Armtimes.am-ը գրում է.
Հայաստանի «ռուսաֆիկացումը» մի այնպիսի թափ է հավաքել, որ արդեն դժվար է կռահել, թե մինչեւ ուր դա մեզ կհասցնի: Գործող իշխանությունը բոլորովին վերջերս Գյումրիի մի հսկայական մասը դարձրեց ռուսական 102-րդ ռազմաբազան սպասարկող տարածք, եւ հիմա արդեն հերթը Երեւանինն է: Կառավարության այսօրվա նիստի օրակարգում է Երեւանի «Էրեբունի» օդանավակայանը ռուսական ռազմաբազային հանձնելու հարցը: Հարցի ձեւակերպումից դա ակնհայտ չի երեւում: Այն ձեւակերպված է այնպես, որ ռուսական ռազմաբազային են փոխանցվում Երեւանի «... Արշակունյաց փողոցի N 7 ռազմական ավանը` (ուղղաթիռային սավառնակախմբի (էսկադրիլիայի) կանգառի և գետնավարման ուղու կառուցման համար նախատեսված հողատարածքները, վարչատնտեսական օբյեկտների, զինանոցի, շտաբի, բնակելի ավանի, ինժեներաավիացիոն ծառայության շենքի, ավտոհավաքակայանի տարածքները եւ «Էրեբունի» օդանավակայանում վառելիքաքսուքային պահեստ կառուցելու համար տարածքներ) դրանք ներառելով Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկում»: Իսկ ցանկում նշված տարածքի կոնկրետ տեղաբաշխումը սահմանված է փողոցների անուններով` Արշակունյաց փողոց, Արարատյան փողոց, եւ Շիրակի փողոց: Հենց այս երեք փողոցներով էլ պարփակվում է Էրեբունի օդանավակայանն իր հարակից տարածքներով` ավելի քան 10 քառակուսի կիլոմետր:
Օդանավակայանը հիմա էլ օգտագործվում է ռուսական ռազմաօդային ուժերի կողմից: Սակայն այս որոշմամբ այն կդառնա ռազմակայանի սեփականությունը: Ակնհայտ է, որ սա մեր կառավարության նվերն է Վլադիմիր Պուտինին, նրա` դեկտեմբերի 2-ին Հայաստան կատարելիք այցելության առթիվ: Մինչեւ դեկտեմբերի 2-ը դեռ երկու շաբաթ էլ կա ու հայտնի չէ, թե քանի քառակուսի կիլոմետր եւս կփոխանցվի Ռուսաստանին:
Հ.Գ. Էրեբունի օդանավակայանի գործունեությունը մթության քողի տակ է: Օրինակ` երեկ մեր լուսանկարիչը օդանավակայանում լուսանկարել է առանց տարբերանշանների բազմաթիվ ինքնաթիռներ (նկարում) եւ պարզ չէ` դրանք ում են պատկանում` Հայաստանի՞ն, թե՞ Ռուսաստանին: Օդանավակայան մուտք ու ելք անողների մեծամասնությունը ռուսական ռազմաօդային ուժերի համազգեստով ռուսներ են:



