Իմ խորին համոզմամբ, Սահակաշվիլին և Իվանիշվիլին հեռանալով Վրաստանի բարձրագույն իշխանության երկու առանցքային պաշտոններից, ամենևին էլ չկորցրեցին իրական քաղաքական գործընթացների վրա ներգործելու, և որ առավել կարևոր է` նորից մեծ քաղաքականություն վերադառնալու հնարավորությունները: Որքան էլ տարօրինակ հնչի, այդ հնարավորությունները նրանք նախևառաջ վաստակեցին գեղեցիկ հեռանալու արդյունքում: Ինչ խոսք, ներկայում այս առումով ավելի շահեկան վիճակում է Իվանաշվիլին, որի կուսակցությունը մեկ տարի առաջ ստացած փաստացի իշխանությունը, նախագահական ընտրություններից հետո ամրագրեց բացարձակ կառավարման «քարտ-բլանշով»: Սակայն նոր ձևավորված քաղաքական կոնյունկտուրայի պայմաններում Սահակաշվիլին, որպես քաղաքական ընդդիմություն, շատ ավելի լայն մանևրի դաշտ է ստանում, և նաև որպես ընդդիմադիր ամպլուայի գործիչ, շատ ավելի կենսունակ է, ինչը հաջորդ խորհրդարանական ընտրություններում հաղթելու և վարչապետի պաշտոնի իրական հավակնորդ լինելու էական շանսեր է տալիս: Սա շատ լավ հասկանում է նաև Իվանիշվիլին, որն իր գրագետ տակտիկական քայլերով (հենց այս համատեքստում պետք է դիտարկել այս փուլում Իվանիշվիլիի` վարչապետի պաշտոնից հրաժարվելը) կփորձի խոչընդոտել Վրաստանի երրորդ նախագահի ծրագրերը: Սրանով հանդերձ, երբեք չպետք է անտեսել Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումներն ու ԱՄՆ-ի` աշխարհը ժողովրդավարացնելու ձգտումները, որոնք կարող են հիմնովին խառնել նրանց քաղաքական ծրագրերը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gerasimbarseghyan/posts/257921967695140?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել