«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Երևանի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունն իրականացվում է Երևանի քաղաքապետի որոշմամբ։ Ուստի, ներքաղաքային երթուղիների վերաբերյալ հարցերով պետք է դիմել Երևանի քաղաքապետարան։
Միջպետական և միջմարզային երթուղիների փոխադրավարձի փոփոխության թույլտվությունը տալիս է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը։
Նախարարության իրավասության տակ են գտնվում միջմարզային և միջպետական 158 միկրոավտոբուսային և 74 ավտոբուսային երթուղիներ։
Այս բոլոր երթուղիներում նախարարության կողմից ձևավորված հանձնաժողովն առանձին-առանձին ուսումնասիրում է ուղեվարձի վրա գազի թանկացման ազդեցությունը։ Արդեն իսկ պարզ է, որ կլինեն երթուղիներ, որտեղ ուղեվարձի փոփոխություն չի լինի։
Հանձնաժողովի կողմից ուսումնասիրությունների ավարտից հետո նախարարությունը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։
Միջմարզային և միջպետական երթուղիներում փոխադրավարձի փոփոխություն առայժմ չի կատարվել։

 
 
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել