Այսօր համացանցում մեծ տարածում գտավ այն լուրը, որ տրանսպորտի թանկացման վերաբերյալ քաղաքական որոշումը արդեն կայացվել է և հիմա արդեն խոսքը գնում է, թե երբ են գործարկելու այն: Ճիշտ է, տեղեկատվության աղբյուրներն անանուն են, բայց ասվում է, որ որոշվել է, որ տրանսպորտը կթանկանա 2014 թվականի հունվարի մեկից: Սա արվում է այն հաշվարկով, որ մարդիկ խառը կլինեն Ամանորյա թոհուբոհով, իսկ մարզերից եկած ուսանողությունը Երևանում չի լինի: Ասվում է նաև, որ քաղաքապետարանում գիտակցում են, որ անգամ Ամանորին սոցիալական բունտի հավանականությունը խիստ բարձր է, և այդ պատճառով, որպեսզի ամորտիզացնեն բողոքի ալիքը, կարող է հայտարարվել ավելի բարձր սակագին, քան 150 դրամն է, իսկ հետո այն կիջեցնեն, բայց ոչ մինչև 100 դրամի:

Աչքի են զարնում միանգամից մի քանի կոպտագույն սխալներ այս պարզունակ հաշվարկում: Եթե այս տեղեկատվությունն իրոք հավաստի է, ապա քաղաքապետարանն ու գծատերերը իրենց ձեռքերով թակարդ են լարում իրենց իսկ դեմ: Մի կողմից, այո՛, Նոր տարվա թոհուբոհն է լինելու, մյուս կողմից էլ, այո՛, մարզերի ուսանողությունը Երևանում չի լինելու: Մյուս կողմից էլ քաղաքապետարանը ձեռնամուխ է եղել հասարակական ճանաչում ունեցող մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելուն, որպեսզի հնարավորինս բացառի քարփուլի կամ այլ նմանատիպ նախաձեռնությունները: Այսօր հայտարարվեց, որ քաղաքապետարան են հրավիրվել հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը, Ալեն Սիմոնյանը և Հայկ Մարությանը, ովքեր նախորդ բողոքների ժամանակ ակտիվագույն գործունեություն էին ծավալել:

Բայց այս ամենը սին է, ու հաշվարկները ոչ մի բանով արդարացված չեն, բացի կեղծ տրամաբանությամբ: Քաղաքապետարանն ու գծատերերը հաշվի չեն առել, որ ժողովուրդը մի անգամ հաղթել է իրենց, հաշվի չեն առել, որ ժողովրդին դուր է եկել ինչպես հաղթանակը, այնպես էլ դրա բերած ուղին: Հաշվի չեն առել, որ հասարակությունում դժգոհությունն այնքան շատ է, որ այդ ողջ բողոքային էներգիան ուղի է փնտրում դուրս ժայթքելու, իսկ տրանսպորտի թանկացումը այն եզակի թեմաներից է, որ կարող է միավորել հազարավոր ու տասնյակ հազարավոր  մարդկանց` անկախ եղանակային պայմաններից ու տոներից, իսկ դժգոհության ալիքը էլ ավելի կահագնանա, որովհետև մեղադրանքներին կգումարվեն «տոներ հարամելը» ու կեղտոտ խաղեր խաղալը:

Այսօր մեծ վստահությամբ կարելի է ասել, որ թանկացման այս փորձը էլ ավելի շռնդալից ձախողում կունենա, քան առաջինը, որովհետև, եթե առաջին անգամ շատերը չէին հավատում, որ ինչ-որ բան անելը ռեալ է, ապա հիմա այդ շատերը տեսել են, որ անհնար բան չկա: Բացի դրանից, չի կարելի բացատրել, որ ներիշխանական գզվռտոցի ականատես կլինենք, ինչպես եղանք անցած անգամ ու ինչ-որ մի էտապում քաղաքապետարանին ու գծատերերին էլի կսարքեն քավության նոխազ ժողովրդի աչքերում: Չմոռանանք նաև, որ պայքարի առաջին դրվագում քաղաքապետարանը բախվեց ընդամենը մի քանի հազար քաղաքացիների միասնական քայլերին, իսկ միլիոնանոց Երևանի պարագայում, մի քանի հազար ու անգամ մի քանի տասնյակ հազար մարդ կարող է հավաքվել, անգամ եթե մարզերից ոչ ոք չլինի` հարկավոր է միայն առիթ ու նպատակ: Այս դեպքում կա թե՛ մեկը, թե՛ մյուսը... Քաղաքապետարանում հաշվի առե՞լ են այս հանգամանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել