Զանգվածային կուսակցությունների արագ «գահավիժման» գործընթացի քննումը ժամանակակից քաղաքագիտության կարևորագույն պրակտիկ խնդիրներից է: Հետաքրքիր է, որ նրանց աստիճանաբար հեռացումը իրական քաղաքական գործընթացներից ունի ինչպես ընդհանուր` ամբողջ աշխարհում գոյություն ունեցող տենդենցներով, այնպես էլ մասնավոր` կոնկրետ երկրի կամ տարածաշրջանի առանձնահատկություններով պայմանավորված պատճառներ:
Այդ պատճառների մանրազնին ուսումնասիրությունը թողնենք նեղ ոլորտային մասնագետներին: Ընդամենը կանգ առնենք երկու` ըստ իս հիմնարար գործոնների վրա, որոնք տիպական են նաև մեր կուսակցական համակարգին: Առաջինը` կուսակցություններում գաղափարական բաղադրիչի թուլացումն է, իսկ ավելի կոնկրետ` այսպես կոչված քաղաքական իդեայի բացակայությունը… Բնականաբար, այդ իդեան ֆորմալ իմաստով գոյություն ունի, սակայն այն կուսակցական «ռասկրուտկայի» համար չի դիտարկվում առանցքային նպատակ, իսկ որոշների համար` անգամ միջոց, քանի որ դրանով այլևս հնարավոր չէ մարդկանց տանել ընտրությունների կամ քաղաքական առևտրին մասնակից լինել: Սրանով է բացատրվում, որ ընդգծված ազատական գաղափարախոսություն ունեցող քաղաքական ուժերը հանկարծ սկսում եմ հանդես գալ սոցինտերնի առաջնորդող կարգախոսներով, իսկ եվրոպամետ կուսակցությունները մեկ գիշերվա ընթացքում արմատապես փոխում են իրենց արտաքին քաղաքական դոկտրինի «կուրսը»` դառնալով ասենք Մաքսային միության ջերմեռանդ ջատագովներ:
Երկրորդ ունիկալ պատճառն առնչվում է կուսակցությունների ներքին ժողովրդավարության խնդիրներին: Անգամ կայացած ժողովրդավարական քաղաքական համակարգեր ունեցող երկրներում, ոչ առանց լուրջ հիմնավորումների փորձագետները արձանագրում են բացահայտ ավտորիտար մոդելով գործող քաղաքական կուսակցությունների առկայություն, որոնցում որոշումները կայացվում են մեկ անձի, իսկ լավագույն դեպքում` շատ փոքրաթիվ կուսակցական գործիչների քմահաճույքով կամ պարտադրանքով:
Սրանք հիմնական պատճառներն են, սակայն կան ոչ պակաս կարևոր` դրանց հետ շաղկապված ենթապատճառներ, որոնք գտնվում են կուսակցություն-համախոհներ և կուսակցություն-իշխանություն տիրույթներում:
Այս իրողությունները զանգվածային կուսակցություններին հարկադրում/հարկադրելու են ընտրել զարգացման այլ` առավել կենսունակ մոդելներ, որոնց մեջ գնալով ավելի մեծանում են կադրային կուսակցությունների դերը: Դրանք, որպես կանոն, ավելի ճկուն քաղաքական միավորներ են, որոնք չունեն քարացած քաղաքական դոգմաներ, իսկ դրանց անդամները նույն տեսակի և նույն տեսլականն ունեցող մարդիկ են, ովքեր պատրաստ են քաղաքական պատասխանատվություն ստանձնել, իսկ կուսակացական-քաղաքական գործունեությունը նրանց համար դիտարկվում է բացառապես պրոֆեսիոնալ առաքելություն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gerasimbarseghyan/posts/253747478112589?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել