Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարից տուժած կողմը խնդրել է հանրությանը ազգովի նախաքննություն չկատարելPanorama.am-ը գրում է.

Եղվարդ-Երևան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում տուժող ճանաչված «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արթուր Հակոբյանի նոր փաստաբան Ռուբեն Բալոյանը վստահ է՝ առանց հիմքերի հնարավոր չէր, որ Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանք կիրառվեր: 

Նկատենք՝ Ռուբեն Բալոյանը, որը նախկինում աշխատել է որպես Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային պատահարների քննությամբ զբաղվող քննիչ, Հանրապետությունում ավտովթարների գործերով զբաղվող հայտնի փաստաբաններից է:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Ռուբեն Բալոյանն ասաց, որ երեկ, նոյեմբերի 21-ին Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ ինքը խնդրել է իրեն ևս տրամադրեն այն փաստաթղթերը, որոնք կան պաշտպանական կողմի մոտ, որպեսզի կողմերը ներկայացված լինեն հավասար սկզբունքներով: 

Փաստաբան Բալոյանն այս պահին հրաժարվում է նախաքննության տվյալներ հրապարակել, քանի որ հակառակը կարող էր խոչընդոտել նախաքննությանը: «Նախաքննության տվյալներ հրապարակելը կխոչընդոտի քննությանը և բոլորիս էլ պետք է արդար նախաքննություն: Թե չէ, ստացվում է, որ ազգովի նախաքննություն են կատարում, ինչը անընդունելի է: Մենք պետք է հնարավորություն տանք քննչական մարմնին կատարել օբյեկտիվ նախաքննություն», -մեզ հետ զրույցում նկատեց փաստաբանը:

Մեր խնդրանքով անդրադառնալով պաշտպանական կողմի այն հայտարարությանը, թե «Նիվա» մակնիշի կողային հայելիները բացակայել են, Բալոյանն ասաց, որ դա չհիմնավորված փաստ է, որը չպետք է դառնա «համաժողովրդական քննության առարկա»: «Ի՞նչ է նշանակում հայելիներ չեն եղել, բայց ինչի՞ հայելիներ չեն եղել: Իսկ ո՞վ է ասում, որ հայելիներ չեն եղել: Դա նույնն է, որ ես ասեմ՝ «ԲՄՎ»-ի առջևի լապտերների վրա ապակիներ չեն եղել: Ես չունեմ դրա իրավունքը: Եթե փորձաքննությամբ կպարզեն դա, նոր միայն այդ փաստը կհամարենք ապացուցված», -նկատեց փաստաբանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել