Footsport.am-ը գրում է.

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 13-րդ մրցափուլում «Արարատը» խոշոր` 3-0 հաշվով առավելության հասավ «Ալաշկերտի» նկատմաբ, որը մինչ այդ 2 անընդմեջ հաղթանակ էր տոնել: Այդ խաղում նշանակալի ներդրում ունեցավ «Արարատի» հարձակվող Գևորգ Նռանյանը, ով բացեց հանդիպման հաշիվը, այնուհետև  նաև խփեց իր թիմի ավարտական գոլը` համոզիչ վերջակետ դնելով առաջատարի հաղթանակին: Բավականին տպավորիչ ստացվեց Գևորգի հեղինակած առաջին գոլը. մրցակցի տուգանային հրապարակում ընդունելով գնդակը, հարձակվողն այն կասեցրեց, այնուհետև շրջադարձ տպավորիչ հարվածով  գրավեց Էդվարդ Հովհաննիսյանի պաշտպանած դարպասը: Այս խաղում դառնալով կրկնագոլի հեղինակ` Գևորգն առաջնությունում իր գոլերի թիվը հասցրեց  7-ի և հավասարվեց  Միհրան Մանասյանին, Արտակ Դաշյանին ու Սերժ Դեբլեին (վերջինս  «Փյունիկի» հետ վերջին խաղում դարձավ  գոլի հեղինակ և այժմ 8 գոլով միանձնյա ռմբարկուների ցուցակում առաջատարն է): «Ալաշկերտի» հանդիպումից հետո Գևորգ Նռանյանը համաձայնվեց հարցազրույցի մեր առաջարկին:

-Գևորգ, խաղից առաջ ունեի՞ր կանխազգացում, որ այսօր կդառնաս գոլի հեղինակ:

-Յուրաքանչյուր հանդիպման էլ տրամադրվում եմ գոլ խփել: Երբեմն ստացվում է, երբեմն` ոչ: Նույն տրամադրվածությամբ էլ այս խաղին էի նախապատրաստվել:

-Առաջին գոլդ բավականին գեղեցիկ էր: Ինքդ, եթե դասակարգեիր  խփածդ գոլերը գեղեցկության տեսակետից, ո՞ր հորիզոնականում այն կընդգրկեիր:

- Դե, այդ հարցին հավանաբար մասնագետները ավելի լավ պատասխանեն: Ինքս էլ համարում եմ, որ գոլը գեղեցիկ ստացվեց:

-Մինչև գնդակն ընդունելն արդեն որոշե՞լ էիր, որ այդպես պետք է գործես:

-Սկզբում ցանկանում էի գլխով ընդունել, սակայն տեսնելով գնդակի ընթացքը, որոշումս փոխեցի:

-Հանդիպման ընթացքում առջևում էիք 1-0, այնուհետև 2-0 հաշիվներով: Ե՞րբ վստահությունն ամրապնդվեց, որ խաղը «Արարատի» համար հաղթական ավարտ կունենա:

-ճիշտն ասած, մենք մինչև վերջ պայքարում ենք, և նշանակություն չունի, թե քանի գնդակի տարբերությամբ ենք առջևում: Ֆուտբոլն այնպիսին է, որ փոքր-ինչ թուլացման դեպքում` հաստատապես կպատժվես: Դա է պատճառը, որ անկախ հաշվից, խաղում ենք մինչև մրցավարի եզրափակիչ սուլոցը:

-Վերջին գոլի դեպքում Գալուստ Պետրոսյանը եզրով առաջ էր շարժվում, այդ ժամանակ փոխանցմա՞ն էիր սպասում, թե…

-Ամեն պահի ես սպասում եմ փոխանցման և նշանակություն չունի խաղընկերս ավելի հարմար դիրքում է, թե`ոչ, որովհետև յուրաքանչյուր պահի նա կարող է փոխանցել կամ հարվածել:

-Խաղընկերներիցդ ո՞վ է իր փոխանցումներով ավելի նպաստում, որ գոլեր խփես:

-Դե, բնականաբար, հիմնականում` կիսապաշտպանները, սակայն երբեմն այդ հարցում օժանդակում են նաև պաշտպանները:

-Հանդիպման վերջնամասում էլ բավականին ակտիվ էիր, չէի՞ր հոգնել, թե եռագոլի հեղինակ դառնալու ցանկությունը մե՞ծ էր:

-Իհարկե, որոշակի հոգնածություն կար, սակայն դեռևս ուժերս բավարարում էին: Իսկ 3-րդ, նաև 4-րդը խփելու հնարավորություն ունեի: Ցավոք` չստացվեց: Սակայն էական չէ, թե գոլերն ովքեր են խփում, կարևոր է, որ թիմը դրա շնորհիվ հաղթում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել