1in.am-ը գրում է.
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը նոյեմբերի 4-ին՝ 2014 թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հետաքրքրքվեց՝ արդյոք կառավարությունն ուշադրության կենտրոնո՞ւմ է պահում դպրոցների վերանորոգման և վերակառուցման հարցը:
Պատգամավորը հիշեցրեց, որ ներկայումս կա շուրջ 400 դպրոցի վերանորոգման խնդիր, ընդ որում՝ դրանցից 300-ը հիմնանորոգման կարիք ունի, իսկ հարյուրը՝ կոսմետիկ նորոգման. այս ամենի համար անհրաժեշտ է շուրջ մեկ միլիարդ դոլար:
«Ամեն բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավորներ-կառավարություն հարաբերությունները լարվում են այդ առաջարկների համար: Մենք պետք է ընկնենք կառավարության հետևից, ասենք՝ խնդրում ենք, այդ տարածքում այս մի դպրոցը մտցրեք ծրագիր: Ոչ թե մենք ամեն տարի պետք է սպասենք՝ մեզ ինչքան գումար պիտի հատկացնեն, և մենք որոշենք՝ ինչ ենք անելու, նախորդ տարվա կիսատները ավարտին հասցնենք, այլ տասնամյա ծրագիր ներկայացնենք: Շուրջ երեսուն-քառասուն դպրոց ես գիտեմ, որտեղ անթույլատրելի է դասեր անցկացնելը»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ գերադասելի է՝ մարդիկ իմանան՝ 2025 թվականին իրենց դպրոցը վերանորոգվելու է: Նրա խոսքով՝ իրենք ամեն տարի խաբում են, ամեն ընտրության ասում են, որ հաջորդ տարի այս հարցը լուծելու են, թող իրենց ձայն տան:
Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը պատասխանեց, որ իրականում այդպիսի ռազմավարական ծրագիր ունեն, այն նախատեսված է 15-20 տարվա համար: Նախարարի խոսքով՝ դպրոցների վերանորոգման ժամանակ հաշվի են առնվում դպրոցի սեյսմակայունությունը, վնասվածության աստիճանը, բնակչության խտությունը, համայնքի խոցելիության աստիճանը՝ օրինակ բերելով իր հարազատ քաղաքը՝ Վանաձորը:
«Անընդհատ հարց է բարձրացվում, որ Վանաձորը, Գյումրին, պետք է ունենան գլխավոր հատակագիծ, կամայականություններին պետք է վերջ տրվի: 500 գծամետրի վրա յոթ բուտիկ է կառուցվում, մեկը՝ կարմիր տանիքով, մեկը՝ դեղին, մեկը՝ սպիտակ: 2002 թվականին այն ժամանակվա նախարարը հայտարարեց, որ գումարները հատկացված են գլխավոր հատակագծի համար, ես ուզում եմ պարզել՝ ով է տալիս այդ հատակագիծը»,- ասաց Վ.Բաղդասարյանը:
Քաղաքաշինության նախարարը պատասխանեց, որ Գյումրի քաղաքում մեկ անգամ հատակագիծ ներկայացվել է, գոյություն ունի քաղաքաշինության և ճարտարապետական խորհուրդ, որը հաստատում է այդ հատակագծերը: Հիմա փոփոխման ենթակա են Վանաձորի և Գյումրու հատակագծերը, քննարկումներ են ընթանում:
Նիստը վարող՝ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը նշեց, որ իր տեղեկություններով՝ 110 համայնքի գլխավոր հատակագիծ կա, որ հաստատվել են կառավարությունում: Բաղդասարյանը նշեց, որ ուրախալի է նմանատիպ ծրագրի առկայությունը, բայց ցանկալի կլինի, որ դրանք բյուջեի քննարկումից առաջ լինեն պատգամավորների ձեռքին. եթե պատգամավորներն իմանան, այդ ավելորդ հարցերը լրիվ դուրս կգան: «Ասում եք՝ քննարկման փուլում են դրանք, ես էլ ասում եմ՝ 97 թվականից դրանք քննարկվում են»,- ասաց պատգամավորը՝ միաժամանակ շեշտելով, թե համայնքի ղեկավարին ու ավագանուն, բնականաբար, ձեռք չի տալիս հակատագիծ մշակել, քանի որ հիմա կարողանում են «լավություն անել» մարդկանց: