
(Չարենցի անտիպ էպիգրամները բնագրագիտական տեսանկյունից)
Առանձնահատուկ ճակատագիր են ունեցել չարենցյան էպիգրամները՝ թե՛ ձեռագրերի պահպանման, թե՛ դրանց հետագա հրատարակության և հետազոտության առումներով: Անահիտ Չարենցի պատրաստած «Անտիպ և չհավաքված երկերում» (Ե., 1983) ժամանակաշրջանի պահանջների թելադրանքով տեղ չեն գտել այդ ժանրի տասնյակ գործեր, հատկապես նրանք, որոնցում երգիծական սուր բնորոշումներ են տրվում 20-30-ական թվականների պետական-քաղաքական հայտնի գործիչներին և գրողներին:
Դարձյալ ժամանակի թելադրանքով չարենցյան էպիգրամների ամենից «վտանգավոր» մասը հանրությանը հայտնի դարձավ 1980-ական թթ. վերջին և 90-ական թվականներին: Գրաքննության մեղմացմամբ պայմանավորված` այդ գործողության գլխավոր իրագործողը վերստին Դ. Գասպարյանն էր: Զարմանալի է, սակայն, որ սովորաբար ձեռքն ընկած ամեն ինչ որպես նորահայտ ու անտիպ հրապարակելով՝ նա ասպարեզ չի բերել իրապես անտիպ, անհայտ մի շարք էպիգրամներ: Մասնավորապես, նախապատրաստող հրապարակումներում և «Նորահայտ էջեր» գրքում (Ե., 1996) տեղ չի տրվել Չարենցի ամենից սուր և տպավորիչ մի էպիգրամի, որ սկսվում է «Երկու ղեկավար մենք ունենք» տողով: Որքան մեզ հայտնի է, այն երբեք չի տպագրվել նաև հետագայում:
Էպիգրամի ինքնագիրը պահվում է գրականության և արվեստի թանգարանում (Չարենցի ֆոնդ, թիվ 14): Բաղկացած է վեց տողից և թվագրված է «1935. IV. 10»:
Էպիգրամը, որ վերաբերում է Խորհրդային Հայաստանի այդ օրերի երկու բարձրաստիճան պաշտոնյաների, մեջբերենք ամբողջությամբ.
Երկու ղեկավար մենք ունենք,
Երկուսն էլ– վանեցիներ...
Երկուսի էլ կանայք–
Իսրայելացիներ...
Կարո՞ղ է վեհ մի բան
Այս դաշինքը ծնել...
Չարենցը ակնհայտորեն նկատի ունի Աղասի Խանջյանին և Լևոն Արիսյանին (ի դեպ, համապատասխան տետրում այս էպիգրամը դրված է Արիսյանի կնոջը վերաբերող ««Նրա» կնոջը» էպիգրամից անմիջապես հետո):
Նկատի ունենալով Աղասի Խանջյան - Եղիշե Չարենց բազմաբարդ հարաբերությունների էական դերը Չարենցի անձնական և ստեղծագործական ճակատագրում, ինչպես նաև Լևոն Արիսյանի վճռորոշ մասնակցությունը «Գիրք ճանապարհի» ժողովածուի արգելման գործում (վերջինիս արտահայտությունն են նրան պսակազերծող մի ամբողջ շարք էպիգրամներ)՝ չարենցագիտությունը պետք է որ չանտեսեր իմաստային և գեղարվեստական առումներով բավական ինքնատիպ այս գրվածքը: Մանավանդ, որ այն զետեղված է չարենցյան թերևս ամենահայտնի ձեռագիր հավաքածուի մեջ՝ «Բանաստեղծությունների տետրակ» հեղինակային անվանումով սևակազմ նշանավոր մատյանում, որից բազմաթիվ գործեր, այդ թվում էպիգրամներ են տպագրվել թե՛ «Անտիպ և չհավաքված երկերում», թե՛ «Նորահայտ էջերում»: Այսինքն՝ անծանոթ կամ անհայտ մնալու, չնկատվելու գործոնը գրեթե բացառված է:
Զարմանալին այն է, որ չարենցագետը իսկապես էլ ծանոթ է «Երկու ղեկավար մենք ունենք» էպիգրամին և անգամ վկայակոչում է այն, միայն թե ոչ մամուլում, ապա և «Ողբերգական Չարենցը» գրքում լույս տեսած «Խոսքն իբրև զենք կամ էպիգրամների անվրեպ կրակահերթ» ուսումնասիրության մեջ (հմմտ Դ. Գասպարյան, Ողբերգական Չարենցը, Ե., «Նաիրի», 1990, էջ 166-186), այլ դրանից մի քանի տարի հետո լույս տեսած մեկ այլ աշխատանքում: Այդտեղ անտիպ էպիգրամը արդեն հիշատակվում և մեկնաբանվում է խիստ որոշակիորեն. «Չարենցի և Խանջյանի հարաբերությունների վատթարացման վկայությունն են «Մեր նոր ճորտերին» բանաստեղծությունը և «Երկու ղեկավար մենք ունենք» էպիգրամը... Իսկ «երկու ղեկավար» ասելով՝ Չարենցը նկատի ուներ Խանջյանին և Կենտկոմի ագիտպրոպ բաժնի վարիչ Լևոն Արիսյանին, որոնց երկուսի կանայք էլ, ինչպես գրում է Չարենցը, «իսրայելացիներ էին»: «Կարո՞ղ է վեհ մի բան Այս դաշինքը ծնել», երգիծաբար հարցնում է նա նշված էպիգրամում» (Դ. Գասպարյան, Փակ դռների գաղտնիքը, Ե., «Ապոլլոն», 1994, էջ 13-14): Փաստորեն այստեղ մեջբերվում է նաև էպիգրամի վերջնամասը, այլև հղում է տրվում ԳԱԹ համապատասխան ֆոնդին: Այսինքն՝ եթե ոչ ավելի շուտ, 1994-ին արդեն չարենցագետը ստուգապես ծանոթ է էպիգրամի գոյությանն ու բնագրին:
Առավել տարօրինակն այն է սակայն, որ նա այն չի զետեղել անգամ երկու տարի հետո տպագրված «Նորահայտ էջեր» գրքում: Եթե պատճառը լիներ թյուրիմացությունը կամ անուշադրությունը, այն կարող էր տեղ գտնել, ասենք, 2012 թ. «Գիրք մնացորդաց»-ում, որ նույնպես տեղի չի ունեցել:
Հավանական պատճառը պետք է փնտրել բովանդակային իրողությունների մեջ: Որքան էլ արտառոց թվա, հոգեբանորեն կաշկանդիչ դեր կարող էր խաղալ էպիգրամի չորս հերոսների ծագումնաբանության չարենցյան սարկաստիկ մեկնաբանությունը: Կանանց՝ հրեուհի լինելու փաստը՝ գոնե այնքանով, որ հրեուհի էր նաև «Նորահայտ էջերի» հրապարակման շրջանի հայաստանյան գլխավոր ղեկավարի կինը: Բայց ամենայն հավանականությամբ վճռորոշը եղել է Հայաստանի երկու գլխավոր ղեկավարների՝ վանեցի լինելու և դրա անհեռանկարային բնույթի մասին չարենցյան թափանցիկ ակնարկը: Այս անգամ զուգադիպությունը ավելի մերձավոր է, քանի որ ծագումով վանեցի է նաև ինքը՝ անտիպների մասնագետ չարենցագետը: Մտածելու բան է, որ «Փակ դռների գաղտնիքը» գրքի վերոբերյալ դիտարկման մեջ ոչ մի անդրադարձ կամ հիշատակում չկա էպիգրամի միայն մեկ տողի մասին՝ «Երկուսն էլ– վանեցիներ...»: Ավելորդ չէ համեմատության կարգով նկատել, որ Արիսյանի կնոջը ծաղրող ««Նրա» կնոջը» էպիգրամի առաջին տողը՝ «Դո՛ւստր Իսրայելի և կի՛ն վանեցու», «Ողբերգական Չարենցը» գրքում տպագրված է առանց «և կի՛ն վանեցու»արտահայտության (էջ 184): Ի դեպ, էպիգրամն այդտեղ մեջբերված է ամբողջությամբ (զեղչված միակ կիսատողը հասկանալիորեն վերականգնված է «Նորահայտ էջեր» գրքում):
Եղիշե Չարենցն ունի նաև ուրիշ անտիպ էպիգրամներ: Այդպիսի մի քանի գործ առկա է դարձյալ ԳԱԹ Չարենցի ֆոնդում, այս անգամ արդեն գերազանցապես էպիգրամներ ամփոփող 28-րդ թղթածրարում: Բացի այն, որ այդտեղ կան արդեն տպագրված էպիգրամների տարբերակներ, սևագիր տողեր և նշումներ, պահպանվել են նաև մի քանի չջնջված և ընթեռնելի հատվածներ: Եվ քանի որ այս թղթապանակից այլ գործեր տպագրվել են, անտիպ մնացածների անտեսումը գերազանցապես կարելի է բացատրել անմշակ ու հատվածական բնույթով, մասամբ՝ նաև հիշատակվող անուններով: Մասնավորապես դժվարությամբ կարդացվում է Գուրգեն Մահարու անունը, իսկ չջնջված և դյուրընթեռնելի հատվածներում՝ նաև Ստեփան Զորյանի և Սիմոն Հակոբյանի անուն-ազգանունները: Այս անունները հետաքրքրական են գոնե այնքանով, որ հիշյալ դեմքերը հայտնի չեն որպես չարենցյան էպիգրամների հերոսներ:
Ահա 1936 թ. գրված էպիգրամներից մեկը, որ կրում է գրական պայքարով և ժանրով պայմանավորված ակնհայտ չափազանցությունների դրոշմը.
Եվ մի՛շտ գովե՛րգ արյան՝
Մեր Նայիրին Զարյան...
Եվ Ստեփա՛ն Զորյան,
Եվ Հակոբյան Սիմոն–
Երկու՝ վաղո՛ւց քամած՝
Դաշնակցական լիմոն...
Իրապես անհայտ մնացած նման գործերի կողքին 28-րդ թղթածրարում հավաքված են նաև արդեն տպագրված էպիգրամների բնագրային տարբերակներ: Շատ են հատկապես Վ. Նորենցին, Վ. Ալազանին և նրա կնոջը՝ Մարոյին հասցեագրված գործերի վարիացիաները: Օրինակ՝ «Նորահայտ էջեր» գրքում զետեղվել է հետևյալ էպիգրամը.
Հելիկոնում հայկազյան
Այսօր փորսող քնարով
Պովետ է այրն Ալազան–
Եվ դիցուհի է Մարոն: (158)
Ահա և ակնհայտ տարբերություններ ունեցող անտիպ տարբերակը.
Վայ քեզ, Պառնաս սրբազան,
Ուր պոետ է քնարող
Մի ողբացյալ Ալազան
Եվ դիցուհի է Մարոն...
Ի դեպ, դարձյալ «Հելիկոնում հայկազյան» սկզբնատողով, բայց բավական տարբեր շարունակությամբ մի տարբերակ էլ անտեսված է մնացել հենց «Սև տետրում», որտեղից հիմնականում վերցված են «Անտիպ և չհավաքված երկերի», ապա և «Նորահայտ էջերի» էպիգրամների բնագրերը:
Ուշագրավ է, որ չտպագրելով իրապես անտիպ և անհայտ էպիգրամները (կամ տարբերակները), Դ. Գասպարյանը հաճախ որպես իր ձեռքով կատարված առաջին հրապարակում է ներկայացնում գործեր, որ տարիներ, անգամ տասնամյակներ ի վեր հայտնի են ընթերցողներին և չարենցագետներին: Այդպիսին է, օրինակ, «Վարք սրբոց (Հ. Գ. Ք.)» էպիգրամը (143): Գասպարյանի հրապարակումներից մոտ քսան տարի առաջ այդ բնագրի ութ տողերից առաջին վեցը արձակ շարադրանքով մեջբերել է գրականագետ Գարեգին Հովսեփյանը «Չարենցի պոեզիան» գրքում (Ե., 1969, էջ 408): Հայկ Գյուլիքևխյանին ծաղրող այս էպիգրամը 1970-ական թթ. հրապարակվել է ևս երկու անգամ: Դարձյալ առաջին վեց տողերը, բայց արդեն չափածո, ԳԱԹ Չարենցի ֆոնդը հղելով՝ իր հայտնի մենագրության երկրորդ հատորում մեջբերել է Սուրեն Աղաբաբյանը (Եղիշե Չարենց, գիրք 2, Ե., ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1977, էջ 175): Նույնը երկու տարի անց «Եղիշե Չարենցը և հայ հին գրականությունը» հոդվածում մեջբերել է գրականագետ Մայիս Ավդալբեկյանը (Չարենցյան ընթերցումներ, գիրք 4, Ե., Երևանի համալսարանի հրատ., 1979, էջ 257), իսկ 80-ական թթ. կեսին՝ սփյուռքահայ պարբերականներից մեկը («Բագին», 1985, թիվ 2, էջ 41):
Բացի այդ՝ Չարենցի արխիվի հիշյալ տեղում (ԳԱԹ, Չֆ, թիվ 28) պահվում է այս էպիգրամի մի տարբերակը՝ միայն «Հ. Գ. Ք.» վերնագրով: «Սև տետրի» ինքնագրի՝ «Նորահայտ էջեր» գրքում տպագրվածի համեմատ այդ տարբերակի վերջին տողն ունի բնագրային տարբերություն, որ նշված չէ գրքում.
ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Շարունակությունը՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել