Օդիսսեաս Էլիտիս

Օդիսսեաս Էլիտիս
(1911-1996) 

Օդիսսեաս Էլիտիս` հույն բանաստեղծ, նոբելյան մրցանակի դափնեկիր (1979 թ.): Հունական նոր գրականության կենտրոնական դեմքերից մեկը, «30-ականների սերունդ» կոչվող գրական խմբակի անդամ: Խմբակ, որին անդամակցել է նաև հույն բանաստեղծ, նոբելյան մրցանակակիր Յորղոս Սեֆերիսը: Էլիտիսը թողել է հարուստ գրական ժառանգություն, նրա շատ գործեր թարգմանվել են բազմաթիվ լեզուներով:
«Եվ այս տարվա ձեր որոշումը՝ նոբելյան մրցանակով պարգևատրել հանձին ինձ մի փոքրիկ երկրի պոեզիա, ցույց է տալիս, թե որքան ներդաշնակ կարող է լինել մասնակին ընդհանուրի հետ արվեստում, և այն, որ արվեստը միակ ուժն է աշխարհում, որ պահպանում է համամարդկային արժեքները մեր օրերում»:

Ուղենիշեր

ԷԳԵԱԿԱՆ

I
Սերը,
Ծովը
և ալիքների աղեղը նրա,
Եվ երազների ճայերը նրա,
ամենաբարձր կայմը նրա նավաստին է տատանում:

Մի երգ,
Սերը
Եվ երգը նրա,
Եվ ճամփորդությունների հորիզոնները նրա,
Եվ կարոտախտի արձագանքը նրա:

Ամենախոնավ ժառին նրա մի հարսնացու սպասում է
մի նավի:

Սերը,
Նավը նրա
Եվ զրույցների անհոգությունը նրա,
Եվ հույսի առագաստը նրա:
Ամենաթեթև ալիքների վրա մի կղզի է օրոր ասում
եկողին:

 

II

Խաղում են ջրերը
ստվերոտ անցումներում
պատմում են համբույրովն իրենց արևածագին՝
որտեղ է սկսվում
հորիզոնը-

Վայրի աղավնիների ձայները
ցնցում են քարանձավն իրենց:

Երկնագույն զարթոնք աղբյուրի մեջ
Օրվա.
Արևը՝
Մաեստրոն, առագաստ է տալիս
Ծովին:

Շոյանքը վարսերի
անհոգության մեջ քամու-
Զեփյուռ:

Ալիքը լույսի մեջ
վերածնվում է. աչքերը,
որտեղից Կյանքը լողում սահում է
տեսանելիությունից անդին:

Կյանք:

III

Մռնչյուն
համբույր շոյանքին ավազի- Սեր
Երկնագույնը ազատությանը ճայն է
տալիս հորիզոնում
Ալիքները գնում են գալիս՝
Փրփրաշատ տարաձայնություն խեցիների ականջներում:

Ո՞վ տարավ ճերմակությունն ու արևայրուքը,
Ծովի քամին թափանցիկությամբն իր շնչի
Խոնարհվում է երազանքին
Հեռո՜ւ հեռո՜ւ:
Սերը խոստումն է իր շշնջում – Մռնչյուն:

 

ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏ

1

Բոլոր ամպերը երկրին խոստովանվեցին
և նրանց տեղը թախիծն իմ գրավեց

և երբ մազերի մեջ իմ թախծեց
չապաշխարած ձեռքը
կապվեցի կարոտի հանգույցով:

2

Ժամը մոռացվեց երեկոյանալով՝
առանց հիշողության
ծառի հետ անձայն
դեպի ծովը
մոռացվեց երեկոյանալով
առանց թռիչքի
բարձրության հետ անշարժի
դեպի ծովը
երեկոյանալով
առանց սիրո
բերանի հետ անատամ
դեպի ծովը

Եվ ես՝ Խաղաղության մեջ, գայթակղվեցի:

3

Կեսօրը
և միապետական առանձնությունը նրա
և քամիների մտերմությունը նրա
և խիզախ հմայքը նրա

Ոչինչ չի գալիս, որ ոչինչ
չգնա

Բոլոր ճակատները մերկ

Եվ զգացմունքի համար մի բյուրեղապակի:

 

ԵՐԿՐՈՐԴ ԲՆՈՒԹՅՈՒՆ

1

Ժպիտ: Արքայադուստրը ցանկաց,
որ այն ծնվի նռնենիների տոհմածառի տակ:

2
Ժամանակը արագընթաց ստվերն է թռչունների,
Իմ լայն բաց արած աչքերը նկարներիս միջի

Տերևների գերկանաչ երջանկության շուրջ
թիթեռները մեծ արկածներ են ապրում
Նաև՝ անմեղություն

Մերկանում է նրա վերջին սուտը

Քա՜ղցր արկածներ, քա՜ղցր

Կյանքը:

3

Էպիգրամ

Նախքան իմ աչքերը դառնալը լո՜ւյս էիր,
Նախքան իմ սերը՝ սե՜ր,
Եվ երբ քեզ համբույրն իմ գերեց՝
Կի՜ն

 

ՅՈԹ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԷՊՏՈԳՐԱՄՆԵՐ

Ι

Երազներ և երազներ եկան
հասմիկների ծննդյանը
Գիշերներ և գիշերներ՝ ճերմակ
անքնություններին կարապների

Զեփյուռը ծնվում է տերևների մեջ
ինչպես անծայրածիր երկնքում
բյուրեղյա զգացմունքը:
 

II

Մեղմասիրտ աստղազարդ գիշերները լռությունը բերեցին
և լռության ետևում՝ մի մեղեդի կողմնակի՝
սիրերգային,
անցյալի հնչյուններ հմայիչ

Մնում է այժմ ստվերը, որ չքանում է
և խելագար հավատը նրա
և անբժշկելի մռայլությունը նրա – այնտեղ:

III

Նոճիները բոլոր կեսգիշեր են ցույց տալիս
Մատները բոլոր՝
լռություն

Երազի բաց պատուհանից դուրս
կամաց-կամաց սփռվում է
խոստովանությունը՝
ինչպես սահմաններն են ձգվում դեպի աստղեր:

IV

Մի ուս մորեմերկ
ինչպես ճշմարտություն.

Վճարում է իր ճշգրտությամբ
սահմանին այս երեկոյի,
որտեղ թափառում է մեն մենակ
իմ կարոտախտի
թախծուն կիսալուսնի տակ:

V

Անպաշտպան գիշերը գրավվեց հուշերով
սև
կարմիր
դեղին

Բաց թևերը նրա լցվեցին քնով
Սեթևեթ մազերը նրա՝ քամիներով
Աչքերը՝ լռությամբ:

VI

Անըմբռնելի գիշեր՝ դառը առանց վերջ
կոպեր անքուն
մինչ հեկեկոցը, այրվում է ցավը
և մինչ կշռվի, դառնում է քաոս,

դարան մահամերձ,
անօգուտ դեգերումների շարք՝
պարտվելով բախտի ոտքերի առաջ:

VII

Լուսնի պսակը գիշերվա ճակատին,
երբ տարածվում են ստվերները մակերեսին
գործողության

Եվ ցավը՝ չափված ամենաորս ականջով
ակամա հոսում է
գաղափարի մեջ այն, որ ծնվեց մելանխոլիկ
լռակյացությունից:

 

ՊԱՏՈՒՀԱՆ ԴԵՊԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԴԱՐԱՇՐՋԱՆ

I
Գիտե՞ս վարսերն այն, որ քամի են գծագրում, հայացքներն այն,
որ ժամանակին են զուգահեռվում, լռությանը այն, որ ինքն իրեն է զգում:

Ու դու-գիշերային մի հայտնություն, որ դուր է գալիս
անձրևային հայտնություններին, որ դուր է գալիս եռակայմ թռիչքին ծովի:
Դու-անհասանելի հնարավորություն, որ հենց խորտակվում է,
վերելք է ապրում: Փոթորիկ ես ամենահաղթ:

Ա՜խ, ուզում եմ՝ գան հույզեր, որ գայթակղել գիտեն: Կեսճամփին
պատճառաբանությունների իմ կօրհնվեն տրամադրության վայրիվերումները նրանց:
Եվ երբ մեծանան դեպ ի վեր մատանիները, հանկարծակի երկինքը կստանա
գույնն իմ նախավերջին մեղքի

գայթակղվելով նաև միայնակ խոսքերից այս:

 

II
Մի աղմուկ ավարտվում է լսողության սահմանին: Մի թեթևամիտ
կայծակ նետվում է երիտասարդ կրծքի վրա, որտեղ սպառում է անմեկնելի
փայլատակումն իր:

Ցանկությունն ունի շատ բարձր հասակ և իր ափերի մեջ
այրում է բացակայությունը:
Ցանկությունը ծնում է իր ճամփան, ուր ուզում է քայլել: Հեռանում է…
Եվ մի ազգ նրա ուղղությամբ ձեռքերով վառում է հիացմունքի ավարը:

 

III
Ի՜նչ գեղեցկություն. ստացել է ձևն այն մտքի, որը զգացել է,
երբ զգացել է, որ իրեն է ձոնված…

 

IV
Խաղողի այգիներում, որ չունեն տարիք, թաքնվեցին ամառային
հուսալքություններն իմ: Մի տատանում երազի տարավ թողեց դրանք այնտեղ.
առանց հարցնելու: Կույր ցանցերում իր պայթյունավտանգ պտույտն արեց
պարսը մեղուների: Բերաններին գույներ առան հեռացան ծաղիկներից:
Ջրերը առավոտ ծեգին դադարեցրին զրույցներն իրենց գիշերային գաղտնի:
Որպեսզի ոչինչ այլևս չիմացվի:
Եվ սակայն անտեսված բլրակի ետևում այդ մի զգացմունք կա:
Արցունքներ չունի, ոչ էլ խիղճ:

Չի հեռանում չի վերադառնում:

Մի ցանց անտես պահում է ձայնն այն, որ քնեցրել է շատ ճշմարտություններ:
Իր ընթրիքի նարինջների արանքում սահում է երկմտանքը:
Փչում է անհոգ բերանով: Տոնը նրա փայլեցնում է
ցանալի հարթությունները: Կարող է ցանկացած ոք հավատալ անգամ
ինքն իրեն: Զգա ներկայությունը հաճույքի ինչպես իր աչքերի
դուստրերի մեջ: Աչքերի, որոնք ծորում են սիրուց:

հունարենից թարգմանեց Շուշան Կարապետյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել