Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականների թիմը հարցում է անցկացրել ավելի քան 500 ամերիկացի քրիստոնյաների շրջանում պարզելու համար, թե ինչպիսին են նրանք պատկերացնում աստծուն։ Նրանց ցույց են տվել երեք հարյուր զույգ նկար և առաջարկել են ընտրել այն մեկը, որն, ըստ իրենց, ավելի է համապատասխանում Աստծո կերպարին։ Այնուհետև նրանք համադրել են ընտրված նկարները և ստացել են աստծո միջինացված պատկերը։

Հետազոտության ընթացքում պարզվել է, որ տարբեր խմբեր աստծուն տարբեր բնութագրերով են պատկերացնում։ Օրինակ՝ պահպանողականները նրան առնական սպիտակ տղամարդու կերպարով են տեսնում, ազատականները՝ նրան աֆրոամերիկյան դիմագծեր են վերագրում։ Ամենատարեցները նրան տարիքով են նկարում, երիտասարդներն՝ ավելի երիտասարդ։

Գիտնականները ենթադրում են, որ ավելի հաճախ մարդիկ աստծուն պատկերացնում են իրենց նմանությամբ։ «Մարդիկ հաճախ պրոյեկտում են իրենց հայացքներն ուրիշների վրա. մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ դա վերաբերում է նաև աստծո կերպարին։ Նրանք հավատում են, որ աստված ոչ միայն մտածում է իրենց նման, այլև արտաքինով էլ է իրենց նման»,– ասում է հետազոտության հեղինակներից Քուրթ Գրեյը։

Ձախից աստծո միջինացված պատկերն է, աջից՝ «հակաաստվածի» (կազմված հարցման մասնակիցների կողմից մերժված պատկերների հիման վրա)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել