ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆ
Ասկե ամիսներ առաջ բարեսեր ազգային մը 700 ռուբլի տրամադրեց անոր, ով ազգային հիմն մը հորինե։ Ես ըլլայի այդ բարեգործին տեղը 700-ի փոխարեն 7000 կնվիրեի` հաստատ գիտնալով, որ ոչ մեկը չպիտի հորինե ատանկ բան մը. վասնզի անհնարին է։ Անհնարին է նախ անոր համար, որ ճիշտ է, հիմնը պիտի կոչվի ազգային, բայց չի ըսած, թե ո՞ր ազգային։ Իրավ է, մեկ բառով հայ ազգ կկոչվինք, բայց ատ օտարներուն համար է, խոմ մենք մեր մեջ ալ ատանկ համառոտ անունով չենք կոչվիր։ 700 ռուբլիի լուրը առնելով, սկզբի շրջանին մտադրվեցա ես գրել այդ հիմնը, վասնզի ըսեմ, որ այդ օրերը շատ նեղն էի ու այդ դրամը շատ պետք պիտի գար ինձի։ Ըրի քանի մը փորձեր, բայց խոստովանիմ անմիջապես, որ… անհաջող։ Անհաջող այն պատճառով, որ գրելուս խիստ անոթի ըլլալով, տեքստի մեջ մտցուցի կերակուրի մը անուններ, որը միանգամայն չէր հարմարեր նման երկի մը մեջ. եվրոպացի մը եթե լսեր, պիտի դառնացած գոչեր. -Ախպա՛ր, սա հայ ազգը ի՞նչ անկուշտ ազգ է եղեր, այսքան նպաստներ ղրկելեն ետքն ալ դեռ անոթի է… Ավրեցի այդ փորձը և ուրիշ մը գրեցի. բայց այս անգամ ալ առաջինի հակառակ ծայրն դուրս եկավ։ Այդ հիմնը լիացած, հղփացած, ճարպոտ բուրժուայի երգ դուրս եկավ, որը, աղեկ գիտեմ, ոչ մեկ հայ սոց. դեմոկրատ բերանը չէր առներ։ Մնացեր էի շվարած. դեմոկրատական ոգով գրեի՝ կղերն ու բուրժուան պիտի ականջը խնուր փախչեր, դաշնակցական ոճով գրեի, անդին հնչակյանները կռնակ դարձնեին պիտի, վանեցիական ակցենտով գրեի, մշեցիները պիտի չարտասանեին։ Հետո, քանի որ հիմա կանայք ալ հավասար են, հետևաբար՝ իրավասու այդ հիմնը երգելու, պետք էր այդ ալ նկատի առնվեր և զգուշանալ բաս ձայն մտցնել մեջը, իբրև անոնց կոկորդին օտար հնչյուն։ Ասոր վրա խորհեցա այս տարբերակներեն ընտրել այնպիսիներ, որք քիչ մը մոտ են իրար, ու նստեցնել զույգ-զույգ կամ երեք-երեք, մեկ-մեկ նստարանի վրա և միասին երգել։ Այսպես օրինակ, դաշնակցականները ու սոց. հեղափոխականները մեկ նստարանի վրա նստեցուցի. վերակազմյալ հնչակյանները ու հովիտականները մեկ. կանանց ու վարդապետներուն մեկ. սոց. դեմոկրատներուն նստեցուցի մենակ և կողքին 8-10 հոգու տեղ թողի, որ իբրև ինտերնացիոնալ դավանող, հրավիրե զանազան ազգերե իր ուզածները (վասնզի վերջինս հայ կազմակերպությանց մեջ իրեն մոտիկը ոչ մեկը ուներ)։ Բռնեցի Համբարձում Առաքելյանի ձեռքեն, ըսի խումբի մը մեջ տեղավորեմ. տարա դաշնակցական-էսերներու քով` չեղավ, չնստեցավ, հովիտ-հնչակյաներու քով` չեղավ, կանանց-վարդապետներու քով` չեղավ. ըսի տանեմ սոց-դեմոկրատներուն քով` Բախշի Իշխանյանին հետ դոսթ է` չեղավ ու չեղավ, առանձին կուզե նստիլ եղեր։ Բարկացա, ըսի թևեն բռնեմ դուրս հանեմ, մեկ ալ խորհեցա, որ դռան վրա պիտի պոռչտա ու կոպիտ շեշտեր մտցնե ազգային հիմնին մեջ։ Վերջապես անոր ալ աթոռ մը տվի, մտածելով թե, քանի որ Առաքելյանը մինակ է, անոր բաժին մեկ տուն հիմնը սոլո կընենք, կլմննա կերթա։ Հա, աս ալ այսպես… Հետո բերի չեզոքները, անդամալույծներն ու առհասարակ բոլոր անոնք, որոնք միմիայն մարդահամարին հաշվի կառնվին. անոնք ալ մեկ տեղ նստեցուցի. մնաց քանի մը հատուկենտ եպիսկոպոս։ Ատոնցմե Մեսրոպն ու Խորենը դաշնակցականներու գոգը դրի (որու վրա էսերները քիչ մը երեսնին թթվեցուցին) Մխիթարին ալ տվի Առաքելյանին գիրկը։ Այսպես, երբ դասավորությունը վերջացուցի, նստեցի գործի։ Ու ի՞նչ… դեռ մեկ տուն չէի գրեր, երբ հրմշտունքը ծայր տվավ զույգերուն միջև, ու աթոռներեն սկսան զիրար վար գլորել։ Էսերները դաշնակցականներուն, հնչակյանները հովիտին, կանայք վարդապետներուն և այսպես՝ բոլորը։ Այնքան համոզեցի, խնդրեցի` թե եղբայրներ հանգիստ կացեք, մի վախնաք ընտրություն չենք կատարեր, որ կառանձնանաք առանձին պատգամավոր տալու համար. երգ մը պիտի գրեմ ձեր վրա. ուրիշ ոչինչ` բայց ապարդյուն։ Եվ բոլոր շերտավորությունները կեցած էին անջատ-անջատ, որպես հեռագրասյուներ` իրամե հեռու։ Ասոր վրա ճարահատ, մտածեցի կազմել հիմն մը, որու առանձին մասեր նվիրված ըլլան առանձին հոսանքներու, և բոլոր անջատ մասերը խմբելով` կազմել կոալիցիոն ազգային հիմն մը։ Ըստ այդմ, երկու տուն պիտի նվիրեի դաշնակցության, առաջին տան մեջ պիտի երգեի իր մոտավոր ծրագիրը կամ ազգային մասը, իսկ երկրորդ տունը պիտի նվիրեի իր սոցիալիստական, համամարդկային նպատակներուն. այլ խոսքով` հեռավոր ծրագրին։ Բուրժուաներ, կղերներ ու հետադիմականներ, որք կարող էին առաջին տան մեջ տեղ ունենալ, երկրորդ տան մեջ կաթեգորիկ կերպով պիտի բացակայեին։ Հնչակյանները կունենային դարձյալ երկու տուն, մեկ՝ վերակազմյալներուն, մեկ՝ վարակազմյալներուն, իսկ մնացյալ բոլոր կուսակցություններուն, հոսանքներուն, փարթիներուն, հայրենակցական միությանց, սեռական միությանց, արհեստակցականներուն մեկ-մեկ տուն։ Այդպես ալ կազմեցի, Բայց ի՞նչ… կուսակցական շերտավորությանց բերումով այնքան երկար դուրս եկավ այդ հիմնը, որ ազգը եթե առավոտ արշալույսին սկսեր երգել միջին արագությամբ, հաջորդ կեսօրին հազիվ ավարտեր… Խորհեցա՝ ամբողջ 8 ժամ ազգ մը բերանը բաց ձգե, ինչ է թե հի՞մն մը պիտի երգե՝ ատ ալ անհարմար է։ Չէ՛, երկար էր, շատ երկար։ Ես որպես ամենաերկար երաժշտություն «Այսօր անճառը» գիտեի, որը իբրև շարականներեն երկարագույնը կըսվի հաղորդվելու ժամանակ, և որը 40 մարդ հաղորդվելե հետո կլմննա ու ստիպված անգամ մըն ալ կկրկնեն տիրացուները. բայց իմ հորինածս հիմնը եթե երգելու ըլլայինք, 400 մարդ կուշտ ու կուռ կրնար հաղորդվիլ, և դեռ քանի մը տուն ալ ավելնար պիտի։ Աս ալ չեղավ։ Մնացեր էի շվար ու մոլոր և երերյալ – տատանյալ կշրջեի` երբ ճիշտ այս միջոցներուն «Հորիզոնի» մեջ լույս տեսավ։ Հ. Ճերմակին ուղեցույց նախագիծը`ազգային հիմն կազմելու համար։ Այդ ուղեցույցը այնքան մանրամասն, մանրակրկիտ ու հանգամանորեն էր գրված, որ ամենակույր մարդն, երաժշտութենեն ու բանաստեղծութենեն հոտառություն չունեցող մարդն իսկ կրնար հիմն մը գրել։ Միայն զարմանքս հոն է, թե այսքան մանրամասն ցուցումներ ընելեն հետո ի՞նչն է արգիլեր զՃերմակ, որ կազմված – պատրաստված հիմն մը, չդնե մեր առջև։ Այսքան սորվեցնելեն ետքը չգրելն կնմանի մարդու մը, որ իր ուխտավոր ընկերոջը Եվրոպայեն կուղեկցի մինչև Երուսաղեմ ու Երուսաղեմին պարիսպներուն տակ, առանց քաղաքը մտնելու կբաժնվի իր ընկերեն, պարտականությունը կատարածի մը ինքնագոհությամբ։ Կարելի՞ է մինչև Երուսաղեմի պարիսպները երթալ ու քաղաքը չմտնել, կարելի՞ է այդքան բան գիտնալ ու հիմն մը չգրել։ Գուցե թե քիչ մը տաղաչափական կամ բանաստեղծական շնորհք կպակսեր։ Է, ո՞ր հայ բանաստեղծեն քիչ մը շնորհք բերեր փոխ, պիտի զլանար. ինչո՞ւ զլանար, չէ՞ որ օր մըն ալ ան գիտության ու տրամաբանության պետք ունենալով անոր կրնար դիմել… Էհ, չէ գրեր` չէ գրեր, ատոր համար բարկանալու իրավունք չէ տվեր ինձի ազգը։ Թողունք մասնավորը ու անցնինք անոր ուղեցույցին էությանը։ Հոն կըսե` բասը, կոնտրաբասը, ալտը, սոպրանոն, տենորը պիտի շատ զգույշ գործածվին, չըլլա թե հանկարծ տեղ մը ալտը ուժեղ ըլլա, մյուս տեղ՝ տենորը, այլ ինչքան ես կրցա հասկնալ, կթելադրե լավ գործածել այդ ձայները, որ անուշ դուրս գա հիմնը։ Բարձրության մասին` դո մաժորեն բարձրացնելը միանգամայն անխոհեմություն կսեպե, որմե ազգը կրնա մեծապես տուժել ու միշտ գրողին ուշադրությունը կուզե բևեռել լա մաժորին վրա։ Եվ խոհեմությունն ալ ատ կպահանջե։ Այո՛, բավական է որքան ազգը տուժեց։ Եթե մեր բոլոր գործիչներն, իրենց գործելու եղանակները լա մաժորին համաձայնեցնեին, ազգը այս կերպարանքը չէր առներ այսօր։ Չէի ուզեր ըսել, բայց բարկացա ըսի… Այս լրացուցիչ տեղեկությունները ի նկատ առնելով, նոր եռանդով գործի կեցա։ Հ. Ճերմակը իր խորհուրդովը երեսս ճերմակցուց։ Գործերս հաջող կերթային, և եթե այդ հաջողությամբ ալ շարունակվելու ըլլային, քիչ օրեն կրնայի հայ ազգին դարավոր իղձերը պսակել, մատուցանելով անոր գողտրիկ հիմն մը։ Բայց… ավա՜ղ, դարձյալ արգելք։ «Մշակը» կծանուցե, թե շուտով ազգային նոր կուսակցություն մը պիտի հիմնվի, չգրես հիմնը, մինչև կազմենք, լմնցնենք։ Ի՞նչ ընեմ… պիտի սպասեմ։ Ու գրիչը ձեռքիս ջղագրգիռ, լրաբերներուն կդառնամ հարցական, թե ծնա՞վ խոստացյալ կուսակցությունը, որ հովվելու է հայ ազգը։ Ոչ մեկ լուր։ Ոչ երեք աստղերը կշարժին տեղերնեն, ոչ արևելքեն մոգերը ճամփա կիյնան, ո՛չ ալ «Փառք ի բարձունս» կլսվի երկնային ոլորտներեն։ Կհուսահատիմ ու գրիչս վար կթողում։ Ատենե մը ի վեր ներկա կուսակցություններ արգելք եղան, ասկե վերջն ալ ապառնիներուն պետք է խոսք հասկցունել… -Ախպա՜ր, չուզեցի ատ 700 ռուբլին, կերթամ գործ մը կգտնեմ կապրիմ։
*** Հ.Գ. հոդվածս արդեն վերջացուցեր էի` երբ հանկարծ ատ 700 ռուբլին, դարձյալ պետք եղավ ինձի։ (Գործ չգտա)։ Այս առթիվ կուգամ պաղատագին աղերսելու ձեզ, ով բոլոր հայ կուսակցություններ՝ ներկա, անցյալ թե ապառնի – մեկ օրով, կաղաչեմ, միմիայն մեկ օրով մոռացեք ձեր ծրագիրները և եղեք հայ ազգ… տեսնենք ի՞նչ ձևի բան կըլլա։ Ես կյանքիս մեջ բնավ հայ ազգ տեսած չեմ։ Թուրք տեսեր եմ, գերմանացի տեսեր եմ, բայց հայ` ոչ։ Միացեք նախ մեկ, տեսնենք ամբո՞ղջ եք, բան-ման չի՞ պակսեր ազգ դառնալու համար, երկրորդ` միացեք պզտիկ հիմն մը գրեմ լմննամ, անկե վերջ ձեզ նշան կընեմ` ամեն մարդ իր ծրագրին գլուխը։ Ճիշտ է, դժվար է ատ ձեզի համար, կմտնեմ ձեր դրության մեջ, գիտեմ, որ ձեզմե շատերդ բռնակալության հետևանոք բոլորովին մոռցեր էիք ձեր ծրագիրները, հիմա ազատության օրերուն նոր սկսած եք անցյալի կորուստը դարմանել կրկնելով, քաղվածք ընելով ու նորեն սերտելով, կհասկնամ, որ նույնիսկ մեկ օրվա մոռացումը կրնա աղետաբեր ըլլալ շատերուն համար, գուցե մեկ տարի պետք ըլլա այդ մեկ օրվա մոռացածը նորեն սովորելու համար, բայց կերդնում պատվիս վրա, որ հանձն կառնեմ բոլոր մոռցողներուն անձամբ պատրաստել ու հասցնել իրենց կուսակցական ընկերներուն։ Կխոստանամ իմ ծախսով ընդունակ կուսակցականներն ղրկել Բաքու, Թիֆլիս, հոն տեղերու պրոպագանդիստներու հինգշաբաթյա բարձրագույն կուրսերն ավարտելու համար… Եթե համաձայն եք, կամ կհավատաք ինձի, որոշյալ օր մը նշանակեցեք միաբանելու համար։ Որ օրը ձեզի հարմար է։ Քանի որ լուր օրերը պրոպագանդայով եք զբաղված` կուզեք կիրակի օր մը ձգեցեք, միայն կխնդրեի ձմեռը չձգեք` երբ ցերեկը 8 ժամ կտևե…
1917թ.
ԵՐՋԱՆԻԿ ԳՈՒԺԿԱՆՆԵՐ
Մեր ազգի բանիմաց մարդիկ գուժկաններ են դարձեր հասարակ ժողովրդին համար։ -Օգնությո՜ւն, օգնությո՜ւն, ազգը ձեռքե գնաց, թյուրքերը Սարիղամիշն են, քյուրդերը Կարաքիլիսե, պարսիկները Շահթախթ,- կպոռա մեկը այդ գուժկաններեն ու տուն կմտնե։ -Ի՞նչ թյուրք, ո՞ր պարսիկ, ո՞ւր է Կարաքիլիսե. քալե երթանք, ցույց տուր սպանենք զանոնք, – ձայն կուտա ամեն կողմեն հասարակ ժողովուրդը և զենքն առած գուժկանին դուռը կվազե։ Գուժկանը պատուհանը կելնե։ -Թյուրքերը օսմանցիներն են, պարսիկները՝ շիաներն, Կարաքիլիսեն կգտնվի Խնուսեն արևելք, Դիադինեն արևմուտք, Ալաշկերտեն հարավ, Դութաղեն հյուսիս. աջ թևով կհառաջանաք, կծռիք ձախ` ահա այդտեղ է… Ծո, դեռ կեցե՞ր եք, հասե՛ք, հասե՛ք… -Երթանք… բայց դուն չպիտի՞ գաս։ -Ծո, ինչպե՞ս չէ, ինչպե՞ս չէ, չերթալ կըլլա՞։ Դուք առաջացեք, ես հա՛, մտա թեյս խմեցի հասա, շատ տաք է. ժամ մըն է կփչեմ` չի սառեր։ Ժողովուրդը կերթա, կանցնի երկու ամիս ու դեռ ատ մարդուն թեյը… չի սառեր։ Երկրորդ գուժկանը ճակատեն կդառնա ձիով, գրպանը լեցուն, չաղ ռոճիկին մնացորդները մորուքին վրայեն սրբելով։ -Ծո՛, դուն դեռ հո՞ս ես, – կճչա ամբողջ ուժովը` կնոջ թևը մտած փողոցեն անցնող Մարկոսին վրա։ -Հապա ո՞ւր ըլլայի,- վախեն կնոջ թևը թողած կհարցնե Մարկոսը։ -Ո՞ւր, ճակա՛տը, ճակա՛տը, թշվառական, չե՞ս գիտեր։ Այս րոպեիս ես հոնտեղեն կուգամ, Մանազկերտն այրվեցավ, Խնուսը գաղթեց, ժողովուրդը սովալլուկ… և դուն դեռ կեցե՞ր ես,- կըսե մտրակը շարժելով։ -Մի պոռար, երթամ պիտի… արդեն ճակատն երթալու համար եմ տունեն ելեր,- կըսե Մարկոսն ամչցած ու վախեցած։ -Դե քալե՛, ալ ուշացեր ես։ -Իսկ դուն չպի՞տի գաս… -Ծո, ինչպե՞ս չէ, ինչպե՞ս չէ. ես ազգային գործով եմ եկեր, գործս վերջացնեմ ու հասնեմ… Մարկոսը ճակատը կերթա ու ինքը վերցնելով Մարկոսին կինը, զոր վաղուց կսիրեր, թևանցուկ տուն կդառնա… գործերը վերջացնելու։
ԶՎԻՑԵՐԻԱ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ
Ինչպես որ Զվիցերիո մեջ գերմանացիք, ֆրանսիացիք և իտալացիք կկազմեն դաշնակցական պետություն մը, անանկ ալ Հայաստանի մեջ դաշնակցականները, ռամկավարներն ու հնչակյանները կկազմեն դաշնակցական ազգություն մը, ազգային բոլոր հարցերու մեջ միանգամայն ավտոնում։Այն օրվնե, երբ գոյություն ունեն այս կուսակցությունները, տեսնված չէ համազգային հարց մը, որ տեղե մը ճամփա ինկած` անարգել իր նպատակին դիմած ըլլա։ Կուսակցություն մը ազգին համար բան մը կշինե, բայց անկարելի է, որ այդ շինված բանը գործադրության դրվի, ինչքան ալ օգտակար ըլլա. ո՛չ, պետք է բերես մյուս երկու կուսակցություններու առջևեն անցունես, անոնք ալ ձեռները շինված բանին վրա քսեն, որ նո՛ր վավերական սեպվի։ Զինվորագրությունն այն միակ հարցն է, որ սխալմամբ կկարծեի, թե համազգային պիտի ըլլար ու բոլոր կուսակցություններն իրենց քիթերը վեր բռնելով, թող պիտի տային, որ այս հարցն անարգել անցներ իր գործին երթար։ Բայց այդպես չեղավ։ Երևանի մեջ թուրքահայ զինվորագիր ատյան մը կա, որու անդամները Արևմտահայ խորհուրդեն բխյալ կուգան և կազմված են դաշնակցականներե և ռամկավարներե։ Ու հնչակյաններ չկան։ Տե՜ր, դու փրկես-ազատես… Էֆենդիմ, սա հնչակյանները, որոնք գրպանի փոշու նման մինչև գրպանը չշրջես` չեն երևար, հրապարակ իջան ու պահանջեցին զինվորագիր ատյանին մեջ տեղ մը։ -Տեղ չունինք,- ըսին։ -Ինչո՞ւ։ -Վասնզի ձեր կուսակցությունն ընդամենը 17 հոգիե կբաղկանա։ Այս լսելով հնչակյանները ետև դարձան ու պոռացին. -Պրոլետարնե՛ր բոլոր երկրներու, միացե՛ք։ Միացան։ Ու դեռ 17-են բան մըն ալ պակաս դուրս եկավ։ Ասոր վրա գացին եկան, եղածին բան մըն ալ ջուր զարկին ու վերջապես իրենց թիվը 17-ի հասցնելով` տեղ պահանջեցին և… ստացան։
*** Իսկ ես կբողոքեմ։ Հայ ազգն երկու միլիոն է։ 17-ը երկու միլիոնի մեջ 117, 710 անգամ կա ու դեռ տաս ալ կավելանա։ Եթե տասնևյոթանոց կուսակցություն մը իրավունք ունենա տեղ մը պահանջելու, այն ատեն զինվորագիր ատյանը պիտի բաղկացած ըլլա 117,710 անդամներե ու 10 փոխանդամներե։ Թող տալով, որ այսքան միայն գրելով զբաղվեն, նախ գրիչ չի բավեր, երկրորդ իբրև ճակատ մեկնողներ, մեր դեմ պիտի ունենանք ծերեր, կանայք ու երեխաներ… միայն։ Այս օրենքին հիման վրա ի՞նչ կըսեք ինձ, որ վաղն իսկ երթամ աներոջս, քեռիիս, փեսայիս, քավորիս դռները ծեծեմ ու հինգ քույրերուս հետ վաթսուննոց կուսակցություն մը կազմեմ ու Ատյանին առաջը գալով` երկու տեղ պահանջեմ։ Ա՜, պիտի ըսեք խելքը գլխին մարդ չունիս։ -Մարդ չունիմ քե՞զի ինչ. մարդ չունիմ` ձող մը կտնկեմ Ատյանին մեջ կդառնամ. տեղը իմս չէ՞, խնդիրը սկզբունքի՞ն վրա է, թե մարդու։
*** Ի տես կուսակցության մը այս անձնուրաց աշխատասիրության, միտքս կուզա հետևյալ միջադեպը, որ վերջաբանի փոխարեն կուզեմ պատմել։ Այգետեր մը երկու մշակ վարձելով` այգին փորելու կղրկե։ Կեսօրին այգին գալով, կտեսնե այգին բնավ փորված չէ ու մշակները քանի մը քայլ իրարմե հեռու, կռնակներուն վրա պառկած երկինքը կնայեն։ -Ին՞չ ես ըրեր այսօր,-կհարցնե այգետերը մոտենալով առաջին մշակին։ -Ոչին՛չ,- կպատասխանե մշակը առանց ծածկելու։ -Դո՞ւն ինչ ես ըրեր,- կհարցնե այգետերը երկրորդ մշակին։ Սա, որ չէր լսած, թե ինչ էր պատասխաներ իր ընկեր մշակը` կպատասխանե` -Տե՜ր, իսկ ես կօգնեի ընկերոջս… 1918թ.
ԱՆՑՅԱԼ ԱՆԿԱՏԱՐ ՏԵՍԱԿԻ ԱԶԳԱՍԵՐ ՄԸ
Շատ, շատ ազգասեր էր բազազ Ստեփանը և շատ ալ հարուստ։ Ամեն անգամ, երբ քանի մը արշին ճոթ ծախած հաճախորդը ճամփու դնելով մնացյալ ապրանքը կծալլեր, կնկան ներկայությամբ ինձի կդառնար վճռական թոնով մը. -Կտեսնա՞ս, Հովնաթա՛ն, աս բոլոր հարստությունս ազգին պիտի նվիրեմ, եթե օր մը անիկա ազատվելու ըլլա իր գերութենեն։ -Օ՜ֆ, աման, մա՛րդ. դուն ալ շարունակ մի կրկներ նույն բանը, Աստվածդ սիրես,- վրա կբերեր կինը վախեցած։ -Կնի՛կ, ոչ միայն հնչուն դրամներ, այլ նաև ողջ խանութս, – կառաջանար իր առատաձեռնության մեջ Ստեփանը` կրկնապատկելով կնկան սարսափը։ -Նվիրե, թող ընտանիքդ անոթի մեռնի… -Ծո, խե՛նթ, ընտանիք ապրեցնելու ժամանա՞կ է, երբ հարցը ազգին փրկությանը կվերաբերի, ես կնվիրեմ նաև տունս… ոգևորված կկցեր ան։ -Նվիրե, ինչու կեցե՞ր ես,- սրդողած կըսեր կինը՝ երեսը շուռ տալով։ Ու կսպասեր կնոջ բարկանալուն… որ նվիրեր։ -Կնի՛կ, քեզի կըսեմ մի բարկացներ ինձի, չենե այգին ալ պիտի նվիրեմ, ջաղացն ալ հետը… Կինը վախեցած կքրթմնջար միայն սովորաբար, ու կտիրեր լռություն։ Եվ այդ լռության մեջ բազազ Ստեփանին ազգասիրությունը նորանոր ճամփաններ կկտրեր։ -Տո՛ ինձի մտիկ. ես ոչ միայն կուտամ խանութս, տունս, այգիս ու ջաղացս, այլև բոլորը, նույնիսկ աս փալթոս վրայես կհանեմ կուտամ. բարով թող հասնի այդ օրը… -Ա՜խ, Աստված… գեթ ամառ ըլլար այդ օրը, որ մարդս չպաղեր փալթոսուզ, – կմրմնջար խեղճ կինը ու կհեռանար խանութեն։ Այսպես համարյա շաբաթվան մեջ չորս օր բազազ Ստեփանը իր ունեցած-չունեցածը ազգին նվիրելով` մերկ ու տկլոր տուն կվերադառնար խանութեն` մեծ սարսափ ազդելով կնկան, որը կվախենար օր մը անոթի մնալ, և ինձ, որ անոր ստակովը համալսարան երթալ մտադրվեր էի։ Հետևաբար ես համաձայն չէի ազգին ազատությանը` առժամաբար, իսկ բազազ Ստեփանին կնիկը` ընդմիշտ։ Բարեբախտաբար թե դժբախտաբար` ըսեմ, այդ ատենները հայոց քաղաքական մթնոլորտը կմռայլեր ու կմռայլեր։ Ռուսական ցարը հեռուեն մատով հային գլուխը կցուցներ, սուլթանը իր տապարը կիջեցներ հոն ու այսպես հաջողությամբ մեր բնաջնջումը առաջ կտարվեր. իսկ ինչքան ազատության հույսը կաղոտեր, այնքան բազազ Ստեփանին խոստումները կպլպլային… Անցան շատ տարիներ։ Տասներեք տարի ետքը ես դարձյալ բազազ Ստեփանին խանութն էի։ Լուրեր կշրջեին, թե հայերը պիտի ազատվին վերջապես օտարին լուծեն, բայց ան որոշեր էր փալթոն չնվիրել ազգին, պատճառ բերելով, թե ոսկրացավ ունի ու, դժբախտաբար, չպիտի կրնա փալթոսուզ կենալ։ Եկան օրեր, երբ լուրերը սկսեցին առավել ևս համառ դառնալ ու մամուլն ալ արձագանքեց. ես դարձյալ իր քովն էի. ան որոշեր էր այգին պահել որպես իր ընտանիքին ապրուստ, իսկ ջաղացը տալ իբր օժիտ իր Արմինե դստեր, որը տգեղ ըլլալուն համար չպիտի տանեին։ Երրորդ այցիս, երբ լուրերը ստուգվեցան, որ հայկական գունդերը Հայաստան կփութային, անիկա համաձայն էր իր տան քանի մը սենյակները ազգին նվիրել, եթե վարձվորները համաձայնեին դուրս ելլել. իսկ խանութը, որ անապահովության երեսեն դատարկված էր, այնքան պարապ էր, որ կամչնար իրավցնե ազգին նվիրել։ Ու վերջ ի վերջո, բազազ Ստեփանը բան մը չտվավ ազգին։ Բայց ազգասեր մարդ էր։ Մեղավորը ազգն էր, որ այսպես անժամանակ ազատվեցավ։ Ամեն բան իր ժամանակն ունի… Մինչև իր կյանքի վերջ, ես իբրև մոտիկ բազազ Ստեփանին, պիտի վկայեմ, որ մնալու է ազգասեր` միայն անցյալ անկատար տեսակի։ Ըսեմ, որ բազազը ինձի համալսարան չղրկեց. մերժում ստացա։ Հոգ չէ, չեմ ցավեր, միայն ափսոս, եթե առաջուց գիտնայի, թե մերժվելու էի, պիտի ցանկանայի, որ Հայաստանի ինքնավարությունը տրվեր ասկե տասներեք տարի առաջ… 1918թ
ՆԻԿՈԼԱՅ ՑԱՐԻՆ ՆԱՄԱԿԸ ՈՒԼՅԱՆՈՎ ԼԵՆԻՆԻՆ
Աքսորական ցարը ընդարձակ նամակ մըն է ուղղեր Լենինին‚ որմե քաղվածաբար կբերենք հետևյալը։ Սիրելի Լենինին‚ գաղափարակից ընկեր իմ․ Սրտի անհուն բերկրությամբ օրը օրին կլսեմ գործերուդ մասին։ Իմ կալանավորվելես ի վեր միշտ այն մտահոգությունն ունեցած եմ․ թե ինձի հաջորդ մը չթողի աքսոր երթալես առաջ․ Հիմա ուրախ եմ‚ որ դուն իմ տեղս անցած գործս կշարունակես ամենայն ճարտարությամբ։ Առանձնապես հաճույք պատճառեց ինձ Բուրցևի ձերբակալությունը։ Ամուր բռնե ատոր‚ այդ խլուրդին‚ որու ամբողջ գործը եղած է միապետական գաղտնիքները անքաղաքավարորեն հրապարակելուն մեջ։ Եթե հաջողի քեզի Կերենսկիին բռնել‚ լուր տուր ինձի‚ սիրտս բավական պիտի թեթևի իմ ախոյանին կալանավորման ի տես։ Անոր կախե անպատճառ։ Ներիր սա հարցմանս․ դուն եթե այդքան մոտիկ էիր իմ գաղափարներուս‚ ինչո՞ւ իմ իշխանությանս օրոք քեզի հեռու կպահեիր ինձմե ու չէիր գործակցեր ինձի։ Եթե իմ գահընկեցությանս օրը դուն Ռուսաստան ըլլայիր‚ գիտեմ, որ այս փորձանքը չպիտի գար գլխուս։ Ինչևէ‚ ես հիմա երջանիկ եմ անով‚ որ իմ վրեժիս հատուցումը քո վստահելի ձեռներուն է հանձնված։ Դուն լիապես կրնաս օգտվել իմ կազմած գաղտնի ոստիկանական կազմեն‚ որք գուցե քայքայված ըլլան քիչ մը‚ բայց եթե վերակազմելու ըլլաս՝ քեզի անգնահատելի ցուցմունքներ կրնան ընել։ Պուրիշկևիչը ո՞ւր է հիմա‚ անոր կամ Մարկով 2-ին գտիր‚ անոնց հետ կրնաս սրտաբաց ըլլալ‚ անոք իմ և‚ հետևաբար‚ քո բարեկամներն են։ Լսածովս դուն հանցավորները կգնդակահարես‚ ես կկախեի սովորաբար։ Միայն սա կետին մեջ ես ու դուն կտարբերվենք իրարմե‚ բայց ատիկա մանր տակտիկական խնդիր մըն է‚ որ չի կրնար մեզի իրարմե բաժանել։ Մեր երկուսին ալ նպատակն է հեղափոխականները ջնջել‚ ըլլա կախաղանով կամ գնդակով՝ միևնույն է։ Դուն քեզի կոմիսարներու նախագահ անունը տված ես։ Պետք է ըսել‚ որ այնքան ալ հարմար անուն մը չէ ատիկա։ Ցար կոչվել ավելի լավ է‚ քան կոմիսար։ Թեև‚ ըսենք‚ քանի որ պաշտոնները միևնույնն են‚ անունը ինչ կուզե թող ըլլա‚ միայն ըսել կուզեմ‚ որ ինձի ցար տիտղոսը ավելի ախորժելի կուգա‚ քան կոմիսար։ Կարդացի Գվոզդևին նամակը։ Որպես թե իմ ատեն յոթն անգամ ձերբակալվեր է ու իմ պատճառած տանջանքները քոնի հետ համեմատած անմեղ կատակներ են եղեր․․․ Առ այս կուգամ հայտնելու‚ որ ատիկա անպատկառ սուտ է‚ որը կուգա իմ պատիվը արատավորելու։ Ես ամեն անգամ քաջաբար պատժած եմ հանցավորները և նույնքան խիստ‚ որքան դուն‚ միայն սա կա‚ որ իրավ է‚ ես բանտին մեջ մարդիկ չէի մերկացներ‚ բայց ատոր փոխարեն ես ալ անանկ բաներ կընեի‚ որ դուն չես ըներ։ Գվոզդև և նմանները կուզեն ցուցնել‚ որ մենք որպես թե տարբեր ուղղությամբ ենք գործեր‚ բայց կուգամ հայտարարելու‚ որ մեր երկուսիս գործունեությանց մեջ մազաչափ տարբերություն անգամ չկա։ Ես Շմիդտը գնդակահարեցի‚ դուն յունկերները‚ ես Սպիրիդոնովան բռնաբարեցի‚ դուն՝ կանանց բատալիոնը։ Ես ալ կամեցա հաշտվել գերմանացոց հետ‚ դուն ալ կուզես նույնը ընել․․․ Ա՜խ‚ ա՜խ․․ սիրելի Ուլյանով‚ սիրտս լեցված է անհուն կսկիծով‚ կուզեմ բանալ առջևդ‚ բայց գրիչս չի զորեր․․․ Որիշ ինտո՞ր ես։ Տիկինդ ինչպե՞ս է։ Եթե Ռասպուտինը ողջ ըլլար‚ անշուշտ կուրախացներ տիկնոջդ‚ ինչպես ժամանակին ուրախացուց կնկաս։ Սրտագին բարևներով՝ քո ՆԻԿՈԼԱ Հ․Գ․ Իրավ մոռցա ըսելու․ չէր կարելի հրամայեիր․ որ Պետրոգրադ գայի ես‚ կարծեմ այլևս անձիս համար վտանգ մը չկա‚ քանի որ բոլոր հեղափոխականները բանտն են լեցված։ Համենայն դեպս՝ այս կետը քո ուշադրությանը կհանձնեմ։ Եթե դա վաղաժամ կգտնես՝ հոգ չէ‚ քանի մը օր ալ կսպասեմ։ 1918թ.
ՊԱՌԼԱՄԵՆՏ
Նախ անունին համար այսքանն ըսեմ‚ որ պառլամենտ կոչումը ամեն ազգ չի գործածեր․ պառլամենտ կըսենք մենք‚ անգլիացիք ու ֆրանսիացիք միայն։ Մնացյալ մանր ազգերն ունին իրենց ուրույն անունները։ Օրինակ, ֆինները սեյմ կըսեն․ տաճիկները՝ մեջլիսի մապուսան‚ պզտիկ ռուսները՝ ռադա և այլն։ Վրացիք‚ որք Գերմանիո նման նվաճողական քաղաքականություն են սկսեր Կովկասին մեջ‚ հավանաբար ռայխստագ անունը տան իրենց խորհրդարանին։ Պառլամենտը‚ այսինքն այն‚ որ ունինք մենք‚ ֆրանսիացիք ու անգլիացիք‚ կունենա սովորաբար չորս դուռ․ երկու դռնով կմտնեն հոն խոսողները‚ մյուս երկուսով՝ լսողները։ Պզտիկ դուռ մըն ալ կըլլա բեմին վրա‚ ուրկե սպասավորը ջուր կբերե‚ որ ըստ իս այժմեական դուռներեն չէ։ Պառլամենտին մեջ շարված է երեք կարգ նստարաններ․ աջ կողմին աթոռներու վրա կնստին հետադեմ-բուրժուա-կղերական տարրեր։ Ասոնք չեն ուզեր‚ որ մարդիկ աշխարհիս վրա հավասար ապրեն‚ այլ կուզեն‚ որ կես մասը անոթի ըլլա, կեսը կուշտ։ Չեմ հասկանար՝ թե ինչե՞ն է‚ որ այսպես կուզեն։ Մերթ կմտածեմ‚ թե կարելի է խիստ զբաղված ըլլալով չեն գիտեր‚ որ սոցիալիզմ կա աշխարհիս վրա՝ բայց կվարանիմ‚ վասնզի անցյալ շաբաթ օր‚ անոնցմե մեկը ներկա էր տիար Հայկ Ազատյանին ատենախոսությանը․ կարելի՞ բան էր‚ որ անտեղյակ մնային․․․ Աջակողմյան շարքի ետևի աթոռները կծառայեն որպես պանդոկ օտարական մարդոց‚ զորօրինակ‚ հյուր մը‚ այլազգի մը‚ կամ գիշերով դավանանքը կորսնցուցած մարդ մը եթե պատահի՝ հոն կնստի։ Ձախ կողմը կնստեն հավասարասերները։ Ասոնք կուզեն‚ որ երջանկություն ու հավասարություն ըլլա ամենուրեք։ Խնդրի մը վրա երկար ու բարակ չեն խորհիր‚ անոնց ամեն բանը նախապես մտածված‚ չափված-ձևված է։ -Շովինիզմ‚ նացիոնալի՞զմ՝ -Կորչի՜։ -Կապիտալ‚ կապիտալի՞զմ՝ -Նույնպե՜ս։ -Պատերազմ ու միլիտարի՞զմ՝ -Չքվի՜‚ չերևա։ Եվ այսպես‚ ամեն երևույթի համար պատրաստի բանաձևը շրթունքներին կշրջեն․ հանգամանք մը‚ որ անոնց կուտա հաստատուն անհողդողդ ու վճռական կերպարանք։ Եթե մեկը անոնցմե կփռնքտա՝ բնավ պատահական չես գտներ հոն, այլ կըսես՝ ասիկա պատմական անհրաժեշտություն մըն էր‚ ու չէր կրնար չկատարվիլ․․․ Կեդրոնի աթոռներու վրա նստող մարդոց դավանանքին մասին դժվար է բան մը ըսել‚ ինչու որ‚ գործով են կլանված։ Եթե ճշմարիտ է‚ որ սկզբունքը միայն պարապ մարդիկ կունենան‚ ապա ուրեմն պիտի սպասենք‚ մինչև որ պարապ մնան‚ սկզբունքի մը վրա մտածելու համար։ Ժամանակին Իսահակը Հակոբ անունով որդի մը ուներ‚ որը առտվնե մինչև իրիկուն խոհանոցը մտած՝ մորը հետ կաշխատեր։ Ես միայն Հակոբին կրնամ նմանցունել սա կեդրոնականները‚ որք կառավարության հետ առանձնացած՝ պետություն կպատրաստեն հայ ժողովրդին համար։ Իսկ նիստերու ատեն ունեն սկզբունք մը՝ աջիններեն ավելի հաստատուն‚ ձախիններեն ավելի անհողդողդ‚ այդ այն է‚ որ պետք է պաշտպանել կառավարությունը‚ ինչ ալ ընելու ըլլա։ Այս երեք շարքի մարդոցմեն առաջինը ինքզինքը ժողովրդական կուսակցություն կանվանե‚ երկրորդը՝ սոցիալիստական ֆրակցիա‚ իսկ երրորդը՝ դաշնակցական։ Պառլամենտի սա երեք հատվածները այնքան անփոփոխ նույն տեղը կնստին‚ որ սկզբները կկարծեի, թե սկզբունքները բուն իսկ տեղեն է‚ որ կբխի․ ըստ այսմ‚ ով ալ որ նստի ձախակողմյան աթոռներուն վրա‚ ազատամիտ գաղափարներ պիտի հայտնե։ Սակայն սխալ էի։ Օր մը աջի մարդոցմե մեկը‚ որ պատահմամբ ձախն էր նստեր‚ կարծիք հայտնելուն դարձյալ նույն հետադեմ‚ նույն կղերա-պահպանողական մտքերը հայտնեց։ Այդ օրեն հասկացա‚ որ սկզբունքը տեղական‚ կլիմայական պայմաններե չազդվիր‚ այլ անփոփոխ կգտնվի յուրաքանչյուրին մեջ‚ ու չի ալ խառնվիր ու աղավաղվիր‚ վասնզի, եթե աջ մը մոռացած է իր լսելիքը‚ ձախին նայելով իր խոսքը կճշտե։ Եթե ձախը ճերմակի մասին կխոսի‚ բնական է‚ որ իր ըսելիքը սև ըլլա‚ եթե սևի մասին՝ ճերմակ։ Իսկ թե ինչո՞ւ համար անպատճառ ժողովրդականը աջ կողմը պիտի նստի‚ մյուսը՝ ձախ‚ մեկալը կեդրոն՝ այդ չկրցա հասկնալ‚ հավանաբար պատահական դասավորություն ըլլա։ Ես ալ‚ օրինակ‚ պզտիկ ժամանակս‚ մյուս երկու եղբայրցս հետ պառկելուս‚ միշտ եզր պառկելը կնախընտրեի․․․ Ետևի կողմեն եթե ընդհանուր ակնարկ մը նետելու ըլլանք սա հատվածներուն վրա‚ կպարզվի‚ որ ձախ նստողներուն մազերը սեփ սև է, կեդրոնականներուն՝ գլուխը սև ու ճերմակ մազերը հավասարաբար բաժներ են իրարու մեջ‚ իսկ աջակողմյաններու գագաթները մեծավ մասամբ մերկ-փայլուն․ մազերը կգտնվին միայն լանջերուն վրա‚ կամ գլխի արևակող մասերը։ Այս երևույթը միամիտ դիտողի մը կրնա սա սխալ եզրակացությանը տանել‚ թե՝ պզտիկ ատենը մարդս առհասարակ սոցիալիստ կըլլա ու հասակն առնելուն‚ հետադեմ կդառնա։ Բայց սխալ է․ վասնզի եթե ճիշտ ըլլար‚ ապաքեն ձախակողմյանները պիտի որոշեին այլևս չմեծնալ։ Պառլամենտին մեջ նիստեր կան‚ երբ կուսակցական շարքերը փետրափոխ թռչունի մը նման լերկ ու ցանցառ կըլլան‚ իսկ ատոր հակառակ նիստեր ալ կան‚ որ ձմեռվա աքիսի նման թավ կըլլան‚ այդ այն նիստերուն‚ երբ հակառակ մյուս կուսակցությանց՝ խնդիր մը պիտի անցունեն ու մատի պետք ունին։ Պառլամենտին ճակատը շինված է բեմը։ Բեմին վրա կնստի մեկը‚ որուն Հայր Աբրահամ կըսեն‚ անոր հետ կան երեք այլ մարդիկ‚ որք ոչ թե Հայր Աբրահամուն գոգը կնստին‚ այլ անոր կողքը‚ քովնտի։ Այս բոլորեն զատ՝ կա նաև խումբ մը‚ որ առանձնացած կնստի ձախակողմյան պատին տակի մեկ անկյունը՝ բեմին առջև՝ ճիշտ այն շարքով‚ ինչ շարքով որ “Յոթն եղբայրք” կոչված համաստեղությունն է երկնակամարին վրա։ Պառլամենտին լեզուն հայերեն է‚ երեք կուսակցություններն էլ կխոսեն այդ լեզվով․ ունեն յոթը հոլովներն ալ․ բոլորն ալ կըսեն՝ մինիստրը‚ մինիստրի, մինիստրին‚ սակայն մինիստրին կատարած գործողությունները‚ այսինքն՝ բայերը տարբեր խոնարհելուն համար‚ իրարու չեն հասկնար։ Ձախակողմը կխոնարհե այսպես․
Սահմանադրական եղանակ
Ներկա ժամանակ՝ Մինիստրը՝ կընե‚ գեշ կընե, շատ գեշ կընե։ Անցյալ՝ ըրավ‚ գեշ ըրավ‚ շատ գեշ ըրավ․ Ապառնի՝ պիտի ընե‚ գեշ պիտի ընե‚ շատ գեշ պիտի ընե։ Պայմանական՝ որ ընե՝ կընե‚ որ ընե՝ գեշ կընե‚ որ ընե՝ շատ գեշ կընե։ Ներկա ընդունելություն․ ընելու չէ։ Անցյալ՝ ընելու չէր։ Կեդրոնը այսպես կխոնարհե։ Մինիստրը՝ կընե‚ լավ կընե‚ շատ լավ կընե։ Անցյալ՝ ըրավ‚ լավ ըրավ‚ անթերի ըրավ։ Ապառնի՝ պիտի ընե‚
լավ պիտի ընե‚ շատ լավ պիտի ընե։ Պայմանական՝ որ ընե՝ կընե‚ որ ընե՝ լավ կընե‚ որ ընե՝ հիանալի կընե։ Ներկա ընդունելություն․ Յա՞‚ գործն ասանկ ըլլալու է։ Անցյալ՝ Յա՞‚ գործն ասանկ ըլլալու էր։ Աջակողմը ձախին նման կխոնարհե‚ միայն ընդունելությանց մեջ կշեղվի․ Ընդունելություն ներկա․ չէ‚
պրեմիերը մեզմե ըլլալու է։ Անցյալ՝ չէ‚ պրեմիերը մեզմե ըլլալու էր․․․