Հելլոուինի տոնախմբությունը բացարձակ որևէ կապ չունի Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հետ, նաև` մեր մշակույթի և ինքնության հետ: Ավելին` այդ տոնակատարությունը մերժելի և դատապարտելի է, որովհետև փաստորեն մեր հասարակության տարբեր անդամներ, լինելով քրիստոնյա, տոնում են հեթանոսական մի տոն` կամա թե ակամա ներքաշվելով դրա հիմքում ընկած սատանիստական պաշտամունքների մեջ:
Մեր ժողովուրդը չպետք է տուրք տա այդ օտարաշունչ երևույթին, այլ ընդհակառակը պետք է գիտակցաբար մերժի, որովհետև, այն գալիս է տարեմուտին կատարվող կելտական գիշերային խրախճանքներից, որոնք ուղեկցվում էին գինարբուքներով և անբարո տեսարաններով` այն հավատքով, որ այդպիսով վերանում է ողջերի և մեռյալների աշխարհը բաժանող սահմանը: Իսկ զգեստավորվելով չարը խորհրդանշող տարբեր դիմակներով ու գազանների մորթիներով` կելտերը վախեցնում էին ոգիներին, հյուրասիրություն էին պատրաստում` սիրաշահելու նույն չար ոգիներին` հեռու պահելու նրանց իրենց հարկերից:
Ճիշտ է հետագայում տոնը արհեստականորեն զգեստավորեց քրիստոնեությամբ. հեթանոսական տոնախմբության և քրիստոնեական «Բոլոր սրբերի տոնի» ամսաթվերի համընկնումը ակամայից պատճառ հանդիսացավ, որպեսզի կելտական Սամայնի տարրերը հասնեն մինչև մեր օրերը: Տեղեկացնեմ, որ Հայոց Եկեղեցում «Տօն ամենայն սրբոց, հնից եւ նորից, յայտից եւ անյայտից»-ը շարժական տոն է և չի նշվում պարտադիր նոյեմերի 1-ին:
Կարող է զվարճալի է թվում այդ տոնակատարությունը, բայց, հավատացեք, իր բուն խորհրդով իր ավերն այն ակամայից գործում է:
Նյութի աղբյուր՝ http://ter-hambardzum.net/archives/6013
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել