1in.am-ը գրում է.

ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման մասին համաձայնագրի կնքումը կարող է տեղի ունենալ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակից դուրս: Բրյուսելն ակնկալում է, որ Ուկրաինան կհասցնի լուծել բոլոր հարցերը մինչ վիլնյուսյան գագաթնաժողովը: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:

«Հարցը բաց է մնում, սակայն մենք կարծում ենք, որ անհրաժեշտ արդյունքների կարելի է հասնել մինչ վիլնյուսյան գագաթնաժողովը: Եվրախորհրդարանի առաքելությունը կշարունակվի մինչ այդ գագաթնաժողովը, որը կլինի հավելյալ խորհրդակցությունների անցկացման լավ հնարավորություն. այնտեղ կլինեն բոլոր անդամ երկրները, նախագահները և վարչապետները՝ արտգործնախարարների ուղեկցությամբ»,-ասել է Էշթոնը:

Նա շահարկում է անվանել ԶԼՄ-ների հայտարարություններն այն մասին, որ Ուկրաինայի հետ համաձայնագիրն, այնուհանդերձ, կստորագրվի Վիլնյուսում, սակայն դրա վավերացման գործընթացը կձգձգվի մինչ Ուկրաինայի կողմից Տիմոշենկոյի հարցի լուծումը:

«Մեր նպատակն է վիլնյուսյան գագաթնաժողովի համաձայնագիրը ստորագրելը: Սակայն մենք պետք է վերջնական վերլուծություն անցկացնենք»,- ասել է նա:

Էշթոնը հրաժարվել է քննարկել, թե որքան ժամանակ կարող է պահանջվել համաձայնագրի ստորագրման համար, եթե այն չկնքվի գագաթնաժողովին: Նրա խոսքով՝ ստորագրման համար պարտադիր չէ սպասել «Արևելյան գործընկերության» հաջորդ գագաթնաժողովին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել