Նա վերցրեց թուղթն ու գրիչը և սկսեց գրել:

Մի սենյակ էր` հավանաբար իր,որտեղ դրված էր մի մեծ մահճակալ, հին, բայց թարմ տեսքով, մեկ պահարան` երկփեղկանի. դա ևս հին էր, բայց նրա տեսքից նկատվում էր այն արժեքը, որը նա ունեցել էր: Սենյակում կար նաև մի գրասեղան` իր լուսամփոփով, որի մոտ և նա նստած էր: Միակ հետաքրքիր բանը, որ կար սենյակում դա Նա էր և այն լուսամուտը, որը նայում էր ուղիղ դեպի հին ու խարխլված գործարանները:

Նա շարունակում էր գրել...

Հայացքից երևում էր, որ շտապում է ու մի մեծ հետաքրքրությամբ սպասում ավարտին:

Քամին անհամեստորեն ու անհրավեր ներս էր մտնում լուսամուտի բարակ անցքից ու մեղմորեն պարում առաստաղից կախված լամպի հետ: Լույսի շողերը շարժումից լողում ու շոշափում էին սենյակի գորշ պատերը և մերթընդմերթ հեռանում էին այն թղթի վրայից, որի վրա ջանասիրաբար իր պատմությունն էր պատմում Նա: Դրսում վազվզող երեխաների ձայնը նրան նույնիսկ չէր էլ խանգարում:

Նա կլանված գրում ու… գրում էր...

Սակայն հետո, երբ մութն արդեն վրա էր հասնում, լույսերն անջատեցին, նա այնպես բարկացավ, որ կարծես թե մի գեղեցիկ երազից վերադարձավ դաժան իրականություն: Նա տեղափոխվել էր այն երազը,որը հենց ինքն էր հորինել ու այնտեղ կատարվող ամեն ինչը ջանասիրաբար հանձնում էր թղթին: Նա հիասթափվել էր այդ տեսակ մանր տեխնիկական խնդիրներից, որը պատճառել էր աշխարհը իրեն և խանգարում էր երազի երկարատև լինելուն: Եվ հենց այդ պահին Նա զգաց լույսի կարևորությունն այնպես, ինչպես և ես գրում եմ հիմա լույսի ու սպասումի մասին:

Նա վեր է կենում աթոռից ու հեռանում սենյակից: Հետո վերադառնում է մոմը ձեռքին ու նստւմ գրասեղանի առջև և վառում այն: Նրա դեմքը ամբողջովին լոսավորվում է ու երևում է այն երջանիկ աչքերի փայլը, որը մոտավորապես հինգ-վեց րոպե առաջ զայրույթի բյուրեղների էր վերածվել: Նրա համար արդեն ամեն ինչ կար` լույս, թուղթ, գրիչ ու… նա սպասում էր...

Նա երջանիկ էր ու նույն հետաքրքրուտյամբ շարունակում էր գրել: Մոմի հալված զանգվածը կաթում էր այն ափսեի մեջ, որի մեջ դրված էր մոմը: Այդ կաթիլների զանգվածը այնքան էր թափվել ափսեի մեջ, որ մի փոքրիկ լճակ էր գոյացել, որոնք արտացոլում էին նրա մտահոգ ու իմաստուն դեմքի ուրվագծերը:

Նա սպասում էր…

Այո, արդեն քանի տարի էր, որ նա սրտի թրթիռով սպասում էր ու կարծես ամեն օր մի նոր հույսով: Նա իսկապես ապրում էր լոկ սպասումով: Եվ հենց սա էլ ներազդում էր իր աշխարհայացքի, մտածելակերպի վրա: Նրա աչքերը նման էին մի մոռացված ու հեռավոր փարոսի ու հավանաբար հենց սպասումն էր պատճառը:

Սպասում…ինչ ասել է դա. իրավիճակ, կյանքի տեսակ, թե՞ երջանկության ճանապարհներից մեկի լուսակիր… Չգիտեմ ու երևի ինքս էլ, որ սա գրում եմ, սպասում եմ սրա իսկ պատասխանին: Նշանակում է, որ սպասումը որևէ այլ բանի սկիզբ է ու կարելի է անվանել նախաբան:

Մանկական տարիքում սպասում ես նոր տարուն ու ձմեռ պապիին, պատանեկան տարիքում դա արդեն լրջանում է ու սպասում ես խնդիրների որոշակի լուծմանը, դրանից հետո, երբ ծերանում ես, արդեն սպասում ես ուրիշ բանի, որին պարզապես ստիպված ես սպասել, բայց եթե բախտդ բերի ու ինքդ դառնաս ձմեռ պապ, ապա քեզ կսպասեն. դա աշխարհի ամենահիանալի բաներից մեկն է, երբ քեզ սպասում են: Այսինքն` քեզ կարեվորում են ու գնահատում: Սրանից կարելի է մի բան եզրակացնել, որ մեր կյանքը հենց ՍՊԱՍՒՄՆ է , ուղղակի այդ սպասման ժամանակ կարևոր իրադարձություններ են լինում, որոնցից մեկը ՍԵՐՆ է: Այդ սպասման ժամանակ դու ապրում ես, դա էլ հենց կոչվում է ԿՅԱՆՔ:

Սա շատ հարաբերական բան է: Ոմանք լավ են սպասում, ովանք` ոչ այդքան, իսկ կան նաև մարդիկ, որոնք ուղղակի սպասել չգիտեն…չգիտեն ապրել: Մեր ամբողջ օրը, ժամանակը և նույնիսկ կյանքը մի հավերժ սպասում է:

Այ, օրինակ առավոտյան արթնանում ես, որպեսզի գնաս դասի կամ աշխատանքի կամ որևէ հանդիպման, մոտենում ես կանգառին ու սկսում ես սպասել… երթուղայինին: Դու այնքան էլ վատ չես սպասում: Մի քանիսը, ովքեր ունեն փոխադրամիջոց, միանգամից են հասնում համապատասխան վայր, այ սրանք լավ են սպասում, այն է` ապրում, սակայն մեկտեղ էլ միշտ շտապում են: Կամ օրինակ նստած ես տանն ու սպասում ես քո սիրելի ֆիլմի ցուցադրությանը, կամ թատրոնում ես սպասում ներկայացման սկզբին, դա չտեսնված սպասում է…համաձայնեք:

Գեղեցիկ է նաև սիրո սպասումը. դուք երկուսով եք սպասում նույն բանին, դա աներևակայելի է, չքնաղ, երբեմն անբացատրելի, բայց ցանկալի, ինչպես ոչ այլ ինչ այս երկնքի տակ:

Հիշում եմ աչքերիդ գույը, գլուխս պտտվում է ու ինչ եմ ուզում անել… ուզում եմ սենյակիս պատերը ներկել աչքերիդ գույնով ու … դանդաղ… խելագարվել… երջանկությունից… Ես սպասում եմ: Ես դեռ սպասում եմ: Ես ապրում եմ:

Ուզում եմ, որ դու էլ ինձ սպասես, ուզում եմ հանկարծակի լսել քո թավշյա ձայնը: Ուզում եմ, որ բոլորին էլ սպասեն…մանուկը մորը սպասի, մայրիկը` հայրիկին, հայրիկն էլ՝ աշխատավարձից բացի, հրաշքի սպասի: Չէ որ հրաշքների հավատալ է պետք, դրանք վաղ, թե ուշ իրականանում են, ընդամենը պետք է սպասել:

Ինչ շատ եմ կրկնում սպասում բառը, կարծես հոգնեցի, ինչպես մեկ-մեկ հենց հոգնում եմ սպասելուց… Չէ, ես չեմ հանձնվի, ես կսպասեմ, կսպասեմ քեզ, իմ մեծ սիրուն, երջանիկ օրվան, մանկան ճիչին, ճամփից դարձողին,,, ես ընդամենը ԱՊՐԵԼ եմ ուզում, հասկանում եք…սպասելուն համաձայն եմ:

Բայց մի բան էլ կա, մենք երբեմն չենք ընկալում ու գնահատում այն պահերը, երբ իսկապես երջանիկ ենք լինում, պիտի կարողանանք մեզ բռնացնել այդ պահին, գնահատել պահն ու ապրել:

-Փիլիսոփա դարձա, Աստված սիրեք, երբ է գալու իմ հերթը,- բացականչում էր երտասարդը` սպասումից հոգնելով:

Նա իմի բերեց իր թղթերն ու աթոռը հրելով և փոքր-ինչ ճիգ գործադրելով` վեր կացավ, մոտեցավ դռանը, մտովի հիշեց սպասելիքների մասին ու …

-ՙՔո որդին տուն կգա, մամ, դու սպասիր, ես մեծ գրող եմ դառնալու, ընդամենը խնդրում եմ, փոքր-ինչ սպասիր, լավ՚,- հիշեց վերջին փոխանակած բառերը մոր հետ ու դոփեց տեղում: Չանցած մեկ-երկու րոպե,կարծես մի կարևոր որոշում կայացրեց ու տան շեմքի դուռը բացելով դուրս եկավ ու գնաց դեպի տպագրատուն:

Գիրքը ձեռքն առած` նա դեռ երկար սպասեց խմբագրի, տպարանի, հովանավորների, իսկ ամենից շատ մոր համար, նա խոստացել էր ետ վերադառնալ, որ մայրը երկար չսպասի:

Նա տպագրատան սպասասրահում էր:

Ամբոխը ճամփա տվեց երիտասարդին, իսկ նա չէր էլ պատկերացնում, որ վեպը ձեռքից ձեռք է անցել ու հիմա նա հռչակավոր է:Նրան շատ ջերմ ընդունեցին ու վերցրեցին վեպը տպագրության: Պատանին այդ պահին` այդ հանրահռչակ գրողների եւ արվեստագետների առջև կանգաց էր շատ ադեկվատ և մտովի պատկերացնում ու հասկանում էր իր իսկ կողմից գրված ՙՍպասում՚ վեպի իմաստը: Այո նա սպասել էր ու վերջապես հասել էր իր երազանքին:

Երբ դուրս եկավ խմբագրի սենյակից` ականջին հասավ այն շշուկները, որոնք հնչեցնում էին մյուս հավակնորդները:

-Ո՞վ է այդ պատանին

-ՙՍպասում՚`սա նրա վեպի վերնագիրն է,և հենց նրա գործն են ընտրել:

դժկամորեն պատասխանում էր մյուսը…

Նա մի բարի ժպիտով քայլում էր տպագրատան միջանցքով` ձեռքին մի հավաստագիր: Տեսնում էր, թե ինչպես են մնացածներն սպասում ու նորից հիշում իր վեպը, որում այդքան շատ նա նշում էր սպասում բառն ու տալիս դրա բացատրություններն, ու երբ տեսնում դրա` սպասումի վառ օրինակները, ավելի էր համոզվում իր տված բացատրությունների ճշմարտացիությանը: Նա կարծես ինքնաբավարված քայլելով մոտենում էր ելքի դռանը. Նա տեսնում է, թե որքան մարդ է սպասում իր հերթին ու էլի հիշում է վեպը: Դուրս գալով այդ շենքից նա միանգամից հիշեց մորը` ու իր ասած բառերը. ՙՔո որդին տուն կգա, մամ, դու սպասիր…՚

Երիտասրդը միանգամից փոխակերպվում է կարծես, ու մոռանալով իր ձեռք բերած հռաչակն ու հաջողությունը` ու միանգամից շտապում դեպի տուն` մոր մոտ: Չէ որ նա սպասում է…

Մոտենում է դռանը ու կամաց թակում, մտքում անընդհատ կրկնելով ՙՍպասում՚ բառը: Նա սպասում էր,թե երբ պետք է մայրը բացեր այն…Նա ևս սպասում էր…

Մի ձեռքով հենված դռանը,մյուսով պինդ բռնած այդքան սպասված հավաստագիրը, գլուխը կիսակախ նա սպասում էր, և հանկարծ լսվեց դռան հանգիստ ու սովորական դարձած ճռռոցը: Դանդաղ երևաց մոր արդեն ծերացած, բայց գեղեցիկ դիմագծերով դեմքը:

- Դե,ի՞նչ եղավ տղաս. Հարցրեց մայրը:

- Սպասեցի ու իմ գործն ընտրեցին…

Ասաց տղան ու ներս մտնելով դուռը փակեց:

Ահա և վերջ…

Ու իսկապես պետք է սպասել,որովհետև որևէ պահ ,որևէ տեղ, ինչ-որ մի բան տեղի է ունենում, ու ամեն մեկը իր ձևով սպասում է այդ տեղի ունեցող իրադարձությաուններից մեկնումեկին: Երևի ես ևս…

Պետք է սպասել չմոռանալով գնահատել վայրկյանի գոյությունը, պետք է պարզապես կարողանալ ճիշտ սպասել, սպասել ու սպասելու ժամանակ ուղղակի գեղեցիկ սպասել, չէ որ որևէ մեկն էլ քեզ է ասպասում ու քեզ համար ապրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել