Newsbook.am-ը գրում է.

Ինչպես արդեն գիտենք, եվրոպական մոտ տասը երկիր արդեն հրաժարվել է մասնակցել երգի 2014 թվականի մրցույթին՝ ամեն ինչ բացատրելով ֆինանսական միջոցների բացակայությամբ: Սակայն, ինչպես չեն թաքցնում տարբեր երկրների լրատվամիջոցներ, մրցույթից հրաժարվելու պատճառը Ավստրիայի ներկայացուցիչն է՝ տրանասվեստիտ Կոնչիտա Վուրստը, որի արտառոց արտաքինը և սեռական ցայտուն կողմնորոշումը անգամ եվրոպական արժեհամակարգերում տեղավորվողներին ստիպել է հրաժարվել:

Կանացի զգեստով ու մորուքով այս երգիչ-երգչուհին իսկապես մրցույթի «բոցն» էր, որի հայտնությունը շոկ առաջացրեց: Եվրոպական մի շարք երկրներում, մասնավորաբար Բուլղարիայում, Խորվաթիայում սուր քննադատության արժանացավ Ավստրիայի ընտրությունը, դեմ չլինելով նույնասեռականությանը, այնուհանդերձ չեն կամենում, որպեսզի իրենց մասնակիցները հանդես գան «անորոշ սեռի» ներկայացուցչի հետ:

Հիմա Հայաստանում էլ շարժում է ձևավորվել, որի նախաձեռնողներն ու մասնակիցները դիմում են ինչպես ՀՀ մշակույթի նախարարությանը, այնպես էլ հանրային հեռուստաընկերության ղեկավարությանը՝ հրաժարվել 2014 թվականին մրցույթին մասնակցելուց, որովհետև մեր ազգային նկարագրին ու մենթալիտետին համահունչ չէ այն, ինչը կատարվում է եվրոպական շոու դաշտում: Նախաձեռնության հեղինակները խայտառակություն են համարում այն, որ կարող է հայ երգիչը բեմ բարձրանալ ու մրցության մեջ մտնել Կոնչիտայի հետ, դա համարում են ազգային խայտառակություն: Մենք փորձեցինք այս առթիվ իմանալ Հանրայինի ղեկավարության կամ էլ Եվրատեսիլի հայաստանյան պատասխանատու Գոհար Գասպարյանի մեկնաբանություններն ու կարծիքը, սակայն մեզ տեղեկացրեցին, որ Հանրայինում առայժմ չկա հստակ արտահայտված դիրքորոշում:

Ավելին, ոմանք այն կարծիքը հայտնեցին, որ մրցույթին չմասնակցելը հիմնավորված չէ, Հայաստանը ներկայացնում է իր երգչին՝ որևէ կերպ չառնչվելով Ավստրիայի ընտրությանը: Մշակույթի նաժարարության ժամանակակից արվեստի վարչությունից էլ տեղեկացրեցին, որ չեն ստացել նախաձեռնողների նամակը, իսկ ստանալու դեպքում էլ իրենք որևէ որոշում չեն կարող կայացնել, որովհետև նախարարությունը չի առնչվում մրցույթին, պատասխանատվություն չի կրում դրա համար:

Ավելացնենք, որ այժմ Ռուսաստանն ու Ուկրաինան են քննարկում մրցույթին մասնակցելու հարցը: Ու չի բացառվում, որ Եվրատեսիլ-2014-ին չլինեն նաև այս երկրները ներկայացնող մասնակիցներ: Իսկ ահա մրցույթի ավստրիական պատասխանատուները նշում են, որ իրենց չեն հետաքրքրում Կոնչիտայի սեռական կողմնորոշումներն ու արտաքինը, կարևորն այն է, որ իրենք մրցույթ են ուղարկում մի մասնակցի, որը, ամենայն հավանականությամբ, կարող է դառնալ հաղթող:

Լևոն Մութաֆյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել