Ինձ թվում է` մեր հասարակությունը պիտի սովորի մեկ-մեկ լռություն պահպանել: Լսել ինչ-որ բան ու միանգամից պաշտպանելու/սատարելու/դատապարտելու/պահանջելու (ընտրել համապատասխանող տարբերակը) փոխարեն լռել: ԼՌԵԼ: Սպասել, մարսել, հասկանալ, մտածել, անցկացնել իր անձի միջով, սրտից մինչև գլուխ (եթե դրանք տեղում են):

Աղմուկ է անընդհատ: Անուններ, դեպքեր, միջադեպեր, դժբախտ պատահարներ, երևույթներ, խոսքեր... Մենք ի վիճակի չենք մի նախադասություն անգամ սկզբից մինչև վերջ լսել, նոր կարծիք (կարծիք շատ ճոխ կլինի, ավելի հաճախ՝ անիմաստ բլթոց) հայտնել, էլ ուր մնաց ամբողջ միտք, գաղափար... 

Մարդը կարող է ասել՝ «ես կարծում եմ...» ու էդտեղ արդեն հազար հոգի կողմ ու դեմ կարտահայտվի, իսկ ինչ է կարծում, արդեն էական չի կամ էլ արդեն անըմբռնելի է...

Հազիվ հեռախոսների կամերաներ ու ձայնագրիչ սարքեր օգտագործենք, իրար յութուբ գցենք, որ ոչնչացնենք մեր գաղափարական  (ի՞նչ գաղափար, ո՞ւր է էդքան գաղափար) չէ, մեր հաղորդակցական հակառակորդին (հակառակորդներին էլ ինքներս ենք ստեղծում մեզ համար, որ մեր ապուշ պայքարն իմաստ ստանա)...

Իսկ չի՞ լինի ապրել առանց ուրիշների ու մեր իսկ շվաքի դեմ պայքարելու: Չի՞ լինի ապրել մարդ լինելու համար, ոչ թե դիմացինին մեր պատկերացրած մարդը դարձնելու: Եթե դու խոզ ես, մե՞կ չի քեզ՝ դիմացինդ մաքո՞ւր է, թե կեղտոտ: Չէ՞ որ գարշահոտությունը քեզնից է, քեզ քո սեփական գարշահոտությունն է հասնում, միգուցե՞ դիմացինդ կոկոշանելի բուրմունք է սփռում...

Լռություն, հայե՛ր, ոնց որ մանկապարտեզներում են խմբակային գոռալ տալիս՝ լը-ռու-թյուն, լը-ռու-թյուն... ու հետո բոլորը միանգամից լռում են: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել