666

Շարականներից մեկը պատմում է այն մասին, թե ինչպես հրեաների ետևից ընթացող փարավոնն իր զորքով հանդերձ ընկղմվեց Կարմիր ծովի ջրերը: Շատ գեղեցիկ համեմատություն կա այստեղ. իսրայելցիների ջրով անցնելը խորհրդանշում է քրիստոնյաների մկրտությունը, փարավոնը խորհրդանշում է սատանային, իսկ փարավոնի և նրա զորքի ընկղմվելը` սատանայի ու նրա զորքի պարտությունը:
Այժմ խոսենք սատանայի և հակաքրիստոսի ու չարի վերջնական պարտության մասին: Հայաստանում եղավ մի շրջան, երբ որոշ թերթերում հոդվածներ երևացին և շատ մարդիկ էլ սկսեցին խոսել հակաքրիստոսի և նրա նշանի մասին: Սրա պատճառը հիմնականում վերջերս կատարված սոցիալական քարտերի և դրանում մարդուն տրվող համարների նորամուծությունն էր հայ հասարակության մեջ` պնդումով, որ առանց այդ քարտի հնարավոր չի լինի տարեցների համար թոշակ, աշխատողների համար աշխատավարձ ստանալ, նույնիսկ բանկերում կոմունալ վճարումներ կատարել: Առանց սոցիալական քարտի թոշակների պահման և վճարումների արգելման որոշումը գործադրվեց մի կարճ ժամանակ, քանի որ այն հետագայում չեղյալ հայտարարվեց Սահմանադրական դատարանի կողմից: Ոմանք սոցիալական քարտերի կիրառումը նույնացրին Հովհաննու Հայտնության մեջ նկարագրվածի հետ, որտեղ նշվում է, որ մարդկանց վրա պիտի դրոշմվի հակաքրիստոսի նշանը, առանց որի մարդիկ չեն կարող ոչ գնել և ոչ էլ վաճառել (Հայտ. 13.17): Սակայն խուճապի պատճառը հիմնականում Աստվածաշնչի և հոգևոր գրականության ոչ լավ իմացությունն է:
Հեռուստաընկերություններից մեկի կողմից արված հարցումների համաձայն` Հայաստանի բնակչության զգալի մասը Աստվածաշունչ գրեթե չի կարդում: Մարդիկ պարզապես զբաղված են իրենց առօրյա գործերով, իրենց մարմնի կերակուրը հայթայթելով և այս ամենի մեջ մոռանում են հոգևոր կերակրի մասին: Ու այս վիճակով մարդիկ որոշ լուրեր են լսում, սատանայի և հակաքրիստոսի մասին ֆիլմեր են դիտում, այդ իսկ պատճառով առաջին իսկ առիթի դեպքում ընկնում են խուճապի մեջ: Կարծես թե սնահավատության է սպառնում վերածվել նաև 666 թիվը, որը, ըստ Հովհաննու Հայտնության, նեռին բացահայտող թիվ է (13.18):

 Կան մարդիկ, որ անմիջապես ետ են դառնում ճանապարհից, երբ սև կատու են տեսնում, ոմանք էլ անբարենպաստ են համարում 13 թիվը: Ահա այսպիսի վերաբերմունք է արդեն նկատվում նաև 666 թվի հանդեպ: Ինչ խոսք, սա անտրամաբանական է, որովհետև, օրինակ, շատ մարդկանց մեքենաների համարներ կարող են երեք վեց պարունակել, և Հայաստանի ու ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի բազում մարդկանց հեռախոսահամարները կարող են հերթականությամբ երեք վեցեր ունենալ: Բայց սա չի նշանակում, որ մենք այդպիսի մարդկանց պետք է համարենք չարի ազդեցության տակ գտնվողներ, և խզենք մեր կապերը նրանց հետ: Եթե այսպիսի տրամաբանությամբ վարվենք, ապա պետք է մի կողմ դնենք նաև Աստվածաշունչը, որովհետև հայերեն տպագիր Աստվածաշունչն առաջին անգամ լույս է տեսել 1666 թվականին: Գրիգոր Տաթևացին նեռի թիվը բացատրում է հայոց այբուբենի թվային արժեքի համեմատությամբ` ՈԿԶ – 666, որտեղ Ո-ն 600-ն է, Կ-ն` 60-ը, իսկ Զ-ն` 6-ը: Տառերի այս հապավումը նշանակում է` ուրանամ կամավ զԱստուած, այսինքն` Աստծուն կամովին ուրացողներն են նեռեր և չարի հետևորդներ: Տաթևացու բացատրությունը համընկնում է նաև Հովհաննես առաքյալի թղթերում նշվածի հետ. «Ինչպես լսել եք, Նեռը գալու է. բայց արդեն իսկ եկել են բազում նեռեր» (Ա Հովհ. 2.18), «Նա՜ է Նեռը, ով ուրանում է Հորը և Որդուն» (Ա Հովհ. 2.22) «Եվ ամեն մի հոգի, որ չի դավանում Հիսուս Քրիստոսին` մարմնով եկած, նա Աստծուց չէ: Եվ այդ հոգին Նեռինն է, որի մասին լսել եք, թե գալու է և արդեն իսկ աշխարհում է» (Ա Հովհ. 4.3), «Բազում մոլորեցնողներ են երևան եկել աշխարհում. ով որ չի խոստովանում Հիսուս Քրիստոսին` մարմնով եկած, նա մոլորեցնող է և Նեռ» (Բ Հովհ. 1.7): Եփրեմ Ասորին նշում է, որ ողջ մարդկությունը, բացառյալ Քրիստոսին հավատարիմ քչերի, ուրախությամբ պիտի ընդունի Նեռի թագավորությունը: Հովհաննու Հայտնության մեջ նշվում է, որ մարդկանց վրա Նեռի նշանը դրոշմվելու է այն ժամանակ, երբ մարդիկ գիտակցաբար պաշտեն հակաքրիստոսին (13.14-15): Եվ քանի դեռ Նեռի թագավորությունը չի եկել, և ողջ մարդկության մեծամասնությունը հակաքրիստոսին գիտակցաբար չի պաշտում, ավելորդ խուճապի պատճառ չկա: Շատերը կարող են համաձայն չլինել այս կարծիքի հետ: Այդ իսկ պատճառով մենք հիմա կներկայացնենք Ընդհանրական Եկեղեցու մեծագույն Հայրերից մեկի`Սուրբ Հովհան Ոսկեբերանի տեսակետը սատանայի մասին, ըստ որի այնքան էլ պետք չէ վախենալ և սարսափել սատանայից: Մարդկությունը պարզապես պետք է զգոն և սթափ լինի Նեռի թագավորության ժամանակ, որովհետև այն օրերին սատանայի իշխանությունն ավելի է հզորանալու: «Թույլ կամքի տեր մարդը,- ասում է Հովհան Ոսկեբերանը,- կարող է նույնիսկ առանց սատանայի մեղքի անդունդն ընկնել: Այդպիսի մարդը կարող է վնաս ստանալ նույնիսկ Պողոս առաքյալից»: Այդ մասին նշում է նաև ինքը` Պողոս առաքյալը, կորնթացիներին ուղղված իր երկրորդ նամակում (Բ Կորնթ. 10.9-10), ինչպես նաև` Պետրոս առաքյալը (Բ Պետրոս 3.15-16): Շատ հետաքրքիր և մեզ համար արտասովոր ու զարմանալի հրահանգների ենք հանդիպում Պողոս առաքյալի թղթերում: Պողոս առաքյալը հրահանգում, կարգադրում է, որպեսզի մեղավոր մարդուն մատնեն սատանային: Խոսելով Կորնթոսի մեղավորի մասին` Պողոս առաքյալն ասում է. «Մատնեցե՜ք այդպիսի մեկին սատանային` նրա մարմնի կորստյան համար, որպեսզի հոգին ապրի» (Ա Կորնթ. 5.5): Իր սիրելի աշակերտին` Տիմոթեոսին ուղղված առաջին նամակում Պողոս առաքյալը, խոսելով երկու աստվածհայհոյողների մասին, ասում է, թե նրանց մատնեց սատանային, որպեսզի խրատվեն և այլևս չհայհոյեն (Ա Տիմ. 1.20): Ինչպես որ հմուտ բժիշկը կարողանում է օձի թույնից դեղ պատրաստել և հիվանդներին բուժել, ճիշտ այդպես էլ Պողոս առաքյալը հմտությամբ կարողանում է գործածել սատանային` մարդկանց հոգիները բուժելու համար: Սատանան կուրությամբ ցանկանում է բոլորին չարիք պատճառել, առանց իմանալու դա իրեն օգու՞տ է, թե՞ վնաս: «Հավատքի տեր և իմաստուն մարդը,- համոզված է Սուրբ Հովհան Ոսկեբերանը,- կարող է սատանայից նույնիսկ օգուտ ստանալ` նոր հայտնագործումներ անելով և նոր հաղթանակներ ձեռք բերելով»: Հունարենը սատանա բառի համար ունի դիաբոլոս բառը: Այս բառն առաջացել է հունարեն դիաբալլո բայից, որը նշանակում է բամբասել, անպատվել, չարախոսել: Այդ իսկ պատճառով հայերենում սատանա բառին իբրև հոմանիշ ունենք նաև բանսարկու բառը: Սա ցույց է տալիս, որ սատանան չի կարող բռնությամբ որևէ մեկին ստիպել, որպեսզի նա մեղք գործի: Սատանան պարզապես հնարքներ է բանեցնում, գայթակղիչ առաջարկություններ է անում, որպեսզի մեզ իր ձեռքը գցի: Հովհան Ոսկեբերանն ասում է, որ սատանան ցանկանում է, որպեսզի մարդիկ իրենց մեղքերը սատանայի վրա գցեն և ներում չստանան, ինչպես որ Եվան վարվեց: Սակայն մեր մեղքերի համար հիմնական մեղավորը մենք ենք, որովհետև համաձայնվում ենք սատանայի գայթակղիչ առաջարկություններին, մտքերին ու գաղափարներին, ընդունում ենք դրանք և զարգացնում` գործակից դառնալով սատանային: «Տիեզերական անխախտ օրենք կա,- պնդում է Սուրբ Հովհան Ոսկեբերանը,- եթե մարդն ինքն իր դեմ ոչինչ չանի, ապա ոչ ոք չի կարող նրան վնաս պատճառել, ո՜չ նրա թշնամիները, ո՜չ ողջ մարդկությունը, ո՜չ տիեզերքն իր զորությամբ, ո՜չ էլ սատանան իր չար հրեշտակներով հանդերձ: Եվ ոչ էլ այս բոլորը, եթե միաբանվեն, դարձյալ չեն կարող մարդուն վնաս պատճառել, եթե մարդն ինքն իր դեմ ոչինչ չանի»: Եվ սա իմանալով` մենք պետք է ուշադրություն դարձնենք մեր հոգևոր կյանքին: Ե՞րբ եք արդյոք վերջին անգամ եկեղեցի գնացել, ե՞րբ եք վերջին անգամ Սուրբ Հաղորդություն ստացել, ի՞նչ է Հաղորդությունը, ի՞նչ է ասում Քրիստոս այս մասին: Ահա նաև նման կարևոր հարցերի պատասխանների իմացությանը և մեր հոգևոր կյանքին մենք պետք է ուշադրություն դարձնենք: Եվ եթե ապրենք որպես պարզ և անկեղծ հավատացյալներ, ապա մեր օրերում խուճապ առաջացնող ոչ մի լուր կամ խոսակցություն չեն կարող խաթարել մեր հոգու խաղաղությունը, որովհետև մեզ հետ է Հիսուս Քրիստոս, մեզ հետ է Աստված, որին փառք հավիտյանս հավիտենից. ամեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել