Հայաստանյան ընդամենը հինգ քաքական ուժ է հստակ հայտարարել, որ ընդդիմանում է Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը։ Ես նրանց արգումենտներն ընդունում եմ, ըստ այդմ՝ ինձ համար կարևոր է հնարավոր շարժման ընթացքը։
Խորհրդարանական միակ ուժը, որ չի տեսնում Հայաստանի հեռանկարը Մաքսային միության շրջանակներում՝ «Ժառանգություն» կուսակցությունն է։ Այս կուսակցությունն առայժմ օգտագործում է խորհրդարանական ամբիոնը՝ հավանաբար համարելով, որ հասարակությունը դեռևս խռոված է Րաֆֆի Հովհաննիսյանից՝ հետընտրական «հեղափոխության» ձախողման համար։ Բացի այդ, «Ժառանգությունն» որոշակի քաղաքական ու կազմակերպչական փոշիացում է ապրում՝ պերմանենտ դարձած ներքին խմորումների պատճառով։
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն, ՀՀՇ–ն, «Ազատ դեմոկրատներն» ակտիվ ընդդիմանում են Հայաստանի եվրասիական ինտեգրմանն՝ առայժմ հարցազրույցների, համագումարների, հայտարարությունների ու քաղաքական քննարկումների մակարդակում։
Եվ միայն Պարույր Հայրիկայնն է, որ Մաքսայինին ընդդիմանալու օրակարգով հանրահավաք է հրավիրում, ընդ որում՝ Պուտինի հայաստանյան այցի նախօրեին։
ԱՒՄ-ի ռեսուրսներն ակնհայտ բավարար չեն՝ հասարակության լուրջ համախմբում ցույց տալու համար և, եթե Հայրիկյանը լուրջ քաղաքական գործընթաց է պատկերացնում, պետք է ձգտի գաղափարի շուրջ համախմբել նույն մոտեցումն ունեցող քաղաքական ուժերին։ Սա գուցե նպաստի, որպեսզի շարժմանը միանան անհատներ, քաղաքացիական խմբեր, որոնց համար տեսանելի կլինի պայքարի նպատակը։
Բովանդակային առումով՝ եվրասիական ինտեգրման ընդդիմախոսները պետք է ձգտեն մինիմալ և մաքսիմալ ծրագրերի իրականացմանը։
Իդեալական կլիներ, որ Հայաստանում տեղի ունենար իշխանափոխություն ու իշխանության գային ուժեր, որոնք հրաժարվեին Մաքսային միությանն ինտեգրվելուց և շեշտը դնեին եվրաինտեգրացիայի քաղաքականության վրա։
Սակայն սա անիրատեսական է. եթե նույնիսկ երկրում իշխանափոխություն լինի, չեն չեզոքացվի այն ռեգիոնալ մարտահրավերները, որոնք պարտադրեցին Սերժ Սարգսյանին՝ անելու սեպտեմբերի երեքի հայտարարությունը։
Տեսականորեն կարելի է հասարակական ճնշման միջոցով հասնել նրան, որ Սերժ Սարգսյանը հրաժարվի իր հայտնի հայտարարությունից՝ երկրի զարգացման հեռանկարի հարցը վերապահելով համաժողովրդական հանրաքվեին։
Այս տարբերակը հնարավոր կլինի, եթե անկախության գաղափարի շուրջ տեղի ունենա հասարակական լայն կոնսոլիդացիա, նաև՝ հստակ բանաձևվեն ԼՂ հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանաձևեր։
Եթե սա էլ տեղի չունենա, մնում է չարյաց փոքրագույնի հասցնել եվրասիականության վնասները՝ մինչ կգան լավ ժամանակներ։



