Սիրելի՛ իմ հայ ժողովուրդ, եթե իմ համեստ կարծիքը ուզենաք լսել, ապա ասեմ, որ իզուր եք ինքներդ ձեզ վախեցնում Ռուսական կայսրության վերականգնմամբ կամ էլ ՍՍՀՄ 2-ով եւ նման այլ բաներով: Իհարկե, փաստ է, որ այս պահին ռուսները հաջողության մի ալիքն են բռնացրել, բայց այդպիսի ժամանակավոր ալիքներ՝ առաջխաղացման եւ նահանջի շատ կարող են լինել, դա դեռ ոչինչ չի նշանակում: Ոչ ոք պատմության մեջ դեռ կայսրություն չի կառուցել գազի խողովակի շուրջ: Իսկ, եթե մի կողմ թողնենք ճարտասանությունը, ապա Ռուսաստաննն այսօր ոչ այլ ինչ է, քան գազի մեծ խողովակ: Սա ոչ թե ասում եմ որպես վատ կամ լավ բան, այլ որպես առարկայական փաստ: Ռուսաստանը գազի խողովակ է, իսկ աշխարհի մասշտաբով՝ Եվրոպայի հումքային կցորդ: Կայսրություն կառուցելու համար, այսինքն կարճաժամկետ առաջխաղացումը երկարաժամկետ ամրապնդման համար միայն այդքանը շատ քիչ է: Նախ՝ ընդհանրապես տնտեսական հզորությունը շատ քիչ է, բայց առավել եւս հումքային տնտեսությունը չի կարող հիմք հանդիսանալ լիարժեք կայսերական նախագծի համար: Հիշենք, որ 20 թվին, երբ ռուսները դարձան մեր տարածաշրջան, նրանք չունեին ոչ միայն գազ, այլեւ հաց, բայց ունեին կայսրություն վերականգնելու համար այլ՝ ավելի կարեւոր ռեոսուրներ՝ գաղափարական, քաղաքական, հոգեբանական: Այն ժամանակ նրանց կողմից էին չարենցները՝ որպես կոմունիստական գաղափարի հավատավորներ, այսօր ռուսները չունեն որեւէ իդեալ եւ իդեալիստ համակիրներ: Բացի այդ, կարեւոր է քաղաքական համակարգը: Այսօրվա Ռուսաստանը որպես քաղաքական համակարգ կառուցված է ընդամենը մեկ անձի շուրջ: Եվ դա ոչ թե ժառանգական միապետ է, որը բացի անձնական խարզիմայից եւ լեգիտիմությունից ունի արքայական տան, ազնվական դասի, դարավոր ժառանգության հենարանը, այլ ընդամենը մեկ կոնկրետ անձ: Ընդորում, այդ անձն այսօր, ի տարբերություն երեկվա, մեծ հաշվով չի վայելում ռուսական երկու մայրաքաղաքների միջին դասի աջակցությունը, ինչը հեռանկարում կարեւոր է: Բացի ոչ արտադրող, հումքային տնտեսությունից, նույնն է այսօր նաեւ ռուսական ոչ նյութական՝ մշակութային «տնտեսությունը»: Ռուսաստանը չունի ասելիք աշխարհին: 20-ր դարի սկզբին նա խոսում էր իր մեծ գրողների միջոցով՝ Դոստոեւսկուց մինչեւ Մայակովսկին, որքան էլ տարբեր գաղափարների կրողներ էին դրանք: Այսօր նա լեզու չունի: Ապաբանական կեղծ պահպանողական ճարտասանությունը՝ աղքատների հոգեւոր սուրոգատ հացը, չի կարող լինել նման լեզու: Ոչ ոք աշխարհում չի ձգտում ապրել ռուսների պես, լինել ռուսների պես: Չկա ռուսական գաղափար (ներքին սպառումը հաշիվ չի): Ուրեմն չկա եւ չի լինելու որեւէ լիարժեք ռուսական կայսրություն: Միակ կայսերական ատրիբուտը միջուկային զենքն է՝ ժառանգություն անցյալից, բայց դա ինքնին չի կարող վճռական դեր կատարել, եւ մեծ հաշվով կոնտեքստից դուրս է այնքանով, որքանով այսօրվա Ռուսաստանը չէր կարող երբեք դառնալ ատոմային գերտերություն: Մի խոսքով, ասածս շատ երկար ստացվեց, բայց իմաստն այն է, որ պետք է ավելի հանգիստ գնահատել երեւույթները եւ ավելի լայն ու հեռանկարային նայել դրանց: Սա ոչ հակառուսական ոչ էլ ռուսասիրական գրառում էր, սա իմ կարծիքն էր, որը փորձել եմ հնարավորինս առարկայական բաների վրա կառուցել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10202615222526005?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել