Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպումից հետո համանախագահները հայտարարություն տարածեցին, որում մասնավորապես նշվում էր, թե «Նախագահները համաձայնել են թափ հաղորդել հետագա բանակցություններին՝ ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանը և հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին՝ համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը՝ խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով: Նրանք պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին»:
Հանդիպման հիմնական ինտրիգը հետևյալն էր. հետագայում նախագահները բանակցությունները կշարունակե՞ն Կազանում քննարկված փաստաթղթի հիման վրա, թե կսկսեն նոր էջից: Հանդիպմանն ու դրան հետևած հայտարարությունը ցույց տվեցին, որ բանակցությունները շարունակվելու են հին առաջարկների հիման վրա, համենայնդեպս, այս պահին, օրակարգում նոր փաստաթուղթ չի շրջանառվում:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր թափ հաղորդել բանակցություններին, ինչի նպատակով նախագահները համաձայնության են եկել առաջիկա ամիսներին կրկին հանդիպել: Սա ինքնին շատ կարևոր է, քանզի ցույց է տալիս, որ ամեն դեպքում, հանդիպումը կառուցողական մթնոլորտում է անցել, ինչն ապահովելու է բանակցությունների շարունակականությունը:
Ընդ որում՝ համանախագահների հայտարարության մեջ ընդգծվում է, որ «աշխատանքը շարունակվելու է խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով», ինչը նշանակում է, որ ադրբեջանական կողմը, գոնե հայտարարությունների մակարդակով, կողմ է արտահայտվել խաղաղ բանակցություններին՝ ընդունելով, որ միայն խաղաղ բանակցությունների միջոցով կարելի է արդյունավետ աշխատանք ակնկալել:

Մի կողմից, Վիեննայում կայացած հանդիպումն ու դրա արդյունքները լավատեսություն են ներշնչում, մյուս կողմից, վերհիշելով մինչ այս հանդիպումը ձեռք բերված պայմանավորվածությունների անտեսումը Ադրբեջանի կողմից, դժվար է կանխատեսել, թե իրադարձությունները հետագայում ինչ ընթացք կստանան: Շատ բան պարզ կդառնա նաև Ադրբեջանում այս հանդիպմանը հետևած արձագանքներից: Այս պահին կարող ենք ֆիքսել, որ բանակցությունները «մեռյալ կետից» շարժ են արձանագրել, ինչն ինքնին դրական է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել