Hartak.am-ը գրում է.
«Հետաքրքիր է՝ մինչ մենք այստեղ «դեմագոգիայով» ենք զբաղված, քանի՞ ընտանիք, օտար ամայի ճամփեքը բռնելով, արտագաղթեց կամ ինչքա՞ն ընտանիքի հայրեր այսօր միայնակ, առանց ընտանիքի գնացին աշխատանք փնտրելու, որը շատ դեպքերում ավարտվում է ընտանիքի քայքայմամբ...»
Այս հարցն իմ մոտ առաջացավ, երբ ես, մի շատ խելացի, բանիմաց մարդու հետ նստած, փիլիսոփայական զրույցի էի բռնվել: Խոսում էինք գրեթե ամեն ինչից` սկսած Հին Հռոմեական պետականաշինությունից, վերջացրած մեր երկրի քաղաքական անց ու դարձից: Երբ ես մի պահ շուռ եկա, հեռուստացույցով աչքովս ընկավ, թե ինչպես էին ինչ-որ հաղորդաշարի շրջանակներում խոսում ու խոսում մի քանի քաղաքագետներ: Դիմացս բացված վիճակում նոթբուքն էր դրած, նայեցի և տեսա, թե ֆեյսբուքյան խմբերից մեկում ինչ բուռն բանավեճ էր գնում…
Այսինքն, խոսում էինք բոլորս: Հանկարծ հիշեցի, որ այսօր երկիրն իր ընտանիքով մշտական լքելու է իմ լավ բարեկամներից մեկը: Հիշեցի և սարսափեցի. մինչ մենք՝ բոլորս, զբաղված ենք բանավեճերով, մարդիկ արտագաղթում են: Բանավեճեր, որոնք հիմնականում դեմագոգիկ բնույթ են կրում: Այո, դեմագոգիկ, քանզի այլ բառ ես չեմ կարող գտնել, որպեսզի որակավորեմ յուրաքանչյուր քաղաքական դիսկուսիան, եթե մարդիկ շարունակում են արտագաղթել… Ի՞նչ է դեմագոգիան. հարգելի ընթերցողներ, հիմա ես փորձեմ ներկայացնել Ձեզ դեմագոգիայի նշանները, և դուք ինքներդ ասեք՝ մեր քաղաքական ակտիվը հիմնականում դեմագոգներից է բաղկացած, թե՞ ոչ...
Ժողովրդավարության մեջ «դեմագոգը» այն քաղաքական գործիչն է, ով, օգտագործելով բնակչության էմոցիաները, անիրազեկությունը և նախապաշարմունքները, ուզում է ձեռք բերել իշխանություն և զարգացնել իր քաղաքական մոտիվները։ Դեմագոգները հաճախակի հակադրվում են որոշումներին, նրանք մեղադրում են բանիմաց հակառակորդի թույլ կողմերը։ Դեմագոգ բառը նշանակում է հասարակ մարդկանց առաջնորդ, դեմոկրատական առաջնորդ։ Սկզբնական շրջանում այն բացասական իմաստով չի կիրառվել։ «Օտար լեզվի բառարանը» (1954թ.) պարզաբանում է «դեմագոգ» տերմինը, որպես «քաղաքական գործիչ, անձ, որը ձգտում է դառնալ հայտնի ոչ հարգի մեթոդներով (ալյասերելով փաստերը և այլն)»։ Դեմագոգը... չի լուսավորում մարդկանց, ում դիմում է, այլ խճճում է վերջիններիս և դնում սխալ ուղղու վրա: Նա որպես հիմք ընդունում է ոչ թե բանականությունը և բարի կամքը, այլ՝ մութ զգացումները և շահադիտական կրքերը: Զրկված լինելով պատասխանատվության զգացումից՝ նա չի ներկայացնում գործի իրական իրավիճակը և բացատրում այն, այլ՝ ներկայացնում է այնպես, ինչպես իրեն է ձեռք տալիս: Հիմա, այսքանից հետո դուք ասեք այսօրվա քաղաքական պանակում քանի՞ քաղաքական գործիչ հանգիստ կարող է դեմագոգ անվանվել…
Հ.Գ. Դեմագոգիան կարող է հետապնդել յուրաքանչյուր նպատակ, բացի ճշմարտությունը բացահայտելու նպատակից, իսկ ճշմարտությունը հետևյալն է՝ երկիրը արտագաղթի շնորհիվ հայաթափվում է:
Կարեն Թումանյան