Հանրապետական կուսակցությունը հերթական անգամ ցույց է տալիս, որ պարզապես թքած ունի հասարակության վրա: Նախ կուսակցությունը Հ. Աբրահամյանի շուրթերով նշում է, որ նիստը չեն բոյկոտի, բայց վերջին պահին հակառակ բանն է ստացվում: Թե ԱԺ նախագահը կուսակցության ներսում ինչ է իրենից ներկայացնում կամ նրա հետ հաշվի նստում են, թե չէ՝ այլ հարց է: Ավելի կարևոր է ՀՀԿ գործելաոճը՝ նախ ընտրեցին սպասել բոլորը հավաքվեն՝ թե՛ ցուցարարները և թե՛ պատգամավորները, որից հետո հայտարարվեց բոյկոտի մասին: Ի՞նչ ասելիք են ուզում հասցրած լինել ժողովրդին. «Եկե՜ք, սատարե՜ք, պլակատ գրե՜ք՝ մեզ համար մեկ է»: Սա՞ է նրանց ասելիքը:

Գործնականում տարբերություն չկա կգային նրանք, թե ոչ, որովհետև գալու դեպքում էլ նախապես որոշվածի օգտին մի անգամ էլ էին քվեարկելու, և արդյունքի տեսանկյունից փոփոխություն չէր լինի, բայց գոնե ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ընդգծված անհարգալից վերաբերմունք չէին դրսևորի ՀՀ քաղաքացու նկատմամբ: Քաղաքացի, ում աշխատավարձը իրենք են տնօրինում:

Իշխող մեծամասնությունը և դրանից սերտաճող այլ պաշտոնյաները մի՞թե չեն գիտակցում, որ քաղաքացիական հասարակությունը վաղ թե ուշ հասունանալու է, գտնելու և համադրելու է ԻՆՉ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ և ԻՆՉՊԵՍ հարցերի պատասխանները, թափ է առնելու ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում և դառնալու է մի ՈՒԺ, որն ի վիճակի կլինի փոփոխություն կատարել: Որքա՞ն կարող է անհրաժեշտության դեպքում լավ պատրաստված և օպերատիվ գործող ոստիկանությունը պաշտպան լինի իրենց: Հենց նույն ոստիկանության աշխատակիցները, ովքեր ևս հասարակության մի մասն ու այս անօրինությունների զոհն են, այդժամ կկանգնեն ձևավորված և հզոր քաղաքացիական հասարակության կողքին:

Գոյություն չի ունեցել  և չի կարող ունենալ հավերժական իշխանություն: Չգիտե՞ն, որ վերջը գալու է, իսկ այսօրվա անօրինությունների զոհերը այդ ժամանակ հոշոտելու են թե՛ իրենց, և թե՛ իրենց ընտանիքներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել