ու հզոր կայսրություն էր: Այն հաստատված էր ժամանակակից Կոլումբիայի, Չիլիի, Բոլիվիայի, Էկվադորի, Արգենտինայի և Պերուի տարածքում: Ինկերը վարպետացել էին քաղաքաշինության ոլորտում: Նրանք հարուստ էին սննդամթերքով, ոսկիով, կոկայենի թփերով, սակայն նրանք ո՛չ գումար ունեին, ո՛չ շուկա: Ինկերի կայսրության մեծագույն գաղտնիքը նրանց տարօրինակ տնտեսությունն էր: Ինկերի քաղաքակրթությունը թերևս միակ զարգացած քաղաքակրթությունն է, որում չի եղել առևտուր և առևտրականների դասակարգ: Ինչպե՞ս են նրանք կարողացել այդքան մեծ հաջողությունների հասնել առանց առևտրական գործունեություն ծավալելու:
Ինկերի կյանքի բազում հանգամանքներ դեռևս անհայտ են այն պատճառով, որ նրանց կյանքի մասին տեղեկությունները մեզ են հասել այն իսպանացի նվաճողների գրավոր հիշատակարաններից, որոնք բնաջնջել են նրանց: Հայտնի է, որ նվաճող Ֆրանսիսկո Պիզարրոն իր զինվորների հետ միասին 1532 թ.-ին պարտության է մատնել ինկերի բանակին: Դրանից մի տասնամյակ առաջ եվրոպացի նվաճողների անզգուշության հետևանքով տարածվեց ծաղիկ հիվանդության համաճարակը: Ըստ որոշ համաճարակաբանների` այս հիվանդությունը խլել է ինկերի 90 տոկոսի կյանքը: Այդ իրադարձությունների և այդ ժամանակաշրջանի ինկերի մասին ունեցած մեր գիտելիքները հիմնված են միայն մի քանի հետազոտողների` հիմնականում իսպանացի միսիոներների, մի քահանայի և Բլաս Վալերա անունով մի պատմաբանի ուսումնասիրությունների վրա: Հավելենք նաև, որ Վլաս Բալերան ծնվել է Պերուում` ինկերի կայսրության տապալումից երկու տասնամյակ անց:
Հարստություն առանց փողի
Միսիոներների և Վալերայի գրություններում ինկերը բնորոշվում են իբրև հմուտ շինարարներ, ովքեր կարողանում են գյուղատնտեսական գործունեություն ծավալել լեռնային պայմաններում և կառուցել սքանչելի քաղաքներ: Ինկ կայսրության հարյուրավոր բնակիչներ ուսունասիրում էին, թե ինչպիսի գյուղատնտեսական գործունեություն կարելի էր ծավալել նոր նվաճած վայրերում: Նրանք ագարակներ էին կառուցում լեռնային գոտիներում: Սերմնացանի ժամանակ հաշվի էին առնվում եղանակային պայմանները: Ագարակներից բերքահավաքին հավաքում էին կարտոֆիլի, եգիպտացորենի, գետնընկույզի առատ բերքը: Ինկերը նաև այնպիսի ծառեր էին աճեցնում, որոնք նպաստում էին, որպեսզի վարելահողը լավ վիճակում մնար: Նրանց ճարտարապետները հողագործներին չէին զիջում իրենց հնարամտությամբ և տաղանդով: Նրանք նախագծում էին հսկայական բուրգեր, ոռոգման համակարգեր, վիթխարի տաճարներ, այդ թվում` Մաչու-Պիչուն: Ինկերը կարողանում էին ապրել առանց փողի ու շուկաների:
«Ինկերը. նոր տեսակետներ» գրքում Գորդոն Ֆրենսիս ՄքԷվանը գրում է.
«Ինկերի շրջանում առևտրականների դասակարգ չկար և անհնար էր, որ որևէ անհատ հարստություն դիզեր առևտրի շնորհիվ: Որոշ արտադրանքներ հնարավոր չէր արտադրել ինկերի կայսրության տարածքում, ուստի ինկերը ստիպված էին ներմուծել դրանք: Այս դեպքերում կիրառվում էր մի քանի ռազմավարություն: Օրինակ` հատուկ վայրերում հիմնվում էին գաղութներ, որտեղ արտադրվում էին ցանկալի արտադրատեսակները, և թույլատրվում էր առևտուրը ինկերի և հեռավոր շրջանների միջև: Բարիքների արտադրանքը, բաշխումն ու օգտագործումը ղեկավարվում ու վերահսկվում էին Ինկի կառավարության կողմից: Բոլոր քաղաքացիներին անհրաժեշտ ապրանքները (սննդամթերք, գործիքներ, հագուստ) տրամադրվում էր պետական պահեստից, ուստի նրանք որևէ բան գնելու կարիք չունեին: Քանի որ գոյություն չունեին շուկաներ կամ խանութներ` ստանդարտ արժույթի կամ փողի անհրաժեշտություն չկար»:
Ինկերը ծավալում էին որոշակի առևտրական գործունեություն, սակայն միայն օտարազգիների հետ:
Հնարավոր է, որ ինկերի մեծ հարստության գաղտնիքը թաքնված լինի նրանց տարօրինակ հարկային համակարգի մեջ: Ինկերը գումարը վճարում էին ոչ թե իբրև հարկ, այլ պետության համար որոշակի աշխատանք էին կատարում: Այս աշխատանքի դիմաց նրանց տրամադրվում էին կենսական անհրաժեշտության ապրանքներ: Անշուշտ, բոլորը չէ, որ ստիպված էին աշխատանքով վճարել հարկերը: Ազնվականները և այլ նշանավոր մարդիկ ազատված էին հարկերից:
Սնունդ, ոչ թե շուկաներ
Պատմաբանների և գիտնականների համար մինչ օրս էլ հարց է մնում, թե ինչու այդքան զարգացած ու հարուստ ինկերը երբևէ շուկաներ չեն ստեղծել: Տարածված վարկածներից մեկն այն է, որ ինկերի կայսրության տարածքում կյանքն այնքան դժվար էր, որ բոլոր նորամուծությունները լինում էին գյուղատնտեսության և ոչ թե տնտեսության ոլորտում: Այլ կերպ ասած, ինկերի կայսրությունն այնպես էր կառուցված, որ ժողովուրդը կարողանար խուսափել սովամահությունից և ոչ թե ամրապնդեր առևտրական համակարգը:
Մի քանի տարի առաջ Պերուի Կուսկո հովտում անցկացված հնագիտական հետազոտությունները ցույց են տվել, որ այդ տարածքում հազարավոր տարիներ շարունակ գյուղատնտեսական և անասնապահական գործունեություն է ծավալվել: Հետազոտական խմբի անդամներից հնագետ Ա. Ջ. Չեփսթոու-Լասթին նշում է, որ ինկերը ավելի շատ կենտրոնացրել են իրենց ուժերը սննդամթերքի արտադրության և շինարարության, քան շուկայական տնտեսության զարգացման վրա: Հենց այդպես էլ հարկ էր վարվել մի շրջանում, որտեղ մինչև ինկերը բնակվողները` վարիները, բնաջնջվել էին երաշտի պատճառով և որտեղ կլիմայական տատանումները իրենցից մեծ վտանգ էին ներկայացնում: Ինկերի կայսրության հիմնադրումը համընկավ կլիմայի հարաբերական կայունության հետ, սակայն այս շրջանում բնակվողները քաջատեղյակ էին, որ ցանկացած պահի կլիմայական տատանումները կարող էին վերսկսել:
Չեփսթոու-Լասթին և նրա գործընկերները գրել են.
«Կրուսկո հովտում բնակվող ինկերը 1200 թ.-ին իշխող դեր էին խաղում ողջ տարածաշրջանում: Գյուղատնտեսական ոլորտի ձեռքբերումները նրանց հզորացնում էին տնտեսապես ու քաղաքականապես` հնարավորություն ընձեռելով հպատակեցնել տեղի այլ անկախ պետություններին»:
Այսպիսով, ինչպե՞ս է հնարավոր դառնալ գերիշխող կայսրություն` առանց կանխիկ գումար և արժույթի համակարգ ունենալու: Հնարավոր է, որ այն տեխնոլոգիաները, որոնց շնորհիվ նրանք հասել էին գյուղատնտեսական ոլորտի նվաճումների, նպաստեցին նրանց ամրապնդել և ընդարձակել իրենց կայսրությունը: Սննդամթերքը նրանց մետաղադրամն էր, իսկ նրանց տնտեսությունը կազմավորվեց աշխատուժի շնորհիվ:
Որոշ մարդիկ պնդում են, որ ինկերի կայսրությունը սոցիալիստական պետության տիպիկ օրինակ է, ուրիշներն էլ նշում են, որ այն ինքնավար միապետություն է: Ինչպիսի բնորոշում էլ որ տանք, փաստն այն է, որ ինկերը կարողացել են մեծ նվաճումների հասնել` առանց մի գրոշ անգամ ծախսելու: