1. Սկսնակ լրագրողների համար թիվ մեկ խնդիրը թերևս աշխարհին լրագրողի աչքերով նայել չկարողանալն է, որից էլ բխում է մյուս խնդիրը` որպես լրագրող գրել չկարողանալը: Մեր օրերում այնքան են միախառնվել, միաձուլվել սոցիալական ցանցերն ու մեդիա դաշտը, որ լրագրողներն ինքնըստինքյան վերածվել են բլոգերների: Բայց պետք չէ մոռանալ, որ լրագրողը իրավունք չունի բլոգերի նման գրել: Բլոգերը մարդ է, ով ցանկացած երևույթի մասին կարող է հայտնել իր ԱՆՁՆԱԿԱՆ , ՍՈՒԲՅԵԿՏԻՎ կարծիքը, իսկ լրագրողը միայն իր համար չի գրում, նա հանրությանն է ներկայացնում կատարվածը և պետք է այնպես ներկայացնի, որ իր տեքստով ոչինչ չպարտադրի և եզրակացությունները թողնի ընթերցողին: Բլոգերը կարող է բավարարվել միայն իր կարծիքի ներկայացմամբ, բայց լրագրողը, ոչ: Լրագրողը ցանկացած թեմայի շուրջ պետք է բազմակողմանի ինֆորմացիա հավաքի, հարցազրույցներ անցկացնի փորձագետների հետ, ուսումնասիրի դեմ ու կողմ կարծիքները և, դրանք ընդհանրացնելով, ներկայացնի հանրությանը:
2. Սկսնակ լրագրողները պետք է խուսափեն իրենց նյութերը «հոդվածներ» կոչելուց: Անվանեք նյութ, հրապարակում, գրառում, նոթ, ռեպորտաժ, հարցազրույց և այլն, բայց ոչ հոդված: Հոդվածը վերլուծական լրագրության ժանր է, որը պահանջում է խնդրի բազմակողմանի և խորը վերլուծություն: (Իսկ մեր օրերում մարդիկ անգամ Ֆեյսբուքի ստատուսն են հոդված կոչում)
3. Հրապարակումը, հատկապես եթե այն լրատվական է, պետք է ինֆորմացիոն առիթ ունենա և խորը ուսումնասիրված լինի: Սկսնակ լրագրողների գլխավոր սխալը ձգձգված, «լղոզված» ոճն է: Երկար տեքստ, անիմաստ նախադասություններ ու քիչ փաստեր կամ, ինչպես լրագրողներն են ասում, «լավաշ» նյութեր: Հաճախ նյութերում նկատվում է թեմայի փոքրություն, լրագրողը գրում է այն մասին, ինչ տեսնում է, ինչը իրեն մոտ է ու հասանելի, և երբեք իրեն «նեղություն չի տալիս» դուրս գալ իր հարմարավետության գոտուց և ապրել հասարակության խնդիրներով:
4. Ցանկացած նյութ պետք է հասցեագրված լինի ընթերցողին: Լրագրողը պետք է վստահ լինի, որ այդ տեղեկատվությունը իրոք հետաքրքիր է մարդկանց: Այն պետք է լինի արդիական, հետաքրքիր, նոր և մի փոքր էլ ինտրիգային:
Լրագրողը իր ասելիքը երբեք չպետք է ուղիղ ասի: Չի կարելի ընթերցողին ասել` մարդիկ, խնդրում եմ անօգնական մի թողեք անտուն կենդանիներին, այլ պետք է հոդվածով կարողանալ հասնել նրան, որ ընթերցողն ինքը գա այդ եզրակացությանը: Դուք պետք է կարողանաք այդ խնդրին բոլորովին այլ տեսանկյունից մոտենալ, մարդկանց ցույց տալ այն, ինչը նրանք չեն տեսնում, թե չէ բոլորն էլ տեսնում են փողոցում սառչող անտուն կենդանիներին:
5. Պետք է հստակ սահմանել հրապարակման նպատակը: Լրագրողը նյութը չպետք է խեղդվի էմոցիաների մեջ, էմոցիաներ պետք է առաջանան ընթերցողների մոտ ձեր հոդվածը ընթերցելիս: Մարդկանց որևէ բան հասցնելու համար հարկավոր է ընդամենը ճշգրիտ նկարագրել իրավիճակը, ներկայացնել թվեր, փաստեր և բազմակողմանի մոտեցումներ հարցի շուրջ:
6.Չի կարելի չարաշահել հռետորական հարցերը: Դուք պետք է հստակ հարցադրումներ անեք ու առավել հստակ տաք դրա պատասխանը: Բայց դա չի նշանակում, որ ընդհարապես չի կարելի հռետորական հարցեր օգտագործել, պարզապես դրանք պետք է լինեն տեղին և չափի մեջ:
7. Խորհուրդ չի տրվում նյութի մեջ օգտագործել առաջին դեմքով գրելու ոճը: Դա ավելի շատ բնորոշ է բլոգերին, ոչ թե լրագրողին:
8. Խուսափեք պարզ նախադասություններից` ես կանգնած էի, նա մտավ, նա մոտեցավ...և այլն, դուք առաջին դասարանի շարադրություն չեք գրում: Զարգացրեք ձեր խոսքը ու միտքը (իսկ դրա համար պետք է շատ կարդալ), ինչ-որ մի բան նկարագրելիս օգտագործեք հետաքրիր դարձվածքներ, թևավոր խոսքեր:
9. Ձեր հրապարակումների համար փնտրեք հերոսներ, հարցազրույցներ անցկացրեք, մեջբերումներ արեք այդ հարցազրույցներից, կարողացեք թեման ոչ միայն ձեր մեկնաբանությամբ ներկայացնել: Եվ փորձեք չկրկնել նախկինում հնչած մտքերը, նույն միտքը տարբեր ձևակերպումներով մի կրկնեք:
10. Լրագրողների համար չկան «պետք է» և «չի կարելի», չկան քարացած ձևակերպումները, կա մտքի և խղճի ազատություն, կան կողմնորոշիչներ, փոքրիկ հուշումներ, որոնցից պետք է օգտվել, բայց դրանց գերին չդառնալ:
Հարգեք ձեր ընթերցողներին, սիրեք նրանց և մատուցեք այն, ինչ նրանք ուզում են իմանալ...