Forbes-ը պարզել է, թե որ երկրներն ունեն տնտեսության զարգացման ամենավատ ցուցանիշները: Դրանց թվում են Ուկրաինան, Հայաստանը, Ղրղզստանը:
Անցյալ տարվա համեմատ ցուցակում էական փոփոխություններ են տեղի ունեցել: Օրինակ, երբեմնի հետնապահներ Գանան և Զիմբաբվեն բարելավել են իրենց տնտեսական օրենսդրությունը և լքել են ցուցակը, իսկ Հայաստանը և Ճամայկան տնտեսական ճգնաժամի պատճառով հայտնվել են ստորին հորիզոնականներում: Մյուս երկրներն, օրինակ Մադագասկարը և Նիկարագուան, կառավարությունների սխալ գործողությունների պատճառով, լիովին արժանի են իրենց հորիզոնականներին:
Ամենամյա ցուցակի կազման համար Forbes-ը գնահատել է 177 երկրների 3 տարիների ընթացքում ցույց տված միջին տվյալները:
Մադագասկար
Բնակչության մեկ շնչին հասնող ՀՆԱ՝ $387
Գնաճ՝ 8,5%

Մադագասկարի ցածր տնտեսական ցուցանիշները հիմնականում պայմանավորված են ներքին քաղաքական իրավիճակներով: 1960թ.-ին Ֆրանսիայից անկախություն ստանալուց հետո երկիրը որոշ ժամանակ բարգաճում էր: Սակայն բնակչության մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն սկսեց ետ մնալ համաշխարհային ցուցանիշներից: Դրա պատճառը 1970-ական թվականներից սկսված դեմոգրաֆիական անհավանական աճն էր: Վերջին երկու տարիների ընթացքում բրնձի մանրածախ գինը կրկնապատկվել է: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի տվյալների համաձայն` ներկայումս երկրի տնտեսության մեծ մասը բարտերային է: Եվ մինչև քաղաքական իրավիճակները չկարգավորվեն, արտասահմանյան ներդրումներ չեն իրականացվի:
Հայաստան
Բնակչության մեկ շնչին հասնող ՀՆԱ՝ $2959
Գնաճ՝ 7%

Հայաստանի տնտեսությունը հիմնականում գոյություն ունի սփյուռքի հաշվին: 2009թ.-ին տնտեսությունը 15%-ի անկում է ունեցել: Հեռանկարներն այնքան էլ ոգևորիչ չեն փոքր հանրապետության համար: Բնակչության մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն երեք անգամ ավելի փոքր է, քան Թուրքիայում, իսկ գնաճը հասնում է 7%-ի: Կարծես թե դա քիչ էր, Ռուսաստանն իր հերթին կրճատել է ադամանդի արտահանումը, ինչով իսկ վնասել է Հայաստանի երբեմն բարգավաճող մշակող արդյունաբերությանը:
Գվինեա
Բնակչության մեկ շնչին հասնող ՀՆԱ՝ $440
Գնաճ՝ 17%

Հարավաֆրիկյան հանրապետությունն ունի բոկսիտների համաշխարհային ռեսուրսների մոտ կեսը, սակայն դա չի գրավում արտասահմանյան ներդրողներին: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կարծիքով` երկրի տնտեսական զարգացումը դանդաղ տեմպերով է ընթանում մի շարք պատճառներով, որոնցից են վատ ճանապարհները, ռազմական հեղաշրջումը և «արտասահմանյան ներդրողների դեմ թշնամական վերաբերմունքը»:
Ուկրաինա
Բնակչության մեկ շնչին հասնող ՀՆԱ՝ $3483
Գնաճ՝ 10%

Երկիրը հարուստ է ռեսուրսներով և անգամ կարող է առաջատար լինել եվրոպական մայրցամաքում, սակայն եկամուտով ետ է մնում նույնիսկ Սերբիայից և Բուլղարիայից: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կարծիքով` դժվար օրենսդրությունը, վատ կառավարումը, պայմանագրերի թույլ պաշտպանությունը և կաշառակերությունը խոչընդոտում են տնտեսության զարգացմանը:
Ճամայկա
Բնակչության մեկ շնչին հասնող ՀՆԱ՝ $5473
Գնաճ՝ 7%

Աղքատության ցուցանիշը վերջին տարիների ընթացքում կրճատվել է երկու անգամ, իսկ գրագիտության աստիճանը բարձրացել է մինչև 88%: Սակայն ճգնաժամը շատ բացասական ազդեցություն է ունեցել Ճամայկայի վրա: Արդեն երկու տարի ՀՆԱ-ն իջնում է 4%-ով, և 2015թ.-ին պետք է բարձրանա միայն 3%-ով: Բարձր գնաճը և վճարային հաշվեկշռի դեֆիցիտը միայն խնդիրներ են առաջացնում զարգացման համար:
Վենեսուելա
Բնակչության մեկ շնչին հասնող ՀՆԱ՝ $9886
Գնաճ՝ 32%

Երկիրն աղքատության մեջ է, չնայած այն փաստին, որ անհավանական բնական հարստություններ ունի: Վենեսուելայի տնտեսության միակ ակտիվ ցուցանիշը ակտիվ հաշվեմնացորդն է: Բայց 32% գնաճը և ՀՆԱ-ի անբավարար աճը վկայում են իշխանությունների սխալ կառավարման մասին:
Ղրղզստան
Բնակչության մեկ շնչին հասնող ՀՆԱ՝ $943
Գնաճ՝ 12,6%

Երկրում աշխատանք չունի բնակչության 11%-ը: Բնական ռեսուրսներով հարուստ այս երկիրը խնդիրներ ունի արտասահմանյան ներդրողներին գրավելու հարցում, քանի որ տեղական բիզնեսի պայմանները չափազանց բարդ են բազմաթիվ ընկերությունների համար:
Սվազիլենդ
Բնակչության մեկ շնչին հասնող ՀՆԱ՝ $3109
Գնաճ՝ 7,3%

Բնակչության աճի արագ տեմպերի և աշխատանք չլինելու հետ միասին աղքատության ցուցանիշը 60%-ից բարձր է՝ չնայած շաքարավազի արտահաման և զբոսաշրջության ակտիվացման տեմպերին: Ավելի քան 30.000 մարդ աշխատում է կարի արդյունաբերությունում:
Նիկարագուա
Բնակչության մեկ շնչին հասնող ՀՆԱ՝ $1197
Գնաճ՝ 9%

Բնակչության մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն երեք անգամ ավելի քիչ է, քան հարևան Սալվադորում: Արևմտյան կիսագնդի երկրորդ ամենաաղքատ երկիրն է Հաիթիից հետո և նույնիսկ այս դեպքում ակտիվորեն խոչընդոտում է օտարերկյա ներդորղների գործունեությանը: Երկրում նաև կան էլեկտրականության լուրջ խնդիրներ, ջրի պակասություն: Համաշխարհային բանկի տվյալների համաձայն` բնակչության գրեթե կեսն աղքատության շեմից ցածր է գտնվում:
Իրան
Բնակչության մեկ շնչին հասնող ՀՆԱ՝ $5493
Գնաճ՝ 15%

Իրանին են պատկանում համաշխարհային նավթի պաշարների 10%-ը, սակայն երկրի տնտեսությունը շատ խիստ վերահսկողություն է սահմանում արդյունաբերության կարևոր բնագավառների վրա, խնդիրներ կան կառավարությունում, և այդ ամենի հետևանքով զարգացման տեմպերը չափազանց դանդաղում են, որը համաշխարհային միջին մակարդակից ցածր է: Բնակչության մեկ շնչին հասնող ՀՆԱ-յի ցուցանիշները ավելի մոտ են պատերազմական երկրի տվյալներին, քան նավթային հարուստ երկրին:
Տվյալներն 2011 թ-ի են:



