Tert.am-ը գրում է.

Դերասան Նարեկ Դուրյանը Հայաստանի Հանրային հեռուստաալիքով հեռարձակվող «Մի րոպե մի բան ասեմ՝ Նարեկ Դուրյանի հետ» հաղորդաշարի հաղորդումներից մեկում անդրադարձել է «հայաֆիկացմանը» ու հարց բարձրացրել, թե՝ «Ինչու ենք մենք՝ հայերս, ամեն ինչ սիրում հայաֆիկացնել, մանավանդ՝ խոսքերը», որը ֆեյսբուք սոցիալական ցանցում քննարկման առարկա է դարձել։ Դրան է անդրադարձել նաև գրող, հրապարակախոս, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանը։ Ստորև ներկայացնում ենք այն։

Ի պատասխան Նարեկ Դուրյանի` հայոց թարգմանական ավանդույթների իմաստն ու խորհուրդը չըմբռնած մարդու հեռուստածամածռության

Թարգմանե՞լ, թե՞ չթարգմանել, այս է խնդիրը

Տարիների ընթացքում թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ քաղաքական անբարենպաստ պայմաններում հայ ժողովուրդը չի կարողացել առավելագույնս օգտագործել լեզվաշինական իր անսպառ հնարավորությունները: Փառք Աստծո, հիմա կան պայմաններ խելամտորեն մաքրելու մեր լեզուն օտարաբանություններից, օտար ոճերից և օտար բառերից:

Լեզվի զարգացման միտումը, պայմանականորեն ասենք, «տերմինային է», այսինքն՝ աշխարհում օրական ստեղծվում են բազմաթիվ տերմիններ գիտության ամենատարբեր բնագավառներում: Եթե մենք չդիմադրենք անխուսափելի տերմինախուժությանը մեր լեզու, ապա մի հարյուր տարի հետո շատ տարօրինակ վիճակում կհայտնվենք: Հայերենը կդառնա կենցաղային մի լեզու՝ հագեցած զանազան լեզուների շիլաշփոթ բառերով: Ամեն օր անհրաժեշտ է լինում անվանել նորանոր իրեր, առարկաներ, երևույթներ ու հարաբերություններ: Այս երևույթը տեղի է ունենում միշտ:

Գիր ունեցող լեզուների մեջ նոր արմատներ սովորաբար չեն ստեղծվում, բայց չէ՞ որ ստեղծվում են բազմաթիվ նորանոր բառեր: Ովքե՞ր են ստեղծում այդ բառերը, ինչպե՞ս են ստեղծվում դրանք: Յուրաքանչյուր մարդ ազատ է նոր բառ ստեղծելու մեջ: Բայց որքանո՞վ նրա ստեղծած բառը համընդհանուր ճանաչման կարժանանա, դա է խնդիրը:

19-րդ դարում հայ մտավորականներն ստեղծեցին բազմաթիվ բառեր, որոնց մի մասը մերժվեց, մի մասն ընդունվեց: Այսպես, թվում է, թե շատ հին բառ է քարափ բառը, բայց այն ստեղծվել է 1890-ական թվերին: Նույնը՝ հեծանիվ, լուցկի, բացառել, հոմանիշ, նույնանիշ և այլ բառերի դեպքում: Անհատական հզոր կամքով Մանուկ Աբեղյանը ստեղծեց բազմաթիվ բառեր և կյանքի կոչեց: Ոչ մեկի մտքով չի անցնում, որ կերպար բառը ստեղծվել է 20-րդ դարում: Նույնը՝ ապար բառը:

Աբեղյանի ստեղծած բառերի մեծ մասը մտել է հայ լեզվի գանձարանը: Ինչպես տեսնում ենք, օտար տերմինները չթարգմանելն անհնար է, եթե չենք ուզում, որ լեզուն դառնա մասնագիտական ժարգոնների մի համախմբություն: Ամեն օր գիտության, տեխնիկայի, մշակույթի բազմաթիվ նոր հասկացություններ են ծնվում և անուն ստանում օտար բառերով, որոնք այդ հասկացությունների հետ ներխուժում են մեր կյանք: Եթե չթարգմանվի, չհայացվի դրանց գոնե մի մասը, ապա լեզուն պարզապես կաղտոտվի կոնգրուենտ (համընկնելի), կոնդոմինիում (համատիրություն), քլիրինգ (չի թարգմանվել), կոմպյուտեր (համակարգիչ), միսըս (գեղեցկուհի), պոպուլիզմ (ամբոխահաճություն) և այլ անճոռնի, անբարեհունչ բառերով:

Երկու ծայրահեղություն՝ ամեն ինչ թարգմանել և ոչինչ չթարգմանել, միշտ կռվել են իրար հետ, այժմ էլ կռվում են, և հաղթում է ոսկե միջինը, և դա լավ է: Շատ անբարեհունչ բառեր, տերմիններ նորացվել են, զորօրինակ՝ կոլեգիա-վարչանի, կապիլյար-մազական, ֆոկուս-կիզակետ, շկալա-սանդղակ, տրաեկտորիա-հետագիծ, մախավիկ-թափանիվ, պարալելոգրամմ-զուգահեռագիծ, կոնդոմինիում-համատիրություն և այլն, և այլն:

Նույնիսկ Տերյանի և Րաֆֆու պես մարդիկ պնդում էին, որ կարիք չկա թարգմանելու պալտո, վելոսիպեդ, գաստրոլ, փեչ, տելեֆոն, տելեգրաֆ բառերը: Բայց հիմա ոչ մեկի մտքով չի անցնում հեծանվին վելոսիպեդ ասել:

Օտար բառը ոչ միայն անբարեհունչ է, այլև մեզ համար հասկանալի ոչ մի տեղեկույթ չունի իր մեջ: Օրինակ՝ համատիրություն բառի մեջ կոնդոմինիում տերմինի նշած հասկացության իմաստը կա՝ «միասին տիրել»: Երբ ասում ենք կոնդոմինիում, ապա հայ մարդու համար որևէ տեղեկույթ չի պարունակում այդ բառը, իսկ երբ ասում ենք համատիրություն, ապա բառի մեջ կա հասկանալի տեղեկույթ՝ «միասին տիրել», որն օգնում է պատկերացնել նշվող հասկացությունը: Կամ խիստ արմատացած մի տերմին՝ կոլեգիա, որն անընդհատ աղավաղված է արտասանվել, շփոթ առաջացրել՝ կոլեգյա, կոլեգիյա, կոլեգա և այլն, հիմա դրա փոխարեն ավագանի բառի համանմանությամբ ստեղծվել է վարչանի բառը: Բագաժնիկ-ի փոխարեն՝ բեռնոց բառը:

Քանի որ կյանքը շատ է արագացրել իր ընթացքը, ապա օտար բառերն էլ շատ արագ են մուտք գործում մեր լեզու: Եվ մեզնից մի մասը փորձում է դրանք թարգմանել, հայացնել, մի մասը վախենում է օտար բառին և նրա արտահայտած իմաստին ձեռք տալ. հանկարծ մի բան չպատահի: Մի մասը զուտ քաղքենիությունից է օգտագործում օտար բառը՝ տպավորություն թողնելու, ամբոխահաճ տրամադրություն ստեղծելու համար, մի մասը՝ օգտապաշտությունից, մի մասը՝ պարզապես ծուլությունից, մի մասը՝ չհասկանալուց և այլն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել