biohacker

Թիմ Քենոնը համակարգչային ծրագրավորման մասնագետ է Պիտսբուրգից, ով աշխատում է «Grindhouse Wetware» համակարգչային տեխնոլոգիաների ընկերությունում: Նա առանց բժիշկների օգնության և առանց անզգայացման իր մաշկի տակ մեծ էլեկտրոնային չիպ է տեղադրել: Սարքը, որը Քենոնը տեղադրել է իր մաշկի տակ «Circadia 1.0»-ն է` մարտկոցներով լիցքավորվող իմպլանտ, որը Քենոնի մարմնից տվյալներ է հավաքում ու դրանք փոխանցում  Android համակարգով գործող նրա հեռախոսին: 

Քանի որ սերտիֆիկացված վիրաբույժները կհրաժարվեին նման վիրահատություն իրականացնել, Քենոնը դիմել է պիրսինգի ու դաջվածքներ անող մասնագետների օգնությանը, ովքեր սառույց են օգտագործել ցավը մեղմելու համար:
Այժմ, երբ մաշկի տակ տեղադրված սարքը գործում է, Քենոնը նշում է, որ նա մեկ քայլ մոտ է իր մանկության երազանքին: Նա նշել, որ մանկուց բոլորին ասել է` ուզում է ռոբոտ դառնալ, և ավելացրել, որ մեր օրերում ոչինչ արդեն անհնարին չի թվում :

Տեղադրված չիպն, այնուամենայնիվ, այնքան էլ շատ գործառույթներ չի իրականացնում. այն ֆիքսում է Քենոնի մարմնի ջերմաստիճանն ու այն «Bluetooth» կապի միջոցով փոխանցում նրա հեռախոսին: Ինչևէ, սա կենսաբանության ու տեխնոլոգիաների միավորման մի քայլ է, որը հետագայում կարող է ավելի զարգանալ:


Սակայն պետք է նշել, որ Քենոնն առաջինը չէ, ում մարմնի մեջ տեխնոլոգիաներ են տեղադրված: 2010թ.-ի հուլիսին ԱՄՆ 46-րդ փոխնախագահ Դիք Չինիին մարտկոցով լիցքավորվող արհեստական սիրտ են տեղադրել: Բացի այդ, այսօր լայն կիրառություն ունեն միկրոչիպերը, որոնք տեղադրվում են կենդանիների մաշկի տակ:

Շատերն այս կենսաբանական չիպերը համարում են էվոլյուցիայի հաջորդ ալիքը:
Գիտագեղարվեստական գրող, ֆուտուրիստ Ջեյմս Ռոուլինսը, գտնում է, որ կենսաբանության ու տեխնոլոգիաների միաձուլումից բավականին արագ ծնվում է «տրանսմարդկանց» շարժումը: Նա նշել է, որ առաջին քայլը արել է «Google» ընկերությունը` ստեղծելով «Google Glass» ակնոցները: Ակնոցի տեխնոլոգիայով կոնտակտ լինզաներ ստեղծելու համար այժմ աշխատում է նաև մի ճապոնացի գիտնական: Քենոնը պատկերացնում է, որ ապագայում հնարավոր է ավելին, քան մարմնից ինֆորմացիայի տեղափոխությունը համակարգչային տեխնիկային: Նա ասում է, որ ապագայում մարմնի մեջ տեղադրված չիպը կկարողանա ավելի ճշգրտորեն տարբերակել` ինչ է կատարվում օրգանիզմում ու, օրինակ, սթրեսային օրվանից հետո չիպը կկարողանա տեղեկատվությունը փոխանցել տանը տեղադրված համակարգչային տեխնոլոգիաներին, որոնք ավտոմատ կփոխեն տան միջավայրը, կմիացնեն լույսերն ու, օրինակ, կպատրաստեն տաք բաղնիքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել