Ավստրիայի մայրաքաղաքում երեկ տեղի ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Նախագահների շուրջ մեկ ժամ տեւած առանձնազրույցից հետո նրանց են միացել նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Բանակցություններից հետո, հպանցիկ հարցուպատասխանի ընթացքում, նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ նորմալ է գնահատում հանդիպումը: Տեւական դադարին հաջորդած երկկողմ հանդիպման արդյունքները փորձել են ամփոփել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որոնք մասնավորապես նշել են. «Առանձնազրույցի, ապա դրան հաջորդած համանախագահների եւ նախարարների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահները համաձայնել են թափ հաղորդել խաղաղ կարգավորման ձեռքբերմանն ուղղված հետագա բանակցություններին եւ հանձնարարել են արտաքին գործերի նախարարներին՝ համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով: Նրանք պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին»: Տարածված հաղորդագրության մեջ համանախագահները նշում են, որ այս տարվա դեկտեմբերի 5-6-ը Կիեւում նախատեսված ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրերին կկազմակերպեն Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպումներ: Համախագահները նաեւ նշել են, որ մինչեւ տարեվերջ նախատեսում են եւս մեկ անգամ այցելել տարածաշրջան: Սկզբունքորեն նման՝ խիստ զգուշավոր լավատեսություն եւ որոշակի անորոշություն արտացոլող ընդհանրական ձեւակերպումները համապատասխանում են Վիեննայի հանդիպմանը նախորդած իրատեսական կանխատեսումներին, որ բանակցային գործընթացում տեղաշարժի առումով առանձնապես մեծ ակնկալիքներ չարժե ունենալ: Ցանկացած պարագայում, դժվար չէ նկատել, որ կարեւորություն էր տրվում բուն հանդիպման փաստին ավելի շատ, քան թե հանդիպման ընթացքում քննարկված խնդիրներին: Առավել եւս, որ «հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ» չափազանց տարածական արտահայտության տակ, ինչ ասես կարելի է հասկանալ: Իսկ տվյալ դեպքում, առաջին հերթին կարելի է հասկանալ այն, որ բանակցությունների սեղանին կոնկրետ առաջարկություններ կարծես թե չկան: Այսինքն՝ դեռ բանակցությունների օրակարգը հստակեցման կարիք ունի, ինչի համար էլ որոշակի աշխատանք ու միջնորդական ջանքեր են պահանջվում: Միաժամանակ դժվար չէ նկատել, որ համանախագահների ամփոփիչ հաղորդագրության մեջ հիմնականն այն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնել են «թափ հաղորդել բանակցություններին», իսկ եթե ավելի զուսպ՝ պայմանավորվել են, որ էլի կհանդիպեն: Թափ հաղորդելու կոնկրետ հանգամանքներից մեկը, այսինքն՝ հաջորդ հանդիպման խնդիրը, մնացել է առկախ. ինչ-որ մի ժամանակ՝ առաջիկա ամիսներին: Այլ կերպ ասած՝ շատ բան կախված է նրանից, թե հաջորդող «աշխատանքային հանդիպումներում» միջնորդներն ինչ նոր հիմք կնախապատրաստեն ԱԳ նախարարների հետ, եւ արդյո՞ք գործընթացը զուգահեռ խոչընդոտներ չի ունենա՝ այլազան արտաքին ու ներքին զարգացումների տեսքով: Հետաքրքիր է, ի դեպ, որ Վիեննայի հանդիպմանն ընդառաջ առավելապես ակտիվություն էր դրսեւորում ամերիկյան կողմը: Համենայն դեպս, բացի ԱՄՆ նախագահի նամակից ու ավելի վաղ արված հայտարարություններից, հանդիպման նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց է ունեցել ինչպես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, այնպես էլ Իլհամ Ալիեւի հետ: «Վերջին 72 ժամերի ընթացքում ես զրուցել եմ նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի հետ: Շուտով կայանալու է նրանց հանդիպումը: Մենք կոչ ենք անում, որպեսզի գործընթացում առաջխաղացում գրանցվի, եւ մենք կշարունակենք ներգրավված մնալ»,- այդ հեռախոսազանգերի բովանդակության վերաբերյալ հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղարը: Ի դեպ, ուշագրավ է, որ նա դրա մասին խոսել է Վաշինգտոն այցելած Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուի հետ համատեղ ասուլիսում: Վերջինս, իհարկե, չի հապաղել անպոչ գդալի նման մեջ ընկնել եւ իր դարակազմիկ պատկերացումներով քիթը խոթել հարցի մեջ: «Հուսով ենք, որ այս սառեցված հակամարտությունը շուտով կավարտվի՝ խաղաղություն պարգեւելով ոչ միայն Կովկասին, այլեւ դրա սահմաններից դուրս: Ուրախ եմ, որ ԱՄՆ-ն եւ Թուրքիան համակարծիք են այս հարցում: Հուսով ենք, որ նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպումը արդյունավետ կլինի»,- ասել է Դավութօղլուն ու նաեւ նշել, թե հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Թուրքիան խորհրդատվություններ է անցկացնում ինչպես Մինսկի խմբի համանախագահների հետ, այնպես էլ երկկողմ շփումների միջոցով: Թե հատկապես ինչ խորհուրդներ է Թուրքիան տալիս Ադրբեջանին, կարելի է կռահել: Վերադառնալով բուն Վիեննայի հանդիպմանը` նկատենք` Արցախի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացում տեսանելի հեռանկարում դժվար թե լուրջ կամ շոշափելի տեղաշարժեր նկատվեն, որքան էլ որ լավատեսական հայտարարություններ հնչեն աջ ու ահյակ կողմերից: Արժե նաեւ ուշադրություն դարձնել, ահա, թե ինչին: Միջնորդները, համանախագահ տերությունների ներկայացուցիչները, ինչպես, օրինակ, ԱՄՆ պետքարտուղար Քերին, տարբեր փորձագետներ շարունակ խոսում են բանակցային գործընթացում առաջխաղացման կամ դրա անհրաժեշտության մասին: Դժվար է ասել, թե նրանցից քանիսն են այդ մասին խոսում որպես դիվանագիտություն: Բայց նշմարվում է, որ քչերն են ուշադրություն դարձնում առաջխաղացման բացակայության հիմնապատճառներին: Իսկ այդ հիմնապատճառներից մեկն էլ այն է, որ բուն Լեռնային Ղարաբաղը մի տեսակ օտարված է ակտիվ բանակցային անմիջական գործընթացից: Այնինչ, դա էապես անտրամաբանական իրավիճակ է, քանզի Արցախի հայությունն ինքնորոշվել է, ստեղծել իր պետական կազմավորումը, պահպանել այն՝ դիմագրավելով Բաքվի ռազմական ագրեսիային: Եվ հիմա Արցախը անմիջականորեն չի մասնակցում բանակցություններին, որտեղ քննարկվում են ուղղակիորեն իրեն վերաբերող հարցեր: Հետեւաբար քանի դեռ նման մոտեցում է դրսեւորվում, լուրջ առաջընթաց կարգավորման գործընթացում դժվար է ակնկալել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել