A1plus.am-ը գրում է.
Ոչ-ոքի՝ 3:3 հաշվով ավարտվեց այսօր երիտասարդ քաղաքական, պետական գործիչների և ուսանողների ֆուտբոլային թիմերի միջև հանդիպումը։ Այն կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների առթիվ։

Քաղաքական, պետական գործիչների թիմում խաղացին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Արթուր Գևորգյանը, Սամվել Ֆարմանյանը, Արմեն Բաբայանը և ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը։ Ուսանողների թիմը ներկայացնում էին ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը և ուսանողական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։

Քաղաքական, պետական գործիչների թիմից գոլային հարվածներով աչքի ընկավ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, վերջինս դարձավ դուբլի հեղինակ, իսկ ուսանողների թիմից` կոնսերվատորիայի ռեկտորի օգնական Արամ Մելիքյանը (նա նույնպես դարձավ 2 գոլի հեղինակ) և ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Րաֆֆի Քարամյանը։ Ուսանողների թիմը ևս մեկ գոլ խփեց սեփական դարպասին։ Իսկ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը ստացավ դեղին քարտ՝ մրցավարի հետ վիճելու համար։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ այս խաղը շատ լավ առիթ է շփվել երիտասարդության հետ։ ԱԺ փոխխոսնակը տեղեկացրեց, որ ինքը պարբերաբար խաղում է ֆուտբոլ. «Կարծում եմ, որ քաղաքական գործիչները պետք է կարողանան ժամանակ գտնել սպորտով զբաղվելու համար, որովհետև դեռ հին հույներն էին ասում՝ միայն առողջ մարմնում կարող է լինել առողջ ոգի»։ Է. Շարմազանովն ընդգծեց նաև, որ ինքը մեր ազգային հավաքականի մոլի երկրպագուներից է. «Մենք այսօր եվրոպական մակարդակի ֆուտբոլային թիմ ունենք, և ես ամեն վայրկյան, ամեն րոպե հպարտանում եմ, որ մենք ունենք եվրոպական աստղերի փայլուն եռյակ՝ ի դեմս Յուրա Մովսիսյանի, Արաս Օզբիլիսի և իհարկե, Հենրիխ Մխիթարյանի»։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի 
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել