Մարդը ծնված օրվանից  իր մեջ կրում է կատարյալ երկու ուժ` տղամարդուն և կնոջը: Այդ երկու ուժերի առաջին կրողները ծնողներն են` մայրն ու հայրը: Եթե մարդը գտնում է իր ծնողներին` երջանիկ է: Իսկ եթե ոչ...Նա փնտրում է...Փնտրում է նրանց ցանկացած հաջորդ անցորդի մեջ... Հորն է փնտրում վարպետների մեջ...Մորն է փնտրում պատահած ուսուցիչների մեջ... Գտնում է հորը լավագույն ընկերոջ մեջ...Կորցնում է, գտնում է, նորից կորցնում: Մորն է գտնում կնոջ մեջ... Կամ ընդհանրապես չի էլ գտնում մորը...Ի վերջո ամբողջ կյանքում նա փնտրում է իր մեջ ապրող և իրենից սկսվող երկու այդ մեծագույն ուժերը... Ու ամենամեծ դժբախտությունը գիտակցելն է, որ երբեք չի ունեցել ու չի էլ գտնելու նրանց, որովհետև ունի շատ ավելի կարևոր բան` լույս:


Սա երևի նրա մեջ ապրող միակ ուժն է, որ չունի ձև, չունի սկիզբ, չունի պատկանելություն, չունի սեռ... Ի վերջո այդ ուժն է պահում նրան կամրջից նետվելուց, երբ կորցրել է ամեն ինչ` չգտնելով հորն ու մորը:

Իսկ եթե այդ ու՞ժն է իր մայրը... Այդ դեպքում ու՞մ է պետք հայրը: Չգիտի: Ցավը այն է, որ անգամ լույսը չգիտի, որ իրեն պետք է նաև հայր, որն էլ չգիտի, որ իրեն պետք է նաև մայր, որն էլ չգիտի, որ մորը գտնելու համար իրեն նախ և առաջ պետք է հայր, որը կունենա մայր, և այդպես շարունակ... Լույսը նրան միշտ ձգում է դեպի իրեն` դեպի կատարելությունը, բայց չգիտի, որ բացի իրենից նա ունի նաև ևս մեկ կարևոր բան, նա ունի հայր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել