Աշոտյանը յուր ֆբ-ում սրտնեղում է, թե ասածներս շուռ են տվել, լավ չեն հասկացել, կամ չեն ուզել հասկանալ:
Աշոտյանիս ասեմ, որ ես, օրինակ, ճիշտ էի հասկացել նրա ասածի իմաստը: Ուղղակի մինչև էս պահը չեմ հասկացել՝ էդ հայտարարությունը, էդ գաղափարը՝ որ ի՞նչ:
Հայտարարությունը կարդալու օրվանից ի վեր, հանգիստս կորցրած, փորփրում եմ համացանցը (Նարեկ Դուրյանի ականջը կանչի), որպեսզի տեղեկատվություն գտնեմ ՄՄ պաշտոնական լեզուների մասին: Շատ բան չգտա, բայց գտածից էլ հասկացա, գոնե տրամաբանությունն էդպես թելադրեց, որ եթե Հայաստանը միանա էդ ՄՄ-ին, հայոց լեզուն մեխանիկորեն, անկախ Աշոտյանի առաջարկից ու ազգիս չուզողությունից, կդառնա պաշտոնական լեզուներից մեկը:
Այսինքն, հարցս կրկնեմ՝ որ ի՞նչ:
Երևի ռուսերենի դիրքերն ամրապնդելու էս ամբողջ թոհուբոհի մեջ ուզեցին ինչ-որ անկապ մխիթարություն տալ խաբկանքով, թե տեսեք-տեսեք, այ էսպիսի հայոց լեզվի փրոմոուշըն պետական մակարդակով: Դե պետության նման վերաբերմունքը մեր հանդեպ նորություն չի:
Սակայն սրանով իմ տարակուսանքը չի եզրափակվում:
Դիցուք՝ հայոց լեզուն հենց Աշոտյանի առաջարկով դառնում է ՄՄ պաշտոնական լեզուներից մեկը: Հետո՞: Ի՞նչ է տալիս հայոց լեզվին նման կարգավիճակը: Ի՞նչ գործնական քայլեր են հաջորդելու դրան: Ի՞նչ օգուտ է ունենալու հայերենը, ՄՄ կառույցի ո՞ր հատվածում ու ի՞նչ է փոխվելու...
Ի՞նչ է փոխելու դա Հայաստանի ներսում: Չլինի՞ թե ռուսական գիմնազիայի կարիքն է վերանալու: Հայերենի որակն է դպրոցներում բարելավվելու, պաշտոնավորնե՞րն են հայոց լեզուն ավելի հարգելու, կամ ԱԺ-ում գրագետ խո՞սք է լսվելու:
Եւ այսպես, Աշոտյա՛ն, որ ի՞նչ:
Եւ ինչու՞ էս հոլովակում նշվող "Արդի հայերենի բացատրական բառարանի" տպագրության համար ֆինանսավորում չկա: Կարծեմ թե ռուսական ռադիոկայաններով վեհաշունչ հայտարարությունների փոխարեն ժամանակն ու ռեսուրսները կարելի է ավելի արդյունավետ ծախսել: