Newsbook.am-ը գրում է.

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը Facebook սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում զետեղել է ի պաշտպանություն դերասան Վարդան Պետրոսյանի օնլայն պետիցիան և մեկնաբանություն թողել:  «Թանկագին ընկերներ, ՕԳՆՈւԹՅՈւՆ ցուցաբերենք Վարդանին՝ ստորագրելով այս օնլայն պետիցիան, որպեսզի նա ՇՏԱՊ վերադառնա հիվանդանոց՝ ստանալու համար ապրելու համար անհրաժեշտ խնամք: Նա մեզանից յուրաքանչյուրի օգնության կարիքն ունի: ՇՆՈՐՀԱԿԱԼՈւԹՅՈՒՆ»,- գրել է Ազնավուրն իր էջում:  Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Եղվարդ-Երևան ճանապարհին: Միմյանց էին բախվել Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները, մահացել էին: Վարդան Պետրոսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»:  Նոյեմբերի 9-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը: Դերասան, երգիծաբան Վարդան Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:  Հ.Գ. Հիսուն րոպեի ընթացքում Շառլ Ազնավուրի պաշտոնական էջում զետեղված մեկնաբանությունն ու պետիցիան հավանել է 590 օգտատեր և հղումով կիսվել ավելի քան 102 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել